ՀՀԿ-ի օրոք վայելել է, հիմա էլ ՔՊ-ի թեկնածուն է․․․

 ՀՀԿ-ի օրոք վայելել է, հիմա էլ ՔՊ-ի թեկնածուն է․․․

Կադրերն են պետության ողնաշարը և շարքային քաղաքացին պիտի հասկանա, թե  այս կամ այն կադրը ինչի՞ համար է նշանակվում որևէ պաշտոնի։ Եթե չհետաքրքրվի, դա մոտավորապես նույնը կլինի, երբ շենքը կառուցելուց չիմանա՝ ինչ ամրության, խտության հումք է օգտագործում։

Հեղափոխությունից հետո, երբ կադրերի նշանակումից բողոք էր լինում, սվաղում էին՝ միայն թե մաքուր լինի, միայն թե նրանցից չլինի։ Ու ստացվեց այն, ինչ ունենք։

Հիմա էլ նույնը շարունակվում է իրավական դաշտում։ Շատ կարևոր հենասյուներ են պետական բարձրագույն որոշ կառույցներ։ Ամենայն լրջությամբ պետք է հետևել,  թե ով է մեր երկրում նշանակվում արդարադատության նախարար։ Ովքե՞ր են ընտրվում ԲԴԽ անդամներ, սահմանադրական դատարանի դատավորներ, նախագահ։

Ազգային ժողովում անցկացվում  են կադրեր՝ (ընտրություն բառն այս դեպքում տեղին չեմ համարում գործածել)՝ ներկայացվելով որպես «Իմ քայլի» թեկնածու։ Նոր ընտրվածներին կփորձեմ ներկայացնել, որպեսզի հասկանալի լինի որոշ չափով, թե ինչ ուղղությամբ է զարգացվելու, տարվելու երկիրը։

Վիգեն Քոչարյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Հայտարարվեց, որ «Իմ քայլի» թեկնածուն է, բայց աշխատել է նախկինների օրոք, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ է եղել, արդարադատության փոխնախարար նշանակվել է նրանց օրոք (2015թ)  ու դժգոհ չի եղել, ղեկավարների հետ մտերմիկ լուսանկարներն են հուշում, հանդիպումները, տեսանյութերը։ Մի տեղ նույնիսկ տեսա, որ ՀՀ Երրորդ նախագահի լուսանկարն է փակցված պատին, որի ներքո երջանիկ ժպիտով  նկարվել է։ Նախկինների օրոք ինքն էլ պատկառելի ունեցվածք է ունեցել՝ գրանցված առանձնատներ, բազմաբնակարան շենքում տարածք։ Ունեցել է նաեւ հնաոճ արվեստի իրերի եւ նկարների հավաքածու: Հայտարարագրում գրված չէ, թե խոսքը ինչ արժեքի իրերի մասին է, դրամական զգալի միջոցներ։ Ինչևէ, ՀՀԿ-ի օրոք ունեցել է արդարադատության փոխնախարարի պաշտոն և ինչպես մյուս պաշտոնյաներն են ապրել, ինքն էլ ոչ մի բանով ետ չի մնացել նրանցից։ Այս պարագայում նա հայտարարում է․ «Ես երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել․․․»։ Այսինքն՝ լռեք, ապրել, օգտվել, վայելել եմ, բայց չեք կարող ասել, որ ես կիսել եմ նրանց հայացքները, որ ես նրանցից եմ։

ՔՊ-ն ինչու՞ կանգ առավ նրա վրա։ Նրան համարեց յուրային, իր թեկնածուն։ Ինչու՞ մյուսներին, որ ՀՀԿ-ի ժամանակ պաշտոններ են զբաղեցրել, միկրոսկոպով է նայում, այս դեպքում՝ ոչ։ Մի քանի օր է՝ ուշադիր հետևում եմ, թե հայաստանյան ինչ շրջանակների հետ է աշխատել նորընտիրը և տեսնում եմ, որ այդ շրջանակում լայնորեն ընգրկված են քաղաքացիական շատ ակտիվիստներ, հասարակական կազմակերպություններ, որոնք կապված են դրսի հետ ու ֆինանսավորվում են դրսից ՝ իրավունքի բնագավառում ինչ որ ծրագրեր իրականացնելու։

 

Կարծում եմ շարքային քաղաքացին իրավունք ունի հասկանալու՝ իրավական դաշտի  այս նոր փոփոխություններով ու՞ր ենք մենք գնում։ Ով ինչ ծրագիր իրականացնելու համար է նշանակվում։ Չգիտեմ ինչու, հիշեցի հին պատմությունները, երբ ամուսնանում ու նոր էին իմանում, որ իրենց կողակիցը խուլ է, համր  կամ էլ գիժ։

․․․ Ու չէին կարող բաժանվել։

Այս վիճակում ենք։