Եկեք օպտիմալացնենք արդեն իսկ փաստացի միավորված կառավարությունը, նախագահականն ու խորհրդարանը

Եկեք օպտիմալացնենք արդեն իսկ փաստացի միավորված կառավարությունը, նախագահականն ու խորհրդարանը

Մեր իշխանությունները շատ են սիրում օպտիմալացնել բոլոր նրանց, ովքեր զուրկ են իշխանական լծակներից: Միավորել անմիավորելի թատրոնները, բուհերը, գիտական հիմնարկները եւ այլն: Ցանկանում են միավորել նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտներն ու պետական բուհերը: Ինչը պատահի, ինչը հայտնվի նրանց ենթակայության ներքո, ինչը ցանկանան՝ օպտիմալացման անվան տակ միավորում են: Սիրում են նաեւ անցկացնել ատեստացիաներ, որտեղ որոշիչ խոսքն իրենցն է, այլ ոչ թե չեզոք մասնագետներինը: 

Հավաքարարներից պահանջում են օտար լեզվի եւ այլ իմացություններ, իսկ իրենց կուսակիցներից պահանջում են միայն անձնական նվիրվածություն: Եվ եթե նույնիսկ մրցույթ են անցկացնում, եզրափակիչում հայտնվածների թվից ընտրությունը կատարում է հենց ինքը՝ նրանց ապագա «շեֆը»:

Երբ բոյկոտելու համար ընդդիմությունը հեռացավ Ազգային ժողովից, դարձավ հեշտ տեսանելի այն, ինչը միշտ է եղել, բայց ոչ այդքան բացահայտ ձեւով: Այն, որ գործադիր եւ օրենսդիր իշխանությունները փաստացի միավորվել են: Կառավարությունում եւ խորհրդարանում նույն կուսակցության ներկայացուցիչներն էին, որոնք անվերապահորեն ենթարկվում էին իրենց կուսակցապետին: Նույնն է անում նաեւ երկրի նախագահը, ով նույնիսկ եթե ցանկանա էլ, չենթարկվելու իրավասություններ չունի: Այսինքն՝ կատարվել է թաքնված օպտիմալացում՝ առանց անձնակազմերի կրճատման եւ շենքերի վաճառքի: Ընդհակառակը՝ տարիներ շարունակ ավելացել է բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատգամավորների օգնականների ու խորհրդականների թիվը, որոնց քանակը, փաստորեն, օրենքով չի սահմանափակվում: Նաեւ՝ ամեն մի տեղակալ այսօր ստեղծել է սեփական մամլո ծառայությունը: Այսինքն՝ այդ աշխատատեղերն ու դրանց հետ կապված ծախսերը կյանքի են կոչվում ըստ պետբյուջեն սեփական գրպանը համարող մեր ղեկավարների ցանկության: 

Ուզում եմ տեղեկացնել, որ նույնիսկ Ռուսաստանի ցար Նիկոլայ Բ-ի կամ Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի բյուջեներն անսահմանափակ չէին եւ չէին կարող ավելանալ ըստ նրանց ցանկությունների: 

Հարց է ծագում․ ինչո՞ւ չօրինականացնել այդ՝ արդեն իսկ կայացած փաստացի օպտիմալացումը՝ չմիավորել Ազգային ժողովն ու նախագահականը կառավարության հետ: Չէ՞ որ խորհրդարանական ընդդիմության վերադարձը ոչինչ չի փոխելու՝ կառավարության կողմից առաջարկված օրենքները շարունակվելու են ընդունվել վերը նշված ձեւով: Ուղղակի դա կարվի ավելի դիտարժան եւ աշխույժ եղանակով: Կլինեն աղմուկ-աղաղակ, քաշքշուկ, նույնիսկ՝ ձեռնամարտեր: Բայց սկզբունքորեն ոչինչ չի փոխվի: 

Ինչո՞ւ ենք կապկում Արեւմուտքին: Չէ՞ որ մեր իրականությունն ու մենթալիտետն ուրիշ են: Ո՞ւմ են պետք երկրի ղեկավարի, նրա մոտիկ շրջապատի եւ դրանց աջակցող բիզնեսմենների եւ օլիգարխների պատվերներով կառավարությունում գրված օրենքների այդ ձեւական եւ, ի վերջո, հավանության արժանացող քննարկումները խորհրդարանում, որին հետեւում է կոճակների սեղմման ծիսական արարողությունը՝ ըստ վերեւից եկած ցուցումի: Եվ հետո՝ ինչո՞ւ է այդ կոճակ սեղմողների թիվն այդքան մեծ: Մի՞թե հնարավոր չէ այդ նույն եւ նախապես հայտնի արդյունքով գործողությունը կատարել շատ ավելի փոքր անձնակազմով: 

Ո՞ւմ է պետք ՀՀ նախագահի եւ նրա մեծաքանակ աշխատակազմի կողմից այդ օրենքների ձեւական հաստատումը: Մի՞թե նա չհաստատելու հնարավորություն եւ իրավունք ունի: Նախորդ նախագահը մեկ անգամ փորձեց չհաստատել եւ… ո՞ւր է նա՝ իզնութոզն էլ չկա: Ինչո՞ւ է անհրաժեշտ հարյուրավոր մարդկանց ներգրավել այդ ձեւականության մեջ՝ վճարելով նրանց եվրոպական մակարդակի աշխատավարձեր: Բացի այդ, Ազգային ժողովի եւ ՀՀ նախագահի նստավայրի շենքերն էլ պակաս գայթակղիչ չեն, քան ԳԱԱ նախագահության շենքը, որը ցանկանում էր լոպկել ՀՀ նախկին վարչապետներից մեկը: Կամ՝ Բյուրականի աստղադիտարանն իր դենդրոպարկով, որը նույնպես հայտնվել էր հյուրանոցային նոր համալիրներ ստեղծելու սիրահարների նշանակետում: Բազմաթիվ այլ, արդեն իսկ խլված շենքերի մասին լռում ենք:

Համոզված կարելի է պնդել, որ եթե անցկացնենք հանրաքվե, այս առաջարկը կընդունվի համընդհանուր խանդավառությամբ եւ համարյա միաձայն:

Գրիգոր Էմին-Տերյան