Սուտ մատնության համար մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովը արգելել է պաշտպանին խոսել իր դիրքորոշման վերաբերյալ

Սուտ մատնության համար մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովը արգելել է պաշտպանին խոսել իր դիրքորոշման վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ սուտ մատնության համար մեղադրվող Վյաչեսլավ Հարությունովի գործով առաջին դատական նիստն այսօր չի կայացել, պատճառն այն է, որ դատավորը գտնվում է արձակուրդում, եւ գործը պետք է վերամակագրվի մեկ այլ դատավորի։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց Հարությունովի պաշտպան Արմեն Հարությունյանը։

Նրանից հետաքրքվեցինք՝ նախաքննության ընթացքում ի՞նչ ցուցմունք է տվել, պաշտպանը պատասխանեց․ «Որեւէ դիրքորոշում այս պահին չեմ կարող հայտնել՝ կապված այդ գործի հետ։ Գործի քննությունը դեռեւս չի սկսվել։ Ինքն իր դիրքորոշումը կհրապարակի ինքնուրույն, պարզապես դրա համար ժամանակ է հարկավոր»։

Արմեն Հարությունյանը նշեց, որ իր պաշտպանյալը չի թույլատրել իրեն մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշումը հայտնել։ 

Հիշեցնենք՝ համաձայն մեղադրական եզրակացության՝ Վյաչեսլավ Հարությունովը ծանր հանցագործության համար մեղադրանքի առնչությամբ քննվող քրեական գործով հանդիսանալով տուժող, նախազգուշացված լինելով սուտ ցուցմունք տալու համար ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության մասին, գործի նախաքննության և դատաքննության ընթացքում տվել է սուտ ցուցմունք: 

Հարությունովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք նաեւ, որ 2018 թվականի հուլիսի 2-ին` «Օլիմպավան» մարզահամալիրում Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ տեղի ունեցած Հայաստանի բռնցքամարտիկների ֆեդերացիայի ժողովի ավարտից հետո միջադեպ էր տեղի ունեցել։ Ըստ քննության տվյալների՝ մարզահամալիրի հանդիպումների դահլիճում, Էդուարդ Բաբայանը` խմբով, Հարությունովին մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Սրա մասին ցուցմունքներ է տվել Վ․Հարությունովը, որը ավելի ուշ հետ էր կանգնել իր խոսքերից։