Առողջապահական տեսչական մարմինն անցել է ստուգումների

Առողջապահական տեսչական մարմինն անցել է ստուգումների

Նոր ուստարին հանրակրթական դպրոցներում սկսվեց առկա ձեւաչափով ու միաժամանակ այն ցուցումով, որ տասը տոկոս վարակվածության դեպքում դպրոցները պետք է անցնեն ժամանակավոր հեռավար ռեժիմի։

Օրեր առաջ, սակայն, դպրոցի տնօրենները հայտնաբերել էին, որ կարգի մեջ փոփոխություն է արվել, եւ ԱՆ 2020թ․ սեպտեմբերի 18-ի 24-Ն հրամանին կից հավելում է դուրս եկել, համաձայն որի՝ ողջ դասարանն անցնում է հեռավար ուսուցման, եթե կա թեկուզ մեկ վարակակիր։ Դա վերաբերում է նաեւ մանկավարժներին․ եթե, օրինակ, մանկավարժը վարակվել է ու այդ ընթացքում շփվել է 10 դասարանի հետ, ապա այդ 10 դասարանն էլ պետք է անցնի հեռավար ռեժիմի։

Բայց այս նոր կարգավորման մասին նախարարությունն առանձին շրջաբերականով չի տեղեկացրել դպրոցների տնօրեններին, որոնք նոր խստացումների մասին տեղեկացել են շատ պատահաբար, երբ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը գնացել է ստուգումների հանրակրթական հաստատություններ։ Ընդ որում այն դպրոցները, որտեղ տեսչական մարմինը ստուգումներ չի իրականացրել, բանից անտեղյակ՝ շարունակում են աշխատանքը նույն ռեժիմով։

Հավելենք, որ որոշ խոսակցությունների համաձայն, տուգանքների չափը տատանվում է 120-800 հազարի սահմանում, որը տնօրենն անձնապես իր գրպանից է վճարում։