Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը կալանավորել են` չնայած Վճռաբեկը մերժել է կալանքի միջնորդությունը

Գրիգորի Խաչատուրովի ընկերոջը կալանավորել են` չնայած Վճռաբեկը մերժել է կալանքի միջնորդությունը

Արարատի զորամասի նախկին հրամանատար, «Ռոժ» մականունով հայտնի Վարդան Մարտիրոսյանին մեղադրանք կա առաջադրված, նա կալանավորված է: Ըստ մեղադրանքի՝ «Մարտիրոսյանը, զբաղեցնելով ՀՀ ՊՆ իրային բազայի թիվ 98360 զորամասի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբի կազմում ապօրինի գործողություններ և հովանավորչություն կատարելու համար ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք, խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումար և կատարել պաշտոնեական կեղծիքի: Բացի այդ, Վարդան Մարտիրոսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբի կազմում ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերի կաշառք, կատարել պաշտոնեական կեղծիք և դրդել է պաշտոնատար անձանց իշխանության չարաշահմանը»: Գործով 4 անձ է անցնում։

Ի՞նչ ենթադրյալ կաշառքի մասին է խոսքը

Ըստ մեղադրանքի, պայմանագրեր են կնքնվել «Մասիսի գարուն կարի ֆաբրիկայի» եւ պաշտպանության նախարարության միջեւ, որ ֆաբրիկան պետք է դերձակի ծառայություններ մատուցի։ Սակայն պայմանագրերով նախատեսված ապրանքատեսակները մինչև կատարողի կողմից պատվիրատուին մատակարարելը, «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության տնօրեն Վաղինակ Եղիազարյանը պայմանավորվածություն է ձեռք բերել պաշտոնատար անձանց՝ Վարդան Մարտիրոսյանի և նույն զորամասի պահեստարանի պետ Վարդան Մովսիսյանի հետ՝ տեխնիկական բնութագրերին չհամապատասխանելու պայմաններում պատվիրատուի կողմից դրանք անխոչընդոտ ընդունելու վերաբերյալ՝ խոստանալով նշված ապօրինի գործողության և հովանավորչության համար տալ առանձնապես խոշոր չափի, ընդհանուր՝ 6 մլն 500 հազար ՀՀ դրամ կաշառք: Վաղինակ Եղիազարյանը մինչև 2023 թ. մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում անձամբ, ինչպես նաև «Մասիսի գարուն կարի ֆաբրիկա» ՍՊ ընկերության աշխատակից Ռուբեն Վարդանյանի օժանդակությամբ, պայմանավորված 6 մլն 500 հազար ՀՀ դրամից 3 մլն 700 հազար ՀՀ դրամը մաս-մաս, տարբեր օրերի ընթացքում փոխանցել են Վարդան Մովսիսյանին և Վարդան Մարտիրոսյանին: 

Մեղադրանքը պաշտպանական կողմի համար անհիմն է

Վարդան Մարտիրոսյանին կալանավորել են, ապա ազատ արձակել եւ նա մեկ տարուց ավելի եղել է ազատության մեջ, սակայն դատախազությունը բողոքարկել է նրան ազատ արձակելու որոշումները եւ Վճռաբեկում հասել է նրան, որ մի անհասկանալի, անորոշ որոշում կայացվի, ինչի հիման վրա է գործը քննող դատավորը նորից կալանք է սահմանել նրան նկատմամբ` մեղադրողի միջնորդության հիման վրա։

Վարդան Մարտիրոսյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը «Հրապարակ-ին ներկայացրեց իրավիճակը․ «Ինձ համար աննախադեպ գործընթաց տեղի ունեցավ այդ իրադարձությունների հետ կապված։ Երբ քրեական գործն ուղարկվել էր դատարան, դատարանն առաջին նիստով` 1 տարի 1 ամիս առաջ, խափանման հարցը քննարկելիս որոշեց, որ Վարդան Մարտիրոսյանի նկատմամբ կիրառի վարչական հսկողություն։ Այս որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, այն անփոփոխ էր թողնվել, այնուհետեւ Դատախազության կողմից բողոքարկվել էր Վճռաբեկ դատարան։ Վերջինն էլ վարույթ էր ընդունել բողոքը եւ հոկտեմբերի 30-ին որոշում կայացրեց, ըստ էության, մերժեց բողոքը, առանց բավարարման թողեց։

Պատճառաբանական մասում որոշակի հանգամանքներ էր նշել, որ այն ժամանակ ճիշտ չի եղել, սակայն նշել էր, որ 1 տարի ժամանակ է անցել, դատարանը գործի նյութերին չի տիրապետում, գործը, բնականաբար, կանգնած չէր մնա եւ հնարավոր էր, որ նվազեցնեին, կալանավորման հիմքերը փոփոխված լինեին։ Դատախազը հերթական նիստի ժամանակ, մեր գնահատմամբ, անհիմն միջնորդություն ներկայացրեց՝ խափանման միջոցի հարցը քննարկելու եւ կալանավորում կիրառելու՝ Վճռաբեկ դատարանի որոշմանը հղում կատարելով։ Դատարանն էլ մեզ համար զարմանալի ձեւով բավարարեց միջնորդությունը»։

Կալանավորման որոշումը պաշտպանական կողմը բողոքարկելու է Վերաքննիչ դատարան․ «Վճռաբեկ դատարանի որոշումը իմպերատիվ պահանջներ չուներ, ընդհակառակը՝ մերժել էր բողոքը։ Վարդան Մարտիրոսյանը մեկ տարուց ավելի, լինելով ազատության մեջ՝ խափանման միջոցի պայման չէր խախտել, ներկայացել էր նիստերին»։ Անդրադառնալով քրեական գործին՝ պաշտպանը նշեց, որ անհիմն մեղադրանքներ են․ «Կաշառքի հետ կապված մեղադրանք է, ընդհանրապես հիմնավորված չէ, Վարդան Մարտիրոսյանն առնչություն չունի այդ արարքի հետ։ Իր դեմ ցուցմունք տվող անձ չկա` ոչ մեկը։ Ընդ որում, այս պայմաններում կալանավորում են, ազատությունից զրկում»։

Հիշեցնենք՝ Մարտիրոսյանը Գրիգորի Խաչատուրովի մտերիմ ընկերն է եւ չի բացառվում, որ իշխանությունն այս կապը հաշվի առնելով էլ հասել է նրան, որ Վարդան Մարտիրոսյանը կալանավորվի։ Նշենք նաեւ, որ 2010 թվականին Հանրապետությունով մեկ մեծ աղմուկ բարձրացավ Վարդան Մարտիրոսյանի շուրջ, նա այս դեպքից հայտնի դարձավ։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Վարդան Մարտիրոսյանը («Ռոժ» մականունով) եւ գնդի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, փոխգնդապետ Արթուր Կարապետյանը այդ ժամանակ ձերբակալվել էին զինվորականներից գումարներ շորթելու, նրանց նվաստացնելու եւ դիրքի չարաշահման մեղադրանքներով: Իրավական որոշակի պրոցեսներից հետո քրեական գործը հետագայում կարճվել էր։