Առաքելյանը հասկացել է, որ դժբախտ սրտով է իր առաքելությունն անում

Առաքելյանը հասկացել է, որ դժբախտ սրտով է իր առաքելությունն անում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանը մտադիր չէ մանդատը վայր դնելու դիմումը հետ վերցնել։ Նրա որոշումը վերջնական է՝ կգնա զբաղվելու իր սիրելի գործով, որը ծրագրավորումն է։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել այս թեմայով՝ նշելով, թե ինչու է հեռանում քաղաքականությունից․ «Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարևորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»։ Ապա հավելել, որ, ամենայն հավանականությամբմ կվերադառնա ՏՏ ոլորտ` իր համար այդքան հարազատ ու սիրելի կոդերի աշխարհ:

Hraparak.am-ը հարցրեց նրան, թե ինչու յոթ ամիս անց նոր գլխի ընկավ, որ ինքն այդքան էլ կապ չունի քաղաքականության հետ, ինչին ի պատասխան՝ Առաքելյանը խնդրեց նման կերպ չձևակերպել։ «Գլխի ընկնելու մասին չէ խոսքը, խոսքն այն մասին է, որ կա գործընթաց, դու քեզ գործընթացում տարբեր իրավիճակներում տեսնում ես և հասկանում ես, որ էդ ամենը տանում է մի տեղ, որտեղ բազմաթիվ զղջալու առիթներ են լինելու, որ ավելի վատ փուլում չես կայացրել էդ որոշումը»։ 

Այնուհետև մանդատը վայր դրած պատգամավորը թվարկեց, թե ինչ որակներ են անհրաժեշտ քաղաքականությամբ զբաղվելու համար, որոնք ինքը չունի։ «Օրինակ՝ դու չես կարողանում թեթև վերաբերվել էն հարցերին, որտեղ միշտ, մինչև պատգամավոր դառնալդ դու ծանր կտանեիր։ Այսինքն՝ չես կարողանում ցինիզմով վերաբերվել, ասել՝ դե, կանցնի կգնա, ես սրա համար պատասխանատվություն չեմ կրում։ Քաղաքական թիմը կայացնում է որոշումներ, և դու պարբերաբար կարող ես անհամաձայնություն ունենալ էդ որոշումների հետ։ Եվ անընդհատ կրել պատասխանատվություն որոշումների համար, որոնց հետ համաձայն չես: Սա եթե տևական ժամանակ է այդպես լինում, հոգեկան տառապանքների է բերում մարդուն ուղղակի։ Ես չեմ չափազանցնում, ես շատ ծանր ապրումներ եմ անընդհատ ունեցել, որովհետև ես չեմ կարողանում թեթև նայել»,-ասաց Էդգար Առաքելյանը՝ նշելով, որ ինքն իր բնույթով թեթև նայող չէ։

-Դուք ասել էիք, որ կոդերի, ըստ այդմ՝ նաև թվերի աշխարհը Ձեզ հոգեհարազատ է։ Այսինքն՝ թվերի հետ գործ ունեցող մարդ եք, ուստի, երբ մասնակցում էիք ընտրություններին, չէի՞ք հաշվարկել, որ նման իրավիճակներում կարող եք հայտնվել, որ Ձեզ կարող է հոգեհարազատ չլինել այս միջավայրը։

-Այդ հաշվարկներն այսպես էին։ Ես մտածում էի, որ էն դերակատարությունը, որի համար գալիս եմ, պարտադիր է, անհրաժեշտ է խորհրդարանում լինելու, և նոր Հայաստանում նման առաքելությունը կարևոր էր։ Իսկ այդ առաքելությունը, ներքին ժողովրդավարական գործում իմ լումայի ներդրումը ես տեսել եմ բոլոր այն իրավիճակներում, երբ անհրաժեշտ է ուղիղ խոսք ասել։ Ես էդ խոսքը պետք է ասեի և ասել եմ, և շատ հաճախ դա եղել է ոչ միայն ներքին քննարկումների ժամանակ, բայց ես ժամանակի հետ գիտակցել եմ, որ այդպես շարունակել և այդպես հավերժ գնալ՝ էդ ռեժիմով, ճիշտ չի։

-Ձեր գործընկերները Ձեր մասին ասում էին, որ Ձեր տեսակը պետք է խորհրդարանին՝ հորդորելով չգնալ։  Բայց մյուս կողմից` Դուք կարծես թե գնում եք ավելի շատ կոմֆորտի, եթե չասենք՝ կոմֆորմիզմի ճանապարհով, քանզի չեք ուզում կրել պատասխանատվություն, չեք ուզում հոգեկան ոչ ներդաշնակ իրավիճակում հայտնվել, մինչդեռ գուցե ճիշտ էր, որ մնայիք, պայքարեիք Ձեր սկզբունքների համար, ընդդիմանայիք։

-Էդ ամենը, ինչի մասին ասում են իմ գործընկերները, շնորհակալություն հարցի համար, դա ինքնին առաքելություն է։ Առաքելության մարդիկ գնում են վառվռուն աչքերով, մարդիկ գնում են կոմֆորտ զգալով։ Դժբախտ սրտով առաքելության չեն գնում։ Իսկ ես ինձ բռնեցրել եմ էն մտքի վրա, որ ես տևական ժամանակ դժբախտ սրտով եմ էդ առաքելությունն անում։ 

-Բայց Դուք դա երկրի, ժողովրդի համար եք անում, հանուն հայրենիքի եք անում, բայց հիմա կարծես փախուստ լինի դրանից։

-Այո, Վարազդատ Կարապետյանն ասել է, որ սա փախուստ է։ Այո, սա, մեծ հաշվով, փախուստ է։ Ես կարծում եմ, որ ես ավելի շատ բան ունեմ անելու IT ոլորտում, որովհետև էնտեղ ես ինչ անեմ, անելու եմ վառվռուն աչքերով և երջանիկ սրտով, ոչ թե դժբախտ սրտով։