Կարանտինում պահվողը վարակվե՞լ է. ՌԴ-ից ներգաղթողների կարանտինն արդյունավետ չէ

Կարանտինում պահվողը վարակվե՞լ է. ՌԴ-ից ներգաղթողների կարանտինն արդյունավետ չէ

Մեր հայրենակիցների տունդարձի խնդիրը Ռուսաստանի Դաշնությունից օր-օրի ավելի է բարդանում: Կառավարությունն ի վիճակի չէ ապահովել վերադառնալ ցանկացողների մեկուսացումը եւ բախտի քմահաճույքին է թողել նրանց: Ապրիլի 20-ի լույս 21-ի գիշերը, ինչպես հայտնի է, ՌԴ ոստիկանությունը մաքրել էր Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի տարածքը եւ դուրս էր հրավիրել այնտեղ օրեր շարունակ հանգրվանած հայերին, սակայն հետագա օրերին նոր կուտակում է ստեղծվել: Ապրիլի 27-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հայտնեց, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվում է մոտ 27 ՀՀ քաղաքացի։ Ապրիլի 28-ի դրությամբ այնտեղ հավաքվածներն արդեն 40 հոգի էին: 

Ռուսաստանի տարբեր քաղաքներից նախկին խոպանչիները հասնում են Մոսկվա, «Դոմոդեդովո»: Բայց նոր ինքնաթիռի ժամանման մասին երեկվա դրությամբ լուր չկար: Կիեւի «Բորիսպոլ» օդանավակայանից կազմակերպված հատուկ չվերթը խառնեց ռուսաստանցի հայերի քարտերը: Մարդիկ հակված են մտածել, որ Կիեւի ինքնաթիռն իրենց պետք է բերեր, եւ հիմա հաջորդ «Մոսկվան» անորոշ ժամանակով հետաձգվում է: 

Նրանք զանգում են ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն, հայ համայնք, հայաստանյան ԶԼՄ-ներին, պահանջում, որ իրենց տուն հասցնեն, նույնիսկ ձայնագրում ու «եթեր» են տալիս դեսպանատան աշխատակցի հետ հեռախոսազրույցները: Սակայն պարզ է, որ համայնքն ու դեսպանատունն առավելագույնը կարող են մնալու տեղ ապահովել նրանց համար կամ էլ հայության ուժերը մոբիլիզացնելով՝ գումարներ հավաքել, լավագույն դեպքում՝ մեկ-երկու «բորտի» համար: Իսկ հիմնական հարցն այսօր կարանտինն է, որը հայրենիքը չի կարողանում ապահովել, ինչի պատճառով էլ չի ընդունում իր «որդիներին»: 

Ի՞նչ է անում այսօր պետությունը: Նոր ժամանած քաղաքացիներին օդանավակայանից տանում են հյուրանոցներ եւ պետության հաշվին պահում 14 օր, նրանց սնունդն ու գիշերավարձն ապահովելով: Նույն խնդրի առաջ կանգնել էր նաեւ Ռուսաստանը: Ահա ինչու ՌԴ-ն փոխեց մեկուսացման կարգը: Ապրիլի 3-ից ՌԴ ժամանածների մեկուսացումը եւ բժշկական հսկողությունն իրականացվում է տնային պայմաններում: Հատուկ ներդիրների միջոցով հսկվում է նրանց տեղաշարժը, եւ անհրաժեշտության դեպքում ահազանգ է գնում իրավապահներին: Հայաստանի կառավարությունը, սակայն, առայժմ հին, ծախսատար ճանապարհով է գնում:

Այս թանկ պրոցեդուրան միշտ չէ, որ արդյունավետ է: Մոսկվայից առաջին չվերթներից մեկով ժամանած քաղաքացի Արթուր Ա․-ն, որին 14 օր պահել են «Փարիզ» հյուրանոցում, «Հրապարակի» հետ զրույցում պատմեց. «Ընդհանուր առմամբ, նորմալ պայմաններ էին: Ես գոհ եմ: Մենակ մի դեպք եղավ: Մի սենյակում 4 հոգի էին պահում: Մի հոգու մոտ դրական էր թեստը, ու հիմա մյուս երեքին էլ նորից մտցրել են կարանտինի մեջ»: Հարցին՝ Մոսկվայից ժամանածների թվում հիվանդներ շա՞տ կային, Արթուրը պատասխանեց. «Իմ իմանալով, մարդիկ հիմնականում առողջ էին: Մի դեպք գիտեմ, որ երկու եղբայրներ կային, նրանցից մեկի մոտ կովիդ հայտնաբերվեց: Հետաքրքիր է, որ հիվանդացավ այն եղբայրը, որը միշտ տանը նստած է եղել, էն մյուսը, որ ինքն էր դուրս գալիս, խանութ գնում, այստեղ-այնտեղ, առողջ էր»:

«Փարիզ» հյուրանոցի տնօրեն Արշամ Շախբազյանը «Հրապարակի» հետ զրույցում տեղեակցրեց, որ հիվանդների տեղաբաշխման հարցերով հյուրանոցը չի զբաղվում: «Մենք տալիս ենք սենյակները, մնացած հարցերով պատվիրատուն է զբաղվում: Բայց կարող եմ ասել, որ մեզ մոտ հոգի չեն կարող պահել», - ասաց նա, նշելով, որ կառավարությունը կարանտինի մեջ գտնվող քաղաքացիների պահման համար ամբողջությամբ վճարել է: