Ես ո՛չ թիմ եմ փոխել, ո՛չ ճամբար, ես իմ գաղափարներին եմ մնացել

Ես ո՛չ թիմ եմ փոխել, ո՛չ ճամբար, ես իմ գաղափարներին եմ մնացել

Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Վանո Սիրադեղյանի հին ընկեր Վահագն Խաչատրյանից երեկ հետաքրքրվեցինք՝ ի վերջո պարզվե՞ց, թե որտեղ էր գտնվում Վանո Սիրադեղյանն այս 20 տարիների ընթացքում, եւ որտեղից է նրա աճյունը տեղափոխվել Հայաստան։
«Չգիտեմ, ես չեմ հետաքրքրվել»,- եղավ պատասխանը։

- Բայց Դուք թաղման հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամ եք եղել, կառավարության անդամ եք, ի վերջո, առաջին գծում կանգնած այն պաշտոնյաներից եք, որոնք պետք է որ տեղյակ լինեին։ Էլ չեմ ասում, որ Վանո Սիրադեղյանն էլ, ինչպես Դուք եք պնդում, Ձեր ընկերն է եղել։

- Հասկացա, բայց էն տեղեկությունը, որ կար՝ հնարավորին չափ տվել են, դրանից ավել չեն տվել։

- Ինչ-որ գաղտնի բա՞ն կա դրանում։

- Չէ, գաղտնի բան չկա այնքանով, որքանով որ ինֆորմացիա կա, որին երեւի մենք չպիտի տիրապետենք։

- Ուզում եմ հասկանալ՝ Վանո Սիրադեղյանի կերպարի, նրա անհետանալու ֆենոմենի մեջ ի՞նչ խորհրդավորություն կա, որ մինչ օրս չի բացահայտվում։

- Հենց էդ խորհրդավորությունը, թե ինչ կարգավիճակով է ինքն էսքան ժամանակ ապրել դրսում։ Ես համոզված եմ՝ ժամանակը կգա, էդ ամեն ինչը կբացվի, եւ էն մարդիկ, ովքեր իրավունք ունեն, կասեն։

- Չե՞ք փորձել հետաքրքրվել։

- Չէ, հավատացեք՝ էս քսան տարիների ընթացքում ես փորձել եմ էդ ամեն ինչից հեռու մնալ, բացի մի հարցից՝ առո՞ղջ է, առո՞ղջ չէ։ Ինքս շատ կարճ ժամանակ էդ վիճակում հայտնվել եմ ու գիտեմ, որ ինչքան քիչ ինֆորմացիա են իմանում․․․

- Ինչպիսի՞ իրավիճակում։

- Որ կարիք կար թաքնվելու․․․ 2008-ից հետո։ Համեմատելու չէ, իհարկե։ Էնտեղ էսպես է, եթե ինֆորմացիա քիչ է լինում, քիչ մարդիկ են իմանում, ուրեմն քո անվտանգությունն ավելի ապահովված է։

- Բայց հիմա Վանո Սիրադեղյանն այլեւս անվտանգության խնդիր չունի։

- Հասկացա, բայց ես համոզված եմ, որ ինչ-որ մի ժամանակ հետո մարդիկ կլինեն, որոնք իրենց իրավունք կվերապահեն, այդ թվում՝ հարազատներից, որ լրացուցիչ տեղեկություններ կտան։ Ամենայն հավանականությամբ, ինչ-որ խնդիրներ կան, որոնց մասին ես էլ պիտի չիմանամ, Դուք էլ պիտի չիմանաք։

- Նրան իսկապե՞ս Վրաստանից են տեղափոխել Հայաստան, ինչպես գրվեց մամուլում։

- Դա էլ չեմ կարող ասել, ես տեղյակ եմ, որ ասել են՝ արդեն Երեւանում է, եկել՝ Օպերայում եմ տեսել։

- Իսկ դագաղը բացվե՞լ է, մարդիկ կա՞ն, որ տեսել են նրան։

- Չէ, ինչ-որ մարդիկ տեսած կլինեն, բայց ոչ էստեղ՝ Երեւանում, որովհետեւ հնարավոր չէր։

- Ի դեպ, մեր նախորդ հարցազրույցի ժամանակ, երբ ասացիք՝ Վանո Սիրադեղյանը Ձեր ընկերն է եղել, դրանից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի թեւին պատկանող լրատվամիջոցում Ձեզ քննադատեցին, թե Դուք իրավունք չունեք Վանոյից խոսել եւ այլն։ Եվ, ընդհանրապես, երբ Դուք դարձաք այս կառավարության անդամ, Տեր-Պետրոսյանն ու իր թիմը քննադատեցին Ձեզ՝ ներկայացնելով դավաճանի պիտակով նաեւ։

- Դա իրենց գործն է։ Ինձ համար դա խնդիր չէ։

- Ոչ մի հիմնավոր բան չե՞ք տեսնում դրա մեջ, ի վերջո, Դուք թիմ եք փոխել կամ ճամբար եք փոխել։

- Չէ, ես ո՛չ թիմ եմ փոխել, ո՛չ ճամբար եմ փոխել։ Ես իմ գաղափարներին եմ մնացել։ Ես անում եմ էն, ինչ արել եմ էն ժամանակվանից, երբ որ ինձ գիտեն։

- Ձեր գաղափարներին եք մնացել, բայց այն ժամանակ այդ գաղափարներով Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին էիք կանգնած, այսօր՝ Նիկոլ Փաշինյանի։

- Իսկ Նիկոլ Փաշինյանն ո՞ւր է եղել, ես որտե՞ղ եմ եղել, մենք՝ բոլորս, մի թիմի մեջ ենք եղել։

- Հիմա Նիկոլ Փաշինյանն առանձնացել է, ուրեմն գաղափարական տարբերություն կա, չէ՞, նրանց միջեւ։

- Չէ, Նիկոլ Փաշինյանն առանձնացել է նրանով, որ Նիկոլ Փաշինյանն իր ծրագրերի, քաղաքական գաղափարների իրականացման ճանապարհը գտել է էս ձեւով ու ստացել է հնարավորություն էդ գաղափարներն իրականացնելու։

- Դուք Տեր-Պետրոսյանի քննադատություններում՝ ուղղված Փաշինյանին, որեւէ օբյեկտիվ հիմք կամ պատճառ չե՞ք տեսնում։

- Ես ասել եմ, որ Տեր-Պետրոսյանին չեմ մեկնաբանում։

- Ինչո՞ւ, անձեռնմխելի՞ է։

- Չէ, ինչ-որ ստանդարտներ կան ինձ համար, որ իմ կյանքում սահմանել եմ։

- Իսկ Փաշինյանի ասածները, արածները մեկնաբանո՞ւմ եք։

- Ի՞նչ առումով։ Փաշինյանը հրապարակում է, ասում է։

- Եվ քննադատում է Տեր-Պետրոսյանին։ Դուք համաձա՞յն եք այդ քննադատություններին՝ ուղղված առաջին նախագահին։

- Նայած՝ այդ քննադատություններն ինչ մասով են։ Էդ էլ գաղափարական մոտեցումների հարց է, խնդիրների լուծման տարբերություն, որը կարող է լինել։

- Ամեն դեպքում, Լեւոն Տեր-Պետրոսյանը Ձեր, Վլադիմիր Կարապետյանի մասով ասել էր, որ ձեր արածը դավաճանություն է, ճամբարափոխություն կամ առնետավազք։

- Իրեն հարցրեք դա։

- Ինքն իրենն արդեն ասել է, էլ ի՞նչ հարցնենք իրեն։

- Ես որեւէ մեկնաբանություն չունեմ, իրեն հարցրեք, էդ խնդիրն իրենն է, իմը չի։

- Ազնի՞վ էր Ձեր քայլը Տեր-Պետրոսյանի հանդեպ, Ձեր նախկին թիմի հանդեպ, եւ գալ մի թիմ, որին մեղադրում են դավաճանության, Արցախը հանձնելու, հազար ու մի մեղքերի մեջ։

- Միանշանակ ազնիվ էր․․․ Դե հիմա, բոլորին էլ կարող են մեղադրել։ Էդ նույն թիմին ամեն ինչի մեջ էլ կարող են մեղադրել, ինձ էլ կարող են մեղադրել։

- Եվ մեղադրում են։

- Դե, թող մեղադրեն։ Ես իմ գործն եմ անում։ Ես գիտեմ՝ ինչի համար եմ եկել կառավարություն եւ էդ կառավարությունում անելիք ունեմ, դա եմ անում։

- Այն կառավարության, որին մեղադրում են երկիրը կործանելու մեջ։

- Այո, նաեւ էդ կառավարության, որովհետեւ ես էլ եմ պատասխանատու էդ կառավարության մեջ։

- Այսինքն՝ վաղը, եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, իրեն կանգնեցնեն գնդակահարության պատի տակ, Դուք է՞լ եք պատրաստ կանգնել։

- Դե, եթե ես էլ եմ մեղավոր, իհարկե։

- Դե, եթե այս թիմի անդամ եք, ուրեմն ավտոմատ Դուք էլ եք մեղավոր։

- Դե, իհարկե, նույնն էլ 90-ականների թիմի անդամ եմ, եւ եթե էնտեղ էլի ինչ-որ մի բան էն չի եղել, ես էլի պատասխանատու եմ։ Էն տարիներին, երբ որ ես եղել եմ քաղաքապետ, նախագահի խորհրդական, երբ որ եղել եմ ԱԺ պատգամավոր, ինչ որ եղել է, ես դրա մասով իմ պատասխանատվության մասն ունեմ, իհարկե։

- Այդպես բանավոր ասում եք, բայց ոչ ոք գործնականում որեւէ պատասխանատվություն չի կրում՝ ո՛չ քաղաքական, ո՛չ իրավական։

- Ասեք՝ չափանիշը ո՞րն է պատասխանատվության։

- Գնալ ինքնակամ կանգնել գնդակահարության պատի տակ։ Չափանիշը դա է։

- Դա ի՞նչ է նշանակում։

- Նշանակում է՝ ընդունել մեղքերը, ներողություն խնդրել, կանգնել դատարանի առջեւ։

- Դա դատարանը պիտի որոշի, ես չպիտի որոշեմ։

- Ո՞ր դատարանը, որը ենթարկվում է օրվա իշխանությա՞նը։

- Չէ, 90-ականներին այդ փորձը եղել է, խի Դուք գիտեք՝ 90-ականներին ամեն ինչ հանգի՞ստ է անցել։

- Ոչ, իհարկե, նույն Վանո Սիրադեղյանին, օրինակ, մեղադրում էին 90-ականներին տարբեր սպանություններ կազմակերպելու մեջ, Լեւոն Տեր-Պետրոսյանին էլ մեղադրում էին 96 թվականի ընտրությունները կեղծելու մեջ, եւ այսպես շարունակ։

- Դե հիմա, թող շարունակեն, արդյունքում ի՞նչ եղավ․․․