Ազգային փոքրամասնության պատգամավոր՝ բոլոր մեծամասնությունների օրոք

Ազգային փոքրամասնության պատգամավոր՝ բոլոր մեծամասնությունների օրոք

Ազգային ժողովում պատգամավորներ կան, հիմնականում՝ «Իմ քայլը» խմբակցությունից, որոնք իրենց աջը քաշած՝ ապրում են․ ոչ մի բանի չեն խառնվում, ոչ մի բանից չեն դժգոհում, որեւէ թեմայով ձայն-ծպտուն չեն հանում։ Նրանց համար ամեն ինչ հրաշալի է՝ ե՛ւ նախկինում, ե՛ւ հիմա, ե՛ւ վաղը, եթե դարձյալ պատգամավոր լինեն։ Կարեւորը՝ մանդատը կա, աշխատավարձն ու ստատուսը կան, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար։ Այդպիսի պատգամավորներից մեկը քրդական համայնքի քվոտայով ԱԺ անցած Կնյազ Հասանովն է։ Նա նախորդ խորհրդարանում ՀՀԿ-ի ցուցակով էր ԱԺ եկել, հիմա՝ «Իմ քայլի»։ Ու նրա կյանքում, մեծ հաշվով, բան չի փոխվել․ նա շարունակում է լուռ քայլել ԱԺ միջանցքներով դեպի դահլիճ՝ քվեարկության, բուֆետ՝ ընդմիջման, ու աշխատասենյակ՝ հանգստի։ Երեկ փորձեցինք դույզն-ինչ խաթարել պարոն Հասանովի անդորրը՝ նրան մի քանի հարց ուղղելով միջանցքում՝ ճաշարանից աշխատասենյակ քայլելու ճանապարհին։

- Պարոն Հասանով, նախորդ խորհրդարանում Դուք համեմատաբար ավելի ակտիվ էիք, այս խորհրդարանում չեք խոսում, ելույթ չեք ունենում, օրենսդրական նախաձեռնություններով հանդես չեք գալիս, կարծես չեք կարողանում լավ ինտեգրվել աշխատանքներին։

- Ո՞վ ասաց, որ չեմ խոսում, ես միշտ հարցեր եմ տալիս, ելույթներ եմ ունեցել եւ ունենում, տենց մի ասեք։ Նախկինում էլ նույնն էր, տարբերություն չի եղել։

- Հիմա, օրինակ, ՍԴ դատավորների ընտրության հարցն է քննարկվում, Դուք ի՞նչ կարծիք ունեք, ասենք, Երվանդ Խունդկարյանի թեկնածության վերաբերյալ, հատկապես, որ ոմանք քննադատում են նրա թեկնածությունը։

- Դե, դա պատգամավորի իրավունքն է, մեկը կարող է քննադատել, մեկը կարող է գովաբանել, դա ի՞նչ կարեւոր է։ Դե, իմ դիրքորոշումն իմ մեջ է մնում։

- Ասում են՝ Խունդկարյանը նախկին համակարգի ներկայացուցիչ է եւ չի կարող այսօր ՍԴ անդամ լինել։

- Ինձ համար նախկին ու ներկա գոյություն չունի, եթե լավ աշխատող է, ի՞նչ կարեւոր է՝ նա երբ է աշխատել։

- Ձեզ համար գոյություն չունի, բայց ձեր թիմի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի համար նախկին ու ներկա գոյություն ունի, ասում է՝ նախկինները վատն են, ներկաները՝ լավը։

- Ես չեմ լսել, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ նախկինները վատն են, ներկաները՝ լավը։ Եթե նախկինում աշխատել է, իրեն արատավորել է, կոռուպցիայի է մասնակցել եւ այլն, դա բնական է, որ չպիտի աշխատի։ Իսկ այն, որ մաքուր աշխատող է եւ ամեն ինչ նորմալ է արել, նա կարող է եւ նորից շարունակել աշխատել։

- Դուք ՀՀԿ խմբակցությունից եք եղել, կարելի է ասել՝ Դուք էլ եք նախկիններից, ՀՀԿ-ում ովքե՞ր էին, օրինակ, մաքուր աշխատում, ովքեր՝ ոչ։

- Ես էնպիսի կոռուպցիոն սիստեմների մեջ չեմ աշխատել, որ ասեմ՝ նախկին կամ ներկա։ Ես հասարակական աշխատանք եմ կատարել, իմ ազգային աշխատանքներն եմ կատարել, համայնքի գործունեությանն եմ մասնակցել, հիմա էլ նույնը կատարում եմ։

- Իսկ ովքե՞ր են կոռուպցիոն սիստեմների մեջ եղել, Դուք մեկ տարի ՀՀԿ-ի կազմում պատգամավոր եք եղել, ինչ-որ կոռուպցիոն դրսեւորումների հանդիպե՞լ եք։

- Ով որ հիմա դատապարտվում է իր կոռուպցիոն գործունեության համար, ուրեմն նա մասնակցել է։ Իսկ եթե դատարանը որոշել է, որ նա իրոք մասնակցել է, եւ ինչ-որ պատասխանատվության է ենթարկել, ուրեմն եղել է։ Իսկ էդպես օդից ասել՝ սա մասնակցել է, սա չի մասնակցել․․․

- Պարոն Հասանով, Դուք հպարտությա՞մբ եք հիշում այն շրջանը, երբ ՀՀԿ խմբակցության անդամ էիք։

- Գիտե՞ք ինչ, ես ոչ մի անգամ էլ չեմ հպարտացել, որ ես պատգամավոր եմ ընտրվել։ Նախ՝ ես պատգամավոր եմ եկել որպես ազգային փոքրամասնության ներկայացուցիչ ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այս խորհրդարանում։ Այնպես որ, ինձ համար հպարտանալու կամ չհպարտանալու ոչ մի բան չեմ տեսնում։

- Իսկ ո՞ր թիմի հետ է ավելի հեշտ աշխատելը։

- Այ ցավդ տանեմ, հիմա թիմն ի՞նչ կապ ունի, էդ ժամանակ էդ թիմն էր, էլի, ես բոլորին նայել եմ մի աչքով՝ ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ դիմադիր բոլոր պատգամավորներին, որովհետեւ ինձ համար բոլորն էլ հավասար են։

- Պարոն Հասանով, Դուք քաղաքական գործիչ եք, իսկ քաղաքական գործիչը պետք է սկզբունքներ ունենա, հստակ մոտեցումներ ու հայացք ունենա, ինչպե՞ս կարող եք բոլորին նույն աչքով նայել։

- Ես ունեմ իմ սկզբունքները, ովքեր որ եղել են, քննադատվել են իմ կողմից, ովքեր որ չէ․․․ Եվ, ընդհանուր առմամբ, ես չեմ կարող ամբողջ Հայաստանի մակարդակով ասել՝ սա կոռուպցիոներ ա, սա լավ աշխատող ա։ Էդպիսի բաներ իմ մոտ չկան, եթե ընդհանուր գնահատվում են իրենց աշխատանքով, ես էլ եմ գնահատում, իսկ եթե նա հանցագործությունների մեջ ա եղել, կոռուպցիոն սիստեմի մեջ ա եղել, ես ոչ մի պատասխանատվություն չեմ կարող ստանձնել։

- Եթե վաղը իշխանություն փոխվի, ու մեկ այլ քաղաքական ուժ գա իշխանության, եւ Ձեզ առաջարկեն նորից դառնալ պատգամավոր՝ իրենց ցուցակով, կհամաձայնե՞ք։

- Նախ՝ իմ հասակն արդեն չի ներում, որ ես երրորդ ընտրություններին մասնակցեմ, իսկ ինչ վերաբերում է նրան, որ եթե մասնակցեմ, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Ես տեսնում եմ բոլորին որպես հայ ժողովրդի ներկայացուցիչներ։