Մեր բիզնես-ֆոկուսներն ու իմ տապալված աչքի լույսը
Էն, որ հայերը աշխարհի հին ազգերից են, էդ մի մատ երեխան էլ գիտի։ Ասեմ ավելին՝ մեր սերումը սկսվել է Երկրի ձեւավորման պրոցեսներին համընթաց՝ դեռեւս արխեյան էրայից, շարունակվել պրոտերոզոյում, պալեոզոյում…։ Երբ մարդկությունը պրիմատների պես դեռ ծառից ծառ էր թռչում, մենք արդեն ետեւում էինք թողել կարծր մետաղներից գործիքներ պատրաստելու գյուտը ու բարձրանում էինք երկրագործության, անասնապահության, ճարտարապետության… վերելքի աստիճաններով։ Այս պլյուս անվերջության մեջ մեր խելք ու շնորհքով, վերջը տեսնելու հեռատեսությամբ ոչ միայն դիմակայել ենք… սեփական աչքո՛վ ենք տեսել բազում ազգերի ու ազգույթների, ցեղերի ու ցեղույթների կամա՜ց կամ միանգամից անէացումը։ Ու այդ վաղնջական ժամանակներից, մեր մագաղաթների, սուրբ-սրբոց գրքերի հետ, բերել-սերունդներին ենք հանձնել ցեղիս գենետիկ պարծանքը՝ բազազի հունարը։ Նեխած կապիտալիզմի՝ մեր սուրբ հողը ասպատակելուն պես կուպեցի մեր ննջած (սովետում) ջիղը նորեն ծառս եղավ․ մի նախանձելի ակտիվություն, պրոգրես, մի-մի՝ անպատմելի հնարամտություն, որի դեմ ղալաթ էին արել փտած-պրծած կապիտալիստները։ Աչքդ թարթեցիր, ու… թե առաջադեմ եվրոպաներում ու ամերիկաներում մինչեւ կյանքի վերջ հազիվ են բաշարում մի երկու կոպեկ իրար վրա դնել, մենք մի տասնամյակում արդեն հարուստներ ունեցանք։ Միլիարդատե՜ր։ Մեղք գործած կլինեմ, եթե ապշանքս փակ-գաղտնի պահեմ՝ ո՜նց էր աչքիս առաջ «բիզնես» մեծադղորդ անունով առեւտուրը ծաղկում անկախ Հայաստանում, ինչ ճարպկությամբ էին սովետի պարտալարից դեռ նոր պոկված ազգիս երեւելիները ոստյուններ գործում դեպի բիզնես։ Իսկ ժամանակը ժամանակ չուներ սպասելու եւ պետք է համընթաց քայլեր աշխարհապարուր պրոգրեսիային։
Ուրեմն ինչ էր պետք արագ հարստանալու, օդից փող բռնելու համար՝ աճպարարություն, աճպարարություն ու էլի՛ աճպարարություն։ Դեռ ցուրտ ու մութ տարիներին մի ակնարկ էի գրել, որտեղ մեր «դժար կյանքի» շնորհած պայծառամտությունը զուգահեռել էի անդարդ արտասահմանցիների՝ բարեկեցության պատճառով «ժանգոտած» ուղեղների հետ։ Ահավասիկ․ էն օրերի մեր պրիմիտիվ հայտնագործությունները՝ նավթավառներ, մոմիկներ…, կատարելագործվել՝ հրաշք են հիմա դարձել։ Մաքիավելու՝ «նպատակն արդարացնում է միջոցները» լավ են սերտել մեր նորագույն մարկետոլոգները, մենեջերները։ …Ու թեւքերը քշտել։ Էդ արանքներում էր, որ «Վարորդը նաեւ հսկիչ է» հորդորակ-շահագրգռիչը կորցրեց մոդեռնությունը, փոխարենը առաջ եկան ժամանակներին ավելի սազականները, զորօրինակ՝ «Դիջեյը նաեւ վարչապետի խորհրդական է», «Անգլերենի ուսուցիչը՝ մշակույթի նախարար», կամ՝ «Մորս արեւ՝ կոմիկը ընտիր քաղաքապետ կըլնի»։ Ինձ հետ պատահածը «Վաճառողը նաեւ աչքի բժիշկ է» տարբերակն էր։
Նախքան բուն ասելիքիս անցնելը մի ոչ կարճ էքսկուրսիայի տանեմ ձեզ իմ ոդիսականի հետքերով։ Ես, որ 20 տարի օպտիկական ակնոց եմ կրում (աշխատանքիս խերը), իմ բախտակիցներն էլ կվկայեն, որ հեչ չլինի՝ 2-3 տարին մեկ ստիպված եմ առնչվել ակնաբույժի հետ։ Համենայնդեպս ես՝ առիթ եմ ունեցել բախվելու տեսազննման 2 տեսակի․ պոլիկլինիկա, որի շահառուն չունեւոր խավն է, եւ որտեղ, դեռ 2 տարի առաջ, թղթե պաստառի՝ մանրից մինչեւ գիգանտ տառերով էին ստուգում տեսողությունը։ Եվ օպտիկայի սրահներ, որտեղ զննվելու «կայֆն» այն է, որ որեւէ աքսեսուար գնելու պարագայում անվճար ես սպասարկվում։
Ակնոց ձեռք բերելու փնտրտուքներս ինձ օրերս տարան մի քանի «պոպուլյար» սրահներ։ Երկար փնտրեցի, տնտղեցի, հետաքրքրվեցի, հարցախեղդ արի աշխատողներին… Համ էլ օպտիկական հարուստ գիտելիքներ հավաքեցի։ Բայց սրանով չավարտվեց իմ տարտարոսը։ Առջեւում էր գնածս շրջանակի համար օպտիկա ընտրելու ոչ պակաս «սիզիփոսը»։ Մի այդքան էլ այսուայնկողմ կոշիկ մաշելուց հետո որոշեցի վերջակետ դնել մի սրահում։ «Փափագածս» գտնելուց հետո հերթագրվեցի, նշանակված օր ու ժամին զինվորի պես զգաստ կանգնեցի։ Ինչ պատահեց ինձ հետ զննման կաբինետում, դույզն-ինչ աղերս չուներ ուրիշ օպտիկաներում կամ պոլիկլինիկայում տեսածիս հետ, որտեղ հանգած աչքերով ակնաբույժը, պարապությունից հորանջելով, «ճանճ էր քշում»։ Սա մի ուրիշ բան էր՝ չտեսնված-չլսված։ Երգեցիկ կանացի ձայնը, ինձ դիմելով «հարգարժան տիկին»-ով, սկզբում հարցուփորձ է անում ներկայիս ակնոցիցս, ինձ պատած անշառ ու շառոտ հիվանդություններից։ Ապա արագի մեջ ձեռքերումս հարմար տեղավորում պլանշետանման մի ուղղանկյուն, որի վրա կարմիր-կանաչ երկրաչափական ֆիգուրներ են։ Հայացքս պտտում եմ շուրջս՝ թղթե մեծ պլակատն եմ փնտրում, որի վրա միկրո ու մակրո տառեր պիտի պատկերված լինեն։ Չկա։
Բժիշկը ուշադրությունս հրավիրում է դիմացիս մոնիտորին, որի նախահայրը, հասկանում ես, հենց իմ փնտրած պաստառն է։ Վա՜յ, ոտքդ պաչեմ, գիտություն ջան, էս ո՞ր ես հասել… Տեխնոլոգիայի եւ հումանիզմի մի համերաշխ դաշինք… Կատարում եմ հրահանգը՝ նայում եմ «պլանշետին», ապա հայացքս արագ տեղափոխում մոնիտորի կողմը։ Պլանշետ-մոնիտոր, պլանշետ-մոնիտոր։ Բլից հարցեր-բլից պատասխաններ։ Ո՞րն է ավելի պարզ, ո՞րը՝ աղոտ։ Պարզ-աղոտ, պարզ-աղոտ… Ասես զվարճալի խաղ, որ զբաղեցրել է միտքս, կտրել իրականությունից, մոռացնել տվել այցիս նպատակը ու վերջում գլխիս գալիք «դատավճիռը»։ Կուրծքս լցվում է անհուն հպարտությամբ, հրճվում եմ մեր ներդրումային նվաճումներով, դրանում պարտադիր չեմ մոռանում մեր Նիկոլին ու իր թիվը։
Մեկ ժամ տեւած «հավատաքննության» սեանսից սթափվում եմ ականջիս հասած հուժկու «հարվածից»։
Վճարեք 7 հազար դրամ՝ նրբիկ ժպիտով դայլայլում է սոխակը։ Գլուխս աքցանվում է, տաք ու պաղ ցնցուղը պատում է մարմինս։ Ո՞նց թե…- կարկամած՝ ֆիքսվում եմ դռների մեջ։ «Բայց ձեր քույր-մասնաճյուղից ասացին, որ անվճար է, եւ ուղղորդեցին այստեղ»։ Թյուրիմացություն է՝ քիչ է մնում «բարկանա աղան»։ Ես Ձեզ մեկ ժամ մանրակրկիտ հետազոտել եմ, սպառիչ եզրակացություն տվել։ Նման հետազոտությունը չի՛ կարող անվճար լինել։ Ձեր պնդմանն էլ, թե բոլոր օպտիկաներում անվճար է զննումը, լուսավորենք Ձեզ՝ դա անում են տեղի վաճառողները…
Էհ, ի՞նչ կարող ես անել՝ եղածը եղած է… Ես, սրտիցս արյուն կաթալով, վճարում եմ նզովյալ 7 հազարն ու փրփրած՝ շրխկացնում դուռը։ Հիմա ստիպված եմ շրջանակն այնքան կոնսերվացնել, մինչեւ չգիտես երբ՝ գումար ունենամ։ Քանզի անկոչ 7 հազարը վճարել էի ժողովածս ապակու գումարից։ Հոկտեմբերի դուրեկան սյուքը փափուկ հպվում է դեմքիս, ցրում զայրույթս, կամաց թուլացնում գնդված նյարդերս։ Մթագնած ուղեղս ֆոկուսի է գալիս… Երկար տալ-առնելս, գցել-բռնելս աստիճանաբար ցրում են տարակույսներս․ իմաստուն ազգիս «փորձած թանը»՝ չկա չարիք առանց բարիքի, շշնջում է ականջիս՝ չլիներ էս դիպվածը, դու հաստատ «լողացողը չէի՜ր» (մարդավարի ստուգվողը), համ էլ էդպես՝ «դավին անտեղյակ», արխիվացվելու էր տարիներ առաջ հետդ կատարվածը։
Իսկ ինչ էր կատարվել ինձ հետ տարիներ առաջ։ Ակնոցափնտրության իմ այս խառնակ օրերից երեւի մի 6-7 տարի առաջ կլիներ։ Էսօրվա պես՝ էլի կանգնել էի դիլեմայի առաջ։ Որտեղից ձեռք բերել ակնոց, որ համ թանկ չլինի, համ էլ՝ որակով։ Այս անգամ քայլերս ուղղվեցին դեպի «Բեռլին օպտիկ» գայթակղիչ անունը կրող նորաբաց սրահ։ «Մոնիտորինգիս» ընթացքում, սակայն, կռահեցի, որ մեր թանկագին աչքի լույսը ամենեւին կապ չունի հայտնի Բեռլինի հետ։ Ինչեւէ։ Ինձ մոտեցավ սրահի կարեւոր ատրիբուտներից մեկը՝ ուժերի ներածի չափով պճնված աշխատակցուհին։ Ու ծայր առավ էքսպոնատների փառաբանումը։ Իրար հերթ չտալով՝ շրջանակը շրջանակի հետեւից մեկնում է ինձ ու առաջարկում փորձել։ Հետո «ցնցված» բոցկլտում, թե բոլորը, առանց բացառության, սազում են դեմքիս։ Ես, իհարկե, ներքուստ համաձայն չէի, բայց քաղաքավարի ժպտացի, ու առաջ անցանք։ Շրջանակն ընտրելուց հետո մնաց վերջին քայլը՝ աչքերիս զննումը։ Որքան մեծ եղավ զարմանքս, երբ նույն պչրուհին, ուղղվելով դեպի «աչքի կաբինետ», մեկնեց ինձ ծանոթ՝ տարբեր տառաչափերի տեքստով թերթոնն ու առաջարկեց կարդալ։ «Դո՞ւք եք բժիշկը»,- անակնկալի եկած՝ հարցրի ես։ «Ոչ։ Ես սրահի աշխատակից եմ։ Մենք այնքան ենք մասնագիտացել, որ բժշկին չենք զիջում»,- համարյա աքսիոմատիկ համոզվածությամբ հայտարարեց նա։ (Այդտեղ ես հիշեցի հիվանդանոցի «պոլերը սրբող», արնոտ վիրակապերը հավաքող «սանիտարկաներին», որ նույնքան լոպպազությամբ պարծենում էին, թե բա՝ «մենք ստեղ ենք ծերացել, ազիզ ջան, բժիշկների չափ բան գիտենք»։) Այդուհանդերձ, չնայած վախիս ու կասկածներիս, խոնարհ կենդանու հանգույն, անխոս հանձնվեցի։
Կրկին վերադառնանք մեր օրեր։ Եվ այսպես․ ինչ տեսք ունի իմ տեսողությունը վերջին՝ մասնագիտական զննումից հետո։
Պարզվում է՝ կատաստրոֆիկ, վրադիր էլ՝ շալակածս աստիգմատիզմը, ինչն ինձ համար մեծ սթրես էր։ Իսկ ի՞նչ երաշխիք, թե դժվար արտասանվող, բայց գեղեցիկ հնչող սույն երեւույթը ինձ պատուհասած չի եղել հենց էն ժամանակներից, երբ «ստուգվեցի» «Բեռլինում»։ Եվ չի բացառվում, որ սրանց սխալ, թերի ախտորոշման պատճառով էդ բեռը բերել-հասցրել եմ մինչեւ էսօր։ Պոլիկլինիկաներից ու ձրի զննումից մշտապես օգտվող շատ անապահովներ կարո՛ղ են տեղյակ չլինել ստուգման այլընտրանքային միջոցներից եւ հնարավո՛ր է հայտնվեն ձեր «հումանիստական քմայքների» ծուղակում։ Մինչդեռ բարոյականությունը հուշում է, որ մարդկանց առողջության հետ գործ ունեցող նման հաստատությունները, բուժհիմնարկներին հավասար, պարտավոր են խստագույն պատասխանատվություն կրել պացիենտի առողջության նկատմամբ՝ իրազեկել իրենց ունեցած խղճուկ «հնարավորությունների» մասին, եւ այդժամ այցելուն ինքը կորոշի՝ խաչ քաշել աչքերի վրա ու ձրի՞ ստուգվել, թե՞ վճարել ու «շվշվացնելով՝ անհոգ ֆռֆռալ»… Հիմա ուզում եմ հարց տալ «Բեռլին օպտիկին» ու հաճախորդին ճանկը գցելու պրակտիկայով հարստացող մյուսներին՝ ի՞նչ գնով եք հատուցելու իմ ու ինձ նման հազարավոր այցելուների կորսված առողջությունը։ Ի՞նչ բարոյականությամբ եք մասնագետ բժիշկ պահել-վարձատրելու փոխարեն «մասնագիտացնում» լիկբեզ անցած, հայտնի չէ ինչ ծագման разнорабочий էժան աշխատուժին։ Ո՞վ է ձեզ իրավունք տվել ֆռռացնել մարդկանց, օգտվել նրանց չիմացությունից ու որպես «փորձաճագար» օգտագործել ձեր կեղտոտ ֆինտերի համար։ Եթե բժիշկ աշխատելու համար արդեն կարեւոր չէ բարձրագույն մասնագիտական ուսումը, ես էլ եմ, ուրեմն, հայտ ներկայացնում։ Ընդունե՛ք ինձ որպես ակնաբույժ։ Մանավանդ՝ այս ընթացքում լի՜քը գիտելիքներ եմ ձեռք բերել…
Կարծիքներ