Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվելու Հայաստանը Վրաստանի ճակատագրին արժանացնել

Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվելու Հայաստանը Վրաստանի ճակատագրին արժանացնել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

- Պարոն Բաղդասարյան, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 9420 նիստի օրակարգում Լեռնային Ղարաբաղի խնդիրն էր: Առաջին բանախոսը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Ամերիկայի հարցերով տեղակալ Միրոսլավ Յենչան ներկայացրեց դեպքերի զարգացման ընթացքը՝ մեջբերելով պաշտոնական Բաքվի և ռուս խաղապահների տեղեկությունները, և հավելեց, որ ՄԱԿ-ն այդ տարածքում ներկայացված չէ, ուստի չի կարող հաստատել այդ տվյալների արժանահավատությունը: Ղարաբաղի մասին խոսեցին մի շարք երկրների ներկայացուցիչներ: Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին ի՞նչ կարող է տալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հերթական նիստը, եթե նկատենք, սրանից առաջ էլ Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նիստ գումարեց, ինչից շաբաթներ անց տեղի ունեցավ արցախահայերի դեմ հերթական ցեղասպանությունը:

- Այդ նիստը Հայաստանին և ոչ էլ Ղարաբաղին ոչինչ տալ չի կարող: Դրանք փաստացի արդյունք չունեցող նիստեր էին և դա իր հստակ պատճառներն ունի: Ոչ մի պարագայում պետք չէ հայհոյել ու մեղադրել Արևմուտքին, որովհետև սա հստակ քաղաքականություն է և պետք է դրա պատճառն իմանալ, իսկ դրա պատճառը մեծ հաշվով այն է, որ հավաքական Արևմուտքին մեր հարցն այնքանով է հետաքրքրում, որքանով Արևմուտքը գլոբալ առճակատման մեջ է նույն Ռուսաստանի հետ: Նրանք Լեռնային Ղարաբաղի հարցը դիտարկում են բացառապես այդ տեսանկյունից, կարծելով, որ եթե Ղարաբաղում կա հայ բնակչություն, ուրեմն կան նաև ռուս խաղաղապահներ, չի լինի հայ բնակչություն` չեն լինի ռուս խաղաղապահներ: Դրա համար էլ մեծ հաշվով Արևմուտքին պետք չէ Ղարաբաղ, որտեղ կապրեն հայեր: Եթե Ղարաբաղում լինեն էթնիկ զտումներ և տեղահանումներ իրականացվեն, նույն Արևմուտքը «ցավ» կապրի, սակայն կարձանագրի, որ այդ ամենի հետևանքով Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ ավելի են մեծանալու, ինչն իրենց ձեռնտու է: Այնպես որ Արևմուտքից կոչերից զատ ոչինչ ակնկալել պետք չէ:

- Իսկ Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական քայլերը, քաղաքական վեկտորի ակնհայտ փոփոխության գործողություններն Արևմուտքի վրա որևէ ազդեցություն չե՞ն ունենում: Ասում եք, որ Հայաստանն ասոցացվում է ՌԴ-ի հետ, որ չեն լինի հայերը, չեն լինի ռուս խաղաղապահներ, սակայն Հայաստանի իշխանությունները ևս դեմ են ՌԴ-ին: Համենայնդեպս այդպես են ներկայացնում:

- Ազդեցություն ունենում է, Արևմուտքը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ Հայաստանի ջանքերը դեռևս բավարար չեն, այսինքն` Հայաստանը պետք է ավելի վճռական քայլեր անի, օրինակ` ԱՄՆ-ից հստակ ուղերձներ են հնչում, թե ինչ են հասկանում իրենք առավել վճռական քայլեր ասելով: ԱՄՆ-ն պատկերացնում է, որ Հարավային Կովկասը պետք է լինի ոչ թե ՀԱՊԿ-ի կազմում, այլ ՆԱՏՕ-ի: ԱՄՆ-ն ակնկալում է, որ Հայաստանը պետք է վճռական լինի, ռուսական ռազմաբազան դուրս բերի իր տարածքից: Այդ պատճառով էլ նշում են, որ Հայաստանի ջանքերն ընդունում են, սակայն դրանք բավարար չեն, պետք է ավելի համարձակ լինել: Իսկ թե ինչ տեղի կունենա, եթե այդ համարձակ քայլերը լինեն, բոլորիս համար պարզ է: Իսկ ինչ տեղի կունենա, տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ հարևան Վրաստանում, մեկ տարբերությամբ` Վրաստանն ունեցավ քիչ կորուստներ, քիչ տարածքներ կորցրեց` միայն Աբխազիան և Հարավային Օսետիան, մեզ մոտ այլ է լինելու /լինում: Նիկոլ Փաշինյանի պատկերացրած երջանկությունը պարելն ու գինի խմելն է, նրա համար առաջնայինը դա է: Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանի մոտ չի ստացվելու Հայաստանը Վրաստանի ճակատագրին արժանացնել: Իսկ եթե մի իշխանություն իր առջև խնդիր է դնում, որի իրագործման հավանականությունը զրո է, այդ իշխանությունը չպետք է պետություն ղեկավարի, քանի որ քաղաքականության մեջ անհավանական խնդիրներ ծրագրելը մեծագույն սխալ է: Մեր իշխանությունները համառորեն մեզ հենց այդ ճանապարհով են տանում և այդ համառության հերթական դրվագից հետո Հայաստանի և Ղարաբաղի գլխին հերթական աղետն է բերվում:

- ՄԱԿ-ի անվտանգության խորհրդր նիստի ընթացքում կարծիքներն ամեն դեպքում շատ տարբեր էին: Հնչեցին թվացյալ հայամետ և հակահայ դատողություններ: Օրինակ` Հունգարիան վետո է դրել Եվրամիության կողմից Ադրբեջանին դատապարտող համատեղ հայտարարության վրա, չնայած նրան, որ Հայաստանը պարբերաբար Հունգարիայի հետ փորձում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել:

- Այստեղ չկա հայ-հունգարական հարաբերությունների խնդիր: Խոսքը ռուս-հունգարական հարաբերությունների մասին է: Հունգարիան սովորաբար հենց այսպես վարվում է, երբ խոսքը վերաբերում է ՌԴ-ին: Հունգարիայի դիրքորոշումները շատ հաճախ Արևմտյան Եվրոպայի դիրքորոշումից տարբերվում են, որովհետև նրանք առաջնորդվում են իրենց շահերով, համարելով, որ պետք է Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ ունենալ: Հունգարիայի դիրքորոշումը մեծ հաշվով շատ չի տարբերվում Ռուսաստանի դիրքորոշումից: Ռուսաստանի ներկայացուցչի ելույթն էլ ավելի շատ պրոադրբեջանական էր, քան պրոհայկական: Այնպես որ խնդիրը հայերի հետ չէ, խնդիրն այն է, որ տվյալ երկիրն իր շահերը պատկերացնում է այլ պետության հետ:

- Փաստացի ստացվում է, որ բոլորն, անգամ ՌԴ-ն, ադրբեջանամե՞տ են:

- Ռուսաստանն Ադրբեջանին փորձելու է օգտագործել որպես մահակ Հայաստանի Հանրապետության դեմ և այդ մահակի միջոցով Հայաստանին փորձելու է ստիպել վերջնականապես երես թեքել Արևմուտքից ու առհասարակ մոռանալ այդ մասին, իսկ Ադրբեջանին դա ձեռնտու է: Ադրբեջանը փորձում է քայլ առ քայլ հասնել իր նպատակներին` Արցախ, Սյունիք, հետո էլ Հայաստանի տարածքում իրենց փախստականների վերադարձ ու այդպես շարունակ: Այնպես որ այսօր համընկնում են Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը:

- Այս պայմաններում Հայաստանը դիմում է Հաագայի դատարան, ՄԻԵԴ: Ինչ-որ սպասելիք ունե՞ք այդ առումով, եթե հաշվի առնենք, որ մեկ անգամ Հաագայի դատարանի վճիռն Ադրբեջանը պարզապես անտեսեց:

- Միշտ այդ կառույցներին պետք է դիմել, բայց ես մեծ ակննալիքներ չունեմ: Եթե Արևմուտքը ցանկանա ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա, ապա դրա ձևերը շատ հստակ են, առանց դատարանի վճիռների: