Հեղափոխություն կամ զարգացում

Հեղափոխություն կամ զարգացում

Երեկ օրը նշանավոր էր ոչ միայն նրանով, որ Բուզանդի 1/3 հասցեում տեղակայված մի շարք լրատվամիջոցներ ծանուցումներ ստացան՝ տարածքն ազատելու մասին, այլեւ կալանավորումների ու նոր հետապնդումների շարքով։ Նախ, դեռ գիշերվանից լուրեր էին շրջում, որ Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներ են ձերբակալվել։ ՊՎԾ-ն երկար լռում էր, ապա կիսահեգնական ինչ-որ ստատուսներ գրվեցին, եւ հավանական ձերբակալվածներից մեկը հայտարարեց, որ ինքը ստուգումներ է իրականացնում Բժշկականում, ձերբակալվածները երկուսն էին։

Պարզ էր, որ կոռուպցիոն ինչ-որ սխեմա է գործել նոր իշխանությունների օրոք ստեղծված կառույցում, որի գլխին կանգնած է բավականին անկաշառ մարդու համարում ունեցող Դավիթ Սանասարյանը։ Մարդիկ սկսեցին ենթադրություններ անել, որ առանց պետի իմացության նման չարաշահումներն անհնարին էին, «սարքում են Դավիթի գլխին» կամ էլ՝ նա պարզապես վատ ղեկավար է, եւ իր քթի տակ ինչ ուզել, արել են։ Ամեն դեպքում, գիծը քաշվել է, եւ եթե առաջ նոր իշխանությունը հին իշխանությունների ներկայացուցիչներին էր բռնում, հիմա արդեն իր ներսում է «զտումներ» անում։

Ճիշտ եւ ճիշտ հեղափոխության կանոնների համաձայն․ 1917-1937 թվերը՝ ձեզ վառ օրինակ։ Ճիշտ է՝ երեկ հներից մեկին էլ բռնեցին․ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանին, ում մեղադրում են համայնքապետարանի հողի եւ գույքահարկի գումարներից առանձնապես խոշոր չափերի յուրացումների եւ վատնումների մեջ։

Դժվար է ասել, թե այս հետապնդումների շղթան եւ մթնոլորտն ինչքանով են նպաստում օրենքի ու օրինականության հաստատմանը եւ մեծ հաշվով՝ երկրի զարգացմանը։ Բայց կարծիք կա, որ այն խանգարում է նոր նախաձեռնությունների, նոր բիզնես-ձեռնարկների կայացմանը՝ փողն ու գործարարները չեն սիրում հեղափոխական միջավայր։