Հայաստանի փրկությունը Մայր Աթոռի փակված դռների հետեւում է

Հայաստանի փրկությունը Մայր Աթոռի փակված դռների հետեւում է

ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը, թե ցավ է ապրում, որ հայկական Արցախի հինավուրց եկեղեցիներում ու վանքերում համազգային աղոթք չի հնչում, միանշանակ չի ընդունվել առաքելական եկեղեցու հետեւորդների կողմից։ Ոմանց զայրացրել է, որ ափսոսանքի խոսքերից հետո Հայաստանի նախկին ղեկավարը նաեւ Աստծո անունն է տվել. «Աստված պահապան մեր ժողովրդին, հայոց աշխարհին»։

«Մեղք է Աստծո անունը շահարկելով՝ զղջումի լալահառաչ տեքստեր ասել։ Դուք լավ գիտեք, որ Մայր Աթոռում այլեւս աղոթք չի հնչում։ Ավելի քան վեց տարի է՝ տաճարը ներսից քանդված-ավերված է, դռները գոցված են, մեր հաջողությունը՝ փակված։ Դա մեզ ոչնչացնելու թշնամու ծրագրի մի մասն է, որին լծվել եք նաեւ Դուք՝ Գարեգին Բ-ի հետ, քանի որ երկուսդ էլ ղեկավարվում եք նույն կենտրոնից»,- իր զայրույթն արտահայտեց իրավական համակարգում երկար տարիների փորձ ունեցող Մարի Մանուկյանը։

Նա սրտի ցավով է խոսում համրացած մայրավանքի մասին, որտեղ մինչեւ 2017 թվականը պարբերաբար ներկա է եղել կիրակնօրյա պատարագներին։ Ըստ նրա՝ տաճարը հիմա Աստծո առաջ կանգնած է մեղավոր տեսքով ու հավատացյալներին՝ անհասանելի։ «Տեւական ժամանակ է՝ մայրավանքում պատարագ չի մատուցվում, խունկ չի ծխվում, կամարներից ներս աղոթք չի հնչում։ Վերանորոգման անվան տակ դռները փակել են եւ փակ կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ թշնամին ամբողջությամբ չի կազմալուծել հայոց պետականությունը։ Գրեթե վստահ եմ՝ համապատասխան կենտրոնները թույլ չեն տալիս ավարտին հասցնել «վերանորոգումը»։ Այլապես ինչպե՞ս է լինում, որ վեհարանը շատ արագ նորոգում-ավարտում են, եկեղեցու շուրջ անընդհատ նոր շենքեր են կառուցվում, իսկ մայր տաճարի նորոգումը չեն կարողանում ավարտել»,- ասաց զրուցակիցս։

Մարի Մանուկյանը հավատացած է, որ Մայր Աթոռը սովորական եկեղեցի չէ` «այն աղոթքն Աստծուն հասցնելու պորտալն է»։ Նրա կարծիքով՝ հայը չի հասկանում Բարձրյալից ստացած պարգեւի արժեքը, ուստի ըստ արժանվույն չի գնահատում իրական արժեքը։ Իսկ թշնամին, ըստ նրա, լավ գիտի, հանձին մայր տաճարի, թե ինչ զենքի ենք տիրապետում։ «Դրա համար մեր ամենայն հայոցի ձեռքով՝ նորոգման պատրվակով, լռեցրել է այն․ փակել է մայր տաճարի դռները՝ փակելով նաեւ ազգի հաջողությունը»։ 

Տիկին Մանուկյանը մեկ անգամ եւս հիշեցրեց, որ մայրավանքը կառուցվել է Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի ցուցումով։ Հղում անելով Աշոտ դպիր Արեւշատյանի՝ «Արարչագործությունից մինչեւ երկրորդ գալուստ» ժողովածուին, ասաց՝ առաջին քրիստոնեական եկեղեցին լինելուց բացի, Մայր Աթոռի կամարների տակ է գտնվում նաեւ առաջին սուրբ մասունք զոհասեղանը, որը կառուցել է դրախտից վտարված Ադամը, եւ որի վրա զոհեր են մատուցել Աբելն ու աստվածաշնչյան նախահայրերը։ Այդ զոհասեղանի վրա իր քահանայական պարտականություններն է կատարել նաեւ Նոյ նահապետը՝ թե՛ ջրհեղեղից առաջ, թե՝ հետո։

«Իսկ մինչ վերանորոգումը, այդ զոհասեղանին, որը հիմա Իջման սուրբ սեղան է կոչվում, անարյուն զոհաբերություն՝ Սուրբ պատարագ է մատուցվել։ Պատարագ, որը չպետք է ընդհատվեր մինչեւ Տիրոջ երկրորդ գալուստը։ Բայց ընդհատվել է թշնամու կամքով եւ Գարեգին Բ կաթողիկոսի ձեռքով։ Արդյունքում լուռ են մեր հոգիները, լուռ է մեր եկեղեցին, ուստիեւ՝ լսելի չէ մեր ձայնն առ Աստված»։

Դիմելով Գարեգին Բ ամենայն հայոց հայրապետին՝ Մարի Մանուկյանը հայ եկեղեցու հետեւորդների անունից պահանջում է՝ շուտափույթ ավարտին հասցնել «վերանորոգումը» եւ բացել տաճարի դռներն ու հավուր պատշաճի պատարագ մատուցել, որ աղոթքները հասնեն Աստծուն։ «Իսկ Տրդատի բաց խորանում մատուցած ձեր պատարագները լսելի չեն Բարձրյալին, որովհետեւ այն դուք եք կառուցել, հետեւաբար՝ իր մեջ որեւէ հոգեւոր արժեք չի կրում»։