Սյունիքի մարզպետի դատախազ որդին՝ եղբոր արարքի մասին

 Սյունիքի մարզպետի դատախազ որդին՝ եղբոր արարքի մասին

Գորիսում հուլիսի 14-ի գիշերը ներկա և նախկին մարզպետների որդիների մասնակցությամբ հրաձգության գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու նկատմամբ հետախուզումը շարունակվում է։ Այս մասին մեզ փոխանցում են Քննչական կոմիտեից։ 

Ավելի վաղ Մելիքսեթ Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով  տղայի՝ հետախուզման մեջ գտնվելուն, ասել էր․ «Օբյեկտիվ ծառայողական քննություն պետք է կատարվի։ Առաջին օրվանից քննությունը սխալ է գնացել, դրա համար ինքը չի հավատում»։

Սյունիքի մարզպետի մյուս տղան՝ Մասիս Պողոսյանը, դատախազ է, աշխատում է Սյունիքի մարզի դատախազի տեղակալ։ Վերջինիս մի քանի հարց ենք ուղղել.

-Ձեր եղբայրը հետախուզման մեջ է, ինչպե՞ս եք վերաբերում նրա ենթադրյալ արարքին, առաջադրված մեղադրանքին։ Գտնվելու վայրի մասին տեղեկություն ունե՞ք։ 

-Եղբորս գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեմ: Ինչ վերաբերում է առաջադրված մեղարդանքին, ապա ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչությունում իրականացվում է նախաքննություն, որի շրջանակներում կպարզվեն դեպքի բոլոր հանգամանքները, դրան եղբորս առնչությունը: Եթե քննությամբ կպարզվի, որ եղբայրս որևէ ձևով խախտել է ՀՀ օրենքը, ապա ինչպես այլոք, թող կրի համաչափ պատիժ: 

-Ձեր հայրն ասում էր, որ կներկայանա, երբ պատշաճ քննություն իրականացվի, այսինքն` դժգոհ էր քննչականի աշխատանքից, Դուք ի՞նչ կարծիք ունեք նախաքննական մարմնի աշխատանքի վերաբերյալ։

-Քանի որ դեպքի նույն օրը քրեական գործի նախաքննությունը տեղափոխվել է քաղաք Երևան, ինչպես նշեցի՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչություն, ուստի քննության մասին որևէ տեղեկություն առհասարակ չունեմ և չեմ հետաքրքրվում: Ավելին, անկեղծ ասած՝ մինչ այսօր որևէ տեղեկություն չունեմ, թե ով է գործով քննիչը, և ով է դրա օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: 

 -Ձեր կապերն ազդեցություն կունենա՞ն կոլեգաների վրա`գործը քննելիս։

-Միանշանակ՝ոչ, քանի որ առաջին հերթին ինքս ինձ թույլ չեմ տա, որպես օրենքի մարդ, որևէ ձևով միջամտել՝ անկախ նրանից, թե առերևույթ հանցանք կատարած անձը ինձ հետ ինչպիսի հարաբերությունների մեջ է գտնվում: Իմ գործընկերները նույնպես մտածում ու գործում են նույն կերպ և ինձ հետ որևէ կոնտակտ այդ հարցով երբևէ չեն փորձել հաստատել: 

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ ժամը 01.00-ի սահմաններում Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի և Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էին կրակոցներ, կային տուժածներ։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանության փորձի, զենքի գործադրմամբ խուլիգանության և ապօրինի կերպով հրազեն պահելու հատկանիշներով: Հարուցված քրեական գործի շրջանակներում Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նա մեղադրվում է սպանության փորձի և ապօրինի հրազեն պահելու մեջ։