Ո՞ւմ վզին են դրել Անժելա Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու սուրբ պարտականությունը

Ո՞ւմ վզին են դրել Անժելա Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցելու սուրբ պարտականությունը

Իմացա, որ «Հայելի» ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի դեմ պատրաստվում են քրեական գործ հարուցել՝ «ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու առթիվ», Քրօրենսգրքի 226 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով, այն է` «անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով․․․․ եւ այլ հանգամանքներով պայմանավորված՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը», որը պատժվում է տուգանքով կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Կներեք, բայց ես հարց ունեմ` այդ ովքե՞ր են պատրաստվում Անժելա Թովմասյանի դեմ քրեական գործ հարուցել:

Պարզեցնեմ հարցը` այդ ո՞ւմ վզին են դրել Անժելի դեմ քրեական գործ հարուցելու սուրբ պարտականությունը: Կարող եք չպատասխանել: Ջհանգիրյանի հետ պատահածից հետո ես արդեն գիտեմ թե վզին դնողներին և թե վզին դրածներին` անուն առ անուն, սֆաթ առ սֆաթ: Խորհուրդս նրանց հետևյալն է` ձեռ քաշեք էդ հիմար նախաձեռնությունից: Մեզ մոտ` Լոռիում, նման դեպքերում ասում են` շաշ բանն անիլ չեն: Բայց եթե ցանկությունը շատ մեծ է, ապա կարող եք փորձել` աչքի առաջ ունենալով խայտառակվելու տխուր հեռանկարը:

Բայց գանք հոդվածին` անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով․․․․ եւ այլ հանգամանքներով պայմանավորված` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը: Եթե սա դիտարկենք որպես հանելուկ, ապա պատասխանը միանշանակ է` այդպիսի մեկ մարդ կա Հայաստանում, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է, ժողովրդական խոսքով ասած` Նիկոլը: Բոլոր պարամետրերը բռնում են: Նիկոլն է, որ ոչ միայն անձի ու անձանց խմբի, այլ մի ամբողջ ազգի նկատմամբ է բռնություն գործադրում` թշնամուն հանձնելով այդ ազգի կենսական տարածքներ, ազգային արժանապատվությունն ու իրավունքները: Նիկոլն է, որ խաղաղության իր կեղծ դոկտրինով մի ամբողջ ազգի նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր է անում բոլորին` Ամերիկայից մինչև Եվրոպա, G7-ից մինչև G20, Ռուսաստանից մինչև Իրան ու Չինաստան:

Մի՞թե Նիկոլը չի մեզ ռասայական խտրության ենթարկել` մաշկի գույնով բաժանել սևերի և սպիտակների: Մի՞թե Նիկոլը չի ամեն անգամ մի նոր մանիպուլյացիայով արդարացնում իր հերթական բռնությունը` մեղքը գցելով սրա-նրա վրա: Բռնություն կիրառելու հրապարակային կոչերը պոզով պոչով հո չե՞ն լինում` փռելու ենք ասֆալտին, ծեփելու ենք պատերին, էս մուրճը տեսնում եք չէ՞, կուզենանք մեխի գլխին կտանք, կուզենանք` կքաշենք, հանգիստ վեր ընկեք տեղներդ, ձեզ սարքելու ենք բոմժ... Իսկ յուրօրինակ բռնության ձև չէ՞ր արդյոք, կամ սոված մարդկանց ուղեղների բռնաբարություն, երբ Նիկոլը հայտարարում էր, թե փողերը հարուստներից վերցնելու է և բաժանի չունևորներին:

Մի խոսքով` վերոնշյալ հոդվածն ուղղակի լացում է Նիկոլի նման մեղադրյալ ունենալու համար, բայց արի ու տես, որ այդ հոդվածով ուզում են գործ հարուցել Անժելայի դեմ, որ ամեն օր Նիկոլի ու այս իշխանությունների մեիդն է փռում հանրության առաջ` որպես բռնապետի և նրա խունտայի: Ավերողին թողել, ավերմունքի դեմ խոսողին են ուզում բռնել` խելքի աշեցեք: