Ի՞նչ գրունտային ճանապարհ են հրամցնում մեզ (տեսանյութ)

Ի՞նչ գրունտային ճանապարհ են հրամցնում մեզ (տեսանյութ)

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ Բերձորը, Աղավնոն ու Սուսը օգոստոսի 25-ին Ադրբեջանին հանձնելուց հետո Հայաստան-Արցախ կապը ապահովվելու է նոր երթուղով, որի մի մասը ժամանակավորապես անցնելու է գրունտային ճանապարհով: Արցախի նախարարը մասնավորապես ասել է`մեջբերում եմ.

«Օգոստոսի 1-ին Հայաստանում նոր տենդեր է եղել, որտեղ երեք ընկերություններ կսկսեն իրենց հատվածների կառուցումը։ Ենթադրվում է, որ գործող ճանապարհի փակվելուց հետո, ժամանակավորապես Հայաստանի սահմանից 3-4 կիլոմետրանոց գրունտային հատված կա, որով կփորձենք միանալ Հայաստան տանող մայրուղուն՝ այս ձևով ժամանակավոր լուծում կլինի՝ մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի» և ավելացրել. «Դա միջանցքի տրամաբանությամբ է գործելու: Հինգ կիլոմետրանոց հատվածը ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ։ Այդտեղ ադրբեջանական զորքեր, կամ այլ ծառայողներ չեն լինելու: Դա լինելու է նույն միջանցքի տրամաբանությամբ, ինչպես գործում է այսօրվա Բերձոր-Աղավնո միջանցքը»: Սա նաև ըստ ամենայնի Արցախի իշխանությունների պաշտոնական դիրքորոշումն է:

Հասկանու՞մ եք մեզ հրամցնում են գրունտային ճանապարհ` որպես մեծ ձեռքբերում: Ակամայից հիշում ես ՀՀ վարչապետի և Արցախի նախագահի հայտնի հայտարարությունները` ավելի բարեկարգ ու ավելի անվտանգ ճանապարհի մասին: Ու արդարացիորեն հարց է առաջանում սա՞ է ձեր բարեկարգ ճանապարհը: Հայկական իշխանություններն այնքան ապիկար դուրս եկան, որ նույնիսկ չկարողացան հասնել եռակողմ հայտարարության ժամկետների պահպանմանը կամ գոնե ճանապարհի կառուցելուց հետո հանձնեն միջանցքը: Թերևս մի քիչ քաղաքական կամք ու համարձակություն ունենալու դեպքում` կարելի էր հասնել գոնե եռակողմ հայտարարության ժամկետների պահպանմանը: Բայց ինչպես միշտ այս իշխանությունները սիրում են մարդկանց փաստի առաջ կանգնեցնել ու հիմա արդեն կանգնել ենք փաստի առաջ: Սակայն գոնե մի քիչ անկեղծություն ունենան ու իրերը իրենց անունով կոչեն: 

Տարբեր տեղեկություններ կան, այդ թվում նաև պաշտոնական, որ ճանապարհի Կոռնիձորի հատվածի 11 կիլոմետրանոց հատվածը պատրաստ կլինի 6 ամսից մինչև 1 տարի ժամանակահատվածում: Ու եթե, ինչպես ասեցի, իրերը կոչենք իրենց անունով, ապա 6 ամսից մինչև 1 տարի ժամանակահատվածով Արցախը ամբողջությամբ մեկուսացված է լինելու ու գտնվելու է շրջափակման մեջ` դրանից բխող հետևանքներով, քանի որ ուսումնասիրելով քարտեզի վրա այդ գրունտային ճանապարհը, կարող ենք եզրահանգել, որ այն չի կարող պատշաճ ապահովել Արցախ մտնող բեռնափոխադրումները, ինչպես նաև մարդկանց երթևեկության առկա ծավալը: Իսկ առջևում ձմեռ է, ինչպես է քարուքանդ, ոլորաններով լի ու խարխլված կամուրջով գրունտային ճանապարհը ապահովելու կապը Արցախի ու ՀՀ-ի միջև այդքան երկար ժամանակահատվածում:

Ի դեպ, մի քիչ համացանցը փորփրելով ու ուսումնասիրելով այդ ճանապարհը քարտեզի վրա, կհասկանաք, որ այդ տարածքում նաև ադրբեջանական դիրքեր են տեղակայված: Փաստացի մենք կանգնած են Արցախում նախադեպը չունեցող հումանիտար աղետի սկսման սկզբնակետում: 

Ինչ վերաբերվում է նոր ճանապարհի միջանցքային տրամաբանությանը ու 5 կիլոմետրանոց տրամաբանության պահպանմանը, ինչպես նշում է Խանումյանը, ապա հարց է առաջանում, եթե այն պահպանվում է, ապա ինչու՞ է Աղավնոն հիմա հանձնվում թշնամուն, քանի որ իրենց նշած ժամանակավոր գրունտային ճանապարհից Աղավնոն գտնվում է ընդամենը 953 մետր հեռավորության վրա: 

Մի խոսքով հարցերը շատ են, իսկ պատասխաններ չկան: Մնում է հուսալ, որ այս իշխանությունները մեզ հերթական անակնկալը չեն մատուցի ու հերթական անգամ փաստի առաջ չեն կանգնեցնի: Չնայած հույս դնել այս իշխանությունների վրա անկարելի է:

Ինչևէ դիտեք տեսանյութն ու հետևություններն ինքներդ արեք:

Մանրամասն՝ տեսանյութում: