Ինչ իրավիճակ է դպրոցներում սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Ինչ իրավիճակ է դպրոցներում սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Հաշվի առնելով համավարակով պայմանավորված ռիսկերը՝ շուրջ 37 հազար երեխաների համար այս տարի սեպտեմբերի 1-ը հանրակրթական դպրոցներում մեկնարկեց օգոստոսի 31-ին։ Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս առաջին դասարանցիները դիմակներով էին, թեպետ այս տարի որոշակի սահմանափակումներ, այնուամենայնիվ, հանվեցին։

Նախ, ԿԳՄՍ եւ առողջապահության նախարարությունների միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, դասերն այլեւս կարող են իրականացվել ամենօրյա առկա ռեժիմով` անկախ դասարանում աշակերտների թվից: Համապատասխան իրավակարգավորումը, ըստ որի՝ նախատեսվում է չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, պաշտոնապես կհրապարակվի առաջիկայում: Բացի այդ, դպրոցներում կգործեն նաեւ արտաուսումնական խմբակներ, ճաշարաններ եւ երկարօրյա ծառայություններ: Դպրոցական ճաշարանների եւ բուֆետների գործունեության համար թույլատրված են տեղում սննդի պատրաստումը եւ վաճառքի կազմակերպումը:

Արմավիրի մարզի Ակնալճի Ա. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Վարդիթեր Վարդերեսյանն ասում է, որ այս տարի ունեն 2 առաջին դասարան, ընդհանուր թվով՝ 37 աշակերտ, որոնց  դիմավորել են դրսում՝ միջոցառումը կազմակերպելով բացօթյա։ Եվ եթե դրսում մեղմ են եղել դիմակներ չկրելու հարցում, ապա ներսում բոլորին դիմակներ են բաժանել։ Ինչ վերաբերում է ընդհանուր հակահամաճարակային կանոնների պահպանմանը, ապա․ «Քանի որ իմ դասարանները 54 քմ են եւ համապատասխանում են պահանջներին, ապա երեխաները նստում են առանձին դասասեղանների առջեւ։ Մեր դպրոցը մեծ դպրոց է, եւ այդ առումով խնդիր չունենք»։    

Աշխատելու են 5-օրյա ռեժիմով, քանի որ կիսվող մեծ դասարաններ չունեն․ «Ունեմ միայն 3 մեծ խտությամբ դասարան, դրա համար աշխատում ենք 5-օրյա ռեժիմով»։ Ինչ վերաբերում է նրան, որ, համաձայն ԿԳՄՍՆ-ի, կարող են չեղարկել դասասենյակներում աշակերտների թվի սահմանափակման հարցը, տնօրենն ասում է, որ առայժմ պաշտոնական հրաման, շրջաբերական չեն ստացել, որն իրենց համար հիմք կդառնա։

Անդրադառնալով ուսուցիչների պատվաստման խնդրին, Վարդերեսյանը նշեց, որ արդյունքը վատ չէ, քանի որ 55 աշխատողից 30-ն արդեն պատվաստվել է, մյուսները հերթի մեջ են, եւ 3 հոգի էլ ունեն, որ դիմել են պատվաստման համար, բայց ասել են, որ ռիսկային խմբի մեջ են, եւ պատվաստումը հակացուցված է։ Ուսուցիչները կամովի՞ են գնացել պատվաստման, թե՞ եղել է որոշակի պարտադրանք։ «Ոչ մի ստիպողական բան չկա, պարզապես մեզ մոտ եղել է գիտակցական այդ մոտեցումը, որովհետեւ դպրոցի ողջ կոլեկտիվը մոտ 500 հոգի է, եւ շփվում ենք այդքան աշակերտի հետ։ Թե չէ ստիպողական բան չի եղել, ավելին՝ առաջին օրինակն էլ ես եմ ցույց տվել»,- ասում է տնօրենն ու հավելում, որ ընդհանուր բռնկում գյուղում եղել է անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, բայց, այդքանով հանդերձ, մեկ աշակերտ է վարակված եղել։
«Հենց նոր ես խոսում էի մեր բուժարանի քրոջ հետ, ով զանգել է բոլոր ծնողներին, ու կարծես միայն 1 աշակերտի մոտ է հաստատված կորոնավիրուս»։   

Արարատի մարզի Այգեզարդի՝ Արարատ Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցն այս տարի ընդունել է 50 առաջին դասարանցու։ Տնօրեն Նունե Բաբլոյանն ասում է՝ հիվանդներ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների շրջանում չունեն, տեղամասային բժշկուհուց ճշտել են, որ աշակերտների ծնողների շրջանում եւս հիվանդներ չկան։

35 հոգանոց մանկավարժական կոլեկտիվից պատվաստվել է 5-ը, կան նաեւ այնպիսիք, ովքեր առաջին դեղաչափը ստացել են եւ սպասում են 2-րդին։ «Այնպես չէ, որ չեն ցանկանում, ուղղակի մեկն ասում է՝ այս պատվաստանյութը չեմ ուզում, նա եմ ուզում, այսինքն՝ դեռ կողմնորոշված չեն, թե որ պատվաստանյութից օգտվեն։ Եվ, իհարկե, ունենք առողջական խնդիրներ ունեցողներ, որոնք պետք է համապատասխան փաստաթուղթ ունենան, որը կփաստի, որ հակացուցված է պատվաստումը։ Կարծում եմ՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը 70-80 տոկոսը կպատվաստվի»,- համոզմունք է հայտնում Բաբլոյանը, ով երեկ իսկ իր ողջույնի խոսքում նշել է, որ բոլորն են դիմակով լինելու դպրոցում՝ թե՛ 1-ին, թե՛ 10-րդ դասարանցիները, բացառություններ չեն անելու․

«Ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս տարի ծնողների մուտքը սահմանափակել՝ թույլ չտալ մտնել դպրոց, անգամ եթե դիմակով են»,- ասում է տնօրենն ու արձանագրում, որ սաստիկ շոգ է թե՛ դրսում, թե՛ դասասենյակներում, ուստի չի կարող խոստանալ, որ 100 տոկոսով երեխաները կպահպանեն կանոնները, ամեն դեպքում՝ երեխա են։

Քանի որ սոցիալական հեռավորության սահմանափակումը հանված է, ապա երեխաներին առանձին դասասեղանների շուրջ չեն նստեցնի, դասարանները չեն կիսի, դասաժամերն էլ կանցկացնեն առկա ռեժիմով։ Ի դեպ, աշակերտների շրջանում այս դպրոցում եւս վարակման դեպքեր գրեթե չեն եղել, բացի այդ՝ ամեն օր ջերմաչափում են անելու, եւ եթե հանկարծ խնդիր նկատեն, նույն պահին տուն կուղարկեն․ «Հուսանք՝ ամեն ինչ նորմալ կլինի, ու մենք էլ առկա ռեժիմով կշարունակենք աշխատել»։