Քաղպայմանագրի համաժողովով սկսվեց իշխանափոխության հաջորդ փուլը

Քաղպայմանագրի համաժողովով սկսվեց իշխանափոխության հաջորդ փուլը

Մի քանի պարզ հետեւություն կարելի է անել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողով-համագումարից։   

Հետեւություն 1

Միանգամայն իրավացի է Նիկոլ Փաշինյանը՝ երբ ասում է․ «Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք․․․Մեր կուսակցության վերաբերյալ կան թյուրըմբռնումներ: Մեզ շատ հաճախ անվանում են լիբերալ կամ ցենտրիստ, բայց սա թյուրըմբռնում է, որովհետև մենք կուսակցություն ենք, որ մերժել ենք իզմերը․․․»: Իրոք, գաղափարախոսության իսպառ բացակայությունն է պատճառը, որ մի կուսակցությունում, անգամ կուսակցության ղեկավար կազմում, կարող են ընդգրկված լինել լիբերալն ու պահպանողականը, դեմոկրատն ու սոցիալիստը, հանդուրժողն ու անհանդուրժողը, եւրոպամետն ու ռուսամետը եւ այսպես շարունակ։ Այս գաղափարական «կաշան», որ եփվել է Քաղպայմանագիր կուսակցությունում եւ որի մասին, զարմանալիորեն, հպարտանում է վարչապետը, խոսում է այն մասին, որ մենք ունենք նախկին ՀՀԿ-ին շատ նմանվող իրավիճակ՝ երբ մարդկանց միավորել է կերակրատաշտի՝ իշխանությանը մեջ լինելու «վսեմ» գաղափարը։ Չնայած աշխարհը գիտի կուսակցություն տերմինի միայն մեկ բացատրություն՝ դա միանման հայացքներով մարդկանց միավոր է, որը ձգտում է իշխանության, որպեսզի այդ մեկ գաղափարը կյանքի կոչի։ Եւ իշխանության գալու ձգտումն էլ հիմնված է լինում այդ գաղափարի քարոզի վրա․ մի կուսակցություն համոզում է իր ընտրողին իրեն ձայն տալ, որպեսզի լիբերալ-դեմոկրատական գաղափարները կյանքի կոչի, մյուսը՝ սոցիալիզմի գաղափարախոսությունն իրացնելու համար է ձգտում իշխանության, երրորդը՝ ազգայնականության ջատագովն է, չորրորդը՝ միապետությունն է պրոպագանդում եւ այլն։ Ոչ մի կուսակցություն չի ասում՝ ես որեւէ գաղափարի չեմ դավանում, բայց ինձ քվե տվեք, քանի որ մենք լավն ենք, ազնիվ ենք, երիտասարդ ենք, կոռումապցված չենք եւ այլն։ Այդ հարակից որակներն ու դավանանքը գալիս են լրացնելու բուն գաղափարախոսական հենքին, այլ ոչ թե փոխարինելու։

Հետեւություն 2

Իշխող Քաղպայմանագիր կուսակցությունում յուրօրինակ հարաբերություններ եւ ներկուսակցական դեմոկրատիա է տիրում։ Մի կողմից կուսակցության ղեկավարը գրեթե կենդանի կուռքի կարգավիճակ ունի, որին ոչ մեկը չի համարձակվում առարկել ու քննադատել, մյուս կողմից՝ նա իր ձեւավորած կուսակցության ղեկավար կազմը որոշելու, վարչություն ձեւավորելու լծակներ գրեթե չունի, քանի որ կուսակցությունը փակ քվեարկությամբ է որոշում իր վարչությունը։

Հուսանք՝ չունի, քանզի նման վարչություն անգամ Նիկոլ Փաշինյանը՝ իր բոլոր «բզիկներով» հանդերձ, դժվար թե ուզենար ձեւավորել։  Իսկ վարչությունը վատն է մի քանի պատճառներով։ Նախ, պետք է արձանագրենք, որ կուսակցության ակունքներում կանգնած, ընդդիմադիր ժամանակներում պայքարի ծանր բեռն իրենց ուսերին տարած մարդիկ կամաց դուրս են մղվում կուսակցության ղեկավար կազմից։ Դա եւ Սասուն Միքայելյանի, Լենա Նազարյանի, Զառա Բաթոյանի՝ վարչության կազմում չընտրվելն է, եւ Ալեն Սիմոնյանի՝ ետնապահի դիրքը, եւ Հակոբ Արշակյանի, Վահագն Հովակիմյանի, Վիլեն Գաբրիելյանի առաջ մղվելը, անհասկանալի է Արփի Դավոյանի ու Արմեն Փամբուխչյանի հայտնվելը, Աբովյանի ընտրություններում ձախողված մարզպետի՝ Ռոմանոս Պետրոսյանի տեղը։ Մի բան ակնհայտ է՝ երկրում ՔՊ-ականների ռեյտինգն ու կուսակցությունում ռեյտինգը շատ տարբեր բաներ են։ Ասենք՝ դեկտեմբերին ամենաշատ ձայն ստացած Սասուն Միքայելյանի՝ վարչությունից դուրս մղվելը հենց դա է վկայում։ Եւ սա խոսում է նաեւ նույն ՀՀԿ-ացման սինդրոմի մասին՝ երբ կուսակցականների միջեւ հարաբերությունները կառուցվում են ոչ թե իրենց արած-չարածին, իրենց գիտելիքներին ու հայացքներին համարժեք, այլ ներանձնային անհասկանալի սկզբունքներով, ասենք՝ «լավ տղա է», «կերուխումի ընկեր է», «ինքն ինձ օգտակար կլինի՝ պաշտոն ու լծակներ ունի», «ինքը էսինչ թիմի անդամ է», «սրան պետք է դուրս մղել՝ մեծամտացել է, շատ է առաջ գնացել» եւ այլն։ Ըստ էության, սա էլ է խոսում այն մասին, որ գործ ունենք ոչ թե գաղափարի ընկերների, այլ կերակրատաշտը կիսողների հանրույթի հետ։

Հետեւություն 3

Սպասել, որ այս կուսակցությունը՝ իր ղեկավար կազմով կկարողանա երկրի զարգացման կոնցեպցիա ներկայացնել, ծրագրային բարեփոխումներ անել, զարգացնել տնտեսությունն ու լուծել պետության առաջ ծառացած խնդիրները, կնշանակի մոլորության մեջ լինել, ապրել պատրանքներով։ Այս թիմն առավելագույնը կարող է միջանկյալ անցումային դերակատարում ունենալ՝ ապահովել անցումը հնից նորին։ Երբ հասարակությունն առաջնորդվում է՝ «ով ուզում է լինի, միայն ՀՀԿ չլինի» սկզբունքով եւ երբ զգում է հնին վերադարձի վտանգը ու քվեարկում է չարյաց փոքրագույնի սկզբունքով։ Այս ապաքաղաքական, ապագաղափարական թիմից, որը չի պատկերացնում, թե ուր է տանում երկիրը եւ չգիտի ինչպես կառավարի այն, մենք կարող ենք ակնկալել միայն մեծ սխալներ ու ավերածություններ չանելը եւ թալանի գայթակղության չտրվելը։ Մնացած հարցերում որեւէ ակնկալիք պետք չէ ունենալ։ Եւ ինչքան շուտ հանրությունն ազատվի այդ չարդարացված ակնկալիքներից, այնքան լավ մեզ բոլորիս համար։ Պետք է հաշտվել այն մտքի հետ, որ մենք անցումային փուլում ենք եւ մեծ պահանջներ չդնել երիտասարդ հեղափոխականների վրա՝ նրանք ամենակարեւոր գործն արդեն արել են։ Այժմ պետք է հող պատրաստեն ավելի հասուն եւ ավելի գործնական փուլի անցման համար եւ հենց իրենց շարքերից պետք է դուրս գան նրանք, ովքեր կարող են զարգացման ծրագրեր կազմել եւ բարեփոխումներ իրականացնել երկրում։