Պաշտոնյան պետք է հայտարարագրի նաև իր խնամու, աներոջ, զոքանչի գույքն ու եկամուտները

Պաշտոնյան պետք է հայտարարագրի նաև իր խնամու, աներոջ, զոքանչի գույքն ու եկամուտները

Արդարադատության նախարարությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հետ միասին ներկայացրել է «Հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների ցանկը սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1835-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի «սեւագիր» տարբերակը։ Հավելվածով ներկայացված է հայտարարատու պաշտոնատար անձի հայտարարագրում ներառված հրապարակման (տրամադրման) ենթակա տվյալների նոր ցանկը։

Այսինքն՝ նախագիծն ընդունվելու դեպքում պաշտոնյաներն իրենց գույքի եւ եկամուտների մասին հայտարարագիրը պետք է ներկայացնեն արդեն նոր ցանկով, որը, կարելի է ասել, իսկական պատիժ է լինելու ոչ միայն հայտարարատու պաշտոնյայի, այլեւ նրա հետ փոխկապակցված անձանց ու այդ հայտարարագիրը լրացնողի համար։ Ընդ որում՝ սա հրապարակման ենթակա ցանկն է, ո՛չ՝ հայտարարագրման։ Այսինքն՝ սա այն ցանկն է, որը կառավարությունը հրապարակման համար պարտադիր է համարում, իսկ ամբողջ հայտարարագրման ցանկը, փաստորեն, ավելի լայն է։
Ցանկում 35 կետ է, ամեն մեկը՝ իր մի քանի ենթակետերով, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին մի առանձին պահանջ է ներկայացնում հայտարարատուին, թե ինչ տվյալ պետք է նա ներկայացնի։ Այս դարդից պետական ապարատի շատ աշխատակիցներ արդեն ցայտնոտի մեջ են հայտնվել, մարդ կա՝ նույնիսկ որոշել է այս ընթացքում դիմում գրել, գնալ արձակուրդ, որ հայտարարագիր լրացնելու այս «դժոխային» գործընթացից ազատվի։

Նոր իշխանությունները, կուրացած կոռուպցիայի դեմ պայքարի գաղափարով, այնպիսի մի խրթին ու լայն ցանկ են ներկայացրել, որ էլ աշխարհի տակ տեղեկանք չկա, որ չպահանջեն պաշտոնյայից։ Արդեն խելագարության կանխավարկածի լուրջ կասկած է առաջացնում այդ ցանկը, թվում է՝ կառավարությունը կպչուն մտքեր ունի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում։

Ուրեմն հայտարարատու պաշտոնյան, իր անձնական տվյալներից եւ իր գույքի, եկամուտների մասին տեղեկատվությունից զատ, պարտավոր է նաեւ ներկայացնել հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամների մասին տվյալները (ամուսին, հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձ, հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ), իր անչափահաս զավակի, իր հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված՝ համատեղ չբնակվող անձանց, նաեւ նրա խնամակալության եւ հոգաբարձության տակ գտնվող անձանց գույքի եւ եկամուտների մասին տվյալներ եւ այսպես շարունակ։ Նախ պատկերացնել կարելի է, թե քանիսը կարող են լինել տվյալ պաշտոնյայի «մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված» անձինք, որոնց բոլորի ունեցվածքը հերթով, հատ-հատ պետք է հայտարարագրվի։ Բայց սա դեռ ամենը չէ։

Ավելի սարսափելի է ունեցվածքի ցանկը, որը ենթակա է հայտարարագրման։ Բացի հայտարարատու անձի անշարժ ու շարժական գույքից, պետք է նշվի նաեւ նրա խնամակալության եւ հոգաբարձության տակ գտնվող անձանց՝ այդ պահին ունեցած, տվյալ տարվա ընթացքում եւ տարվա վերջին ձեռք բերած ու օտարած շարժական եւ անշարժ գույքը, պետք է ներկայացվի դրանց ծագումը, թե ինչ եղանակով է ձեռք բերվել, ինչ արժեքով, գործարքի օրը, ամիսը, տարին, գույքի տեսակը, արժեքը, չափը, մակերեսը, գործարքի մյուս կողմի անվանումը, նաեւ նրանց ունեցած հաշիվները, բաժնեմասը, եթե ունի որեւէ ընկերությունում, ավանդների չափը, եթե կրիպտոարժույթով հաշիվ ունի, նաեւ դա, ութ միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող գույքը եւ այսպես շարունակ։ Ընդհանուր հաշվով՝ 35 կետ։

ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանույշ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դեռ իրենց օրոք էր այս ցանկը որոշակիորեն ընդլայնվել։ «Առհասարակ, նախորդ համակարգում մենք արդեն իսկ ընդլայնել էինք հայտարարագրման ենթակա տվյալները, որովհետեւ սկզբնական մոդելում հայտարարագրերը վերաբերում էին միայն գույքին եւ եկամուտներին, հետագայում ընդլայնվեցին շահերը, եւ շահերն ընդլայնվելիս ներառվեցին որոշակի ընդհանրական տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ։ Նաեւ տեղեկություններ տարածվեցին ընկերությունների, կուսակցությունների, ՀԿ-ների հետ կապված, թե ինչպիսի աֆիլացիաներ կան, նաեւ պետական գնումների պայմանագրեր, որպեսզի պարզվի, թե պաշտոնատար անձը կամ փոխկապակցված անձինք արդյոք ունե՞ն շահեր պետության հետ»,- ասաց Սահակյանը։ Ապա նկատեց, որ վերը ներկայացված ցանկում պահանջվում են այնպիսի տվյալներ, որոնք, ըստ իրեն, կարող են խնդիր առաջացնել անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից։

«Իրենք չեն հասկանում տարբերությունը հավաքագրվող տվյալի եւ հրապարակվող տվյալի, որովհետեւ էս ցանկում նշել են հրապարակման ենթակա տվյալները, դրա մեջ ներառել են ծննդյան ամիս-ամսաթվեր, բանկային հաշիվներ, փոխառության կողմի տվյալներ, որոնք հասկանում ենք, որ անձնական տվյալների պաշտպանության տակ են գտնվում, եւ եթե նույնիսկ պետական մարմինը դա հավաքագրում է, նախ հարցականի տակ է իր կողմից հավաքագրման օրինականությունը, բայց առավել վտանգավոր կլինի, եթե էդ ամբողջ ծավալով տվյալները հրապարակվեն»,-ասաց Սիրանույշ Սահակյանը։

Իսկ նման ընդլայնված ցանկ ներկայացնելը կապահովագրի՞ կոռուպցիոն ռիսկերից, չի՞ բարդացնի մարդկանց գործը, քանզի արդեն դժգոհողներ կան։ Տիկին Սահակյանն ասաց․ «Դժգոհություններ լինելու են եւ հատկապես նրանով պայմանավորված, որ հավաքագրվող ոչ բոլոր տվյալներն են պիտանի, շահերի բախումներ կամ ապօրինի հարստացման դեպքեր բացահայտելու համար։ Ստացվում է, որ պաշտոնատար անձը ծանրաբեռնվում է այնպիսի տեղեկություններ տրամադրելով, որը երբեւիցե օգտագործելի չէ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության ընթացքում։ Մյուս կողմից էլ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չունի մեխանիզմներ՝ ստուգելու որոշ տեղեկությունների արժանահավատությունը, դրա համար դրանք կրելու են ֆիկտիվ բնույթ»։