Այդ բացառիկ հավաքածուն տանի Արցախ, որը հետո թուրքերի՞ն նվիրեն

Այդ բացառիկ հավաքածուն տանի Արցախ, որը հետո թուրքերի՞ն նվիրեն

44-օրյա պատերազմից հետո Շուշիից տարհանված ու փրկված գորգերը շուրջ մեկուկես տարի է՝ ժամանակավոր հանգրվանել են Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, իսկ թանգարանի շուրջ ձեւավորված թնջուկը ոչ մի կերպ չի հանգուցալուծվում։ 
Հարցին ինչ-որ կերպ լուծում տալու համար Հանրային խորհուրդը բաց քննարկում էր կազմակերպել՝ հրավիրելով թե՛ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր տնօրեն Վարդան Ասծատրյանին, թե՛ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցչին, թե՛ ոլորտի մասնագետների։
Թանգարանի հիմնադիր տնօրենը նախ ներկայացրեց գորգերի թանգարանի ստեղծման, ապա պատերազմից դրանք փրկելու մի շարք մանրամասներ եւ այն անորոշ վիճակը, որի առաջ կանգնել են արդեն մեկուկես տարի։

ՀՀ ԿԳՄՍՆ-ն այս ընթացքում մի քանի տարածքներ է առաջարկել իրեն՝ Սարդարապատի թանգարան, Էռնեկյանին պատկանող նախկին ԱԳՆ շենքը, վերջին առաջարկը վերաբերում էր պատմության թանգարանին, որտեղ, ըստ նախնական պայմանավորվածության, պետք է 6 ցուցասրահ հատկացնեին, իսկ հարցն ամենաուշը հունիսի վերջին պետք է լուծում ստանար, եւ գորգերը ցուցադրվեին։ Բայց պարզվում է՝ այստեղ էլ տարբեր պայմանավորվածություններ են ձեռք բերվել, նախարարությունից ասել են՝ 3 տարով, պատմության թանգարանից՝ 6 ամսով։ Բացի այդ, տարաձայնություններ են առաջացել գորգերը համատեղ ցուցադրելու շուրջ, որը Վարդան Ասծատրյանի համար անընդունելի է, քանի որ սա առանձին թանգարան է եւ որպես առանձին միավոր էլ պետք է մնա․ «Հիմա ինձ նորից զանգել են ԿԳՄՍՆ-ից, ասում են՝ բերեք ի պահ հանձնեք պատմության թանգարանին, աշնանը ցուցահանդես կանենք։ Ստացվում է՝ հարցին վերջնական լուծում չի տրվում։ Հիմա իմ նպատակն այն է, որ սա գործի որպես առանձին թանգարան։ Ես ցանկացած կառուցողական առաջարկի պատրաստ եմ, ինձ համար կարեւորը, որ այս թանգարանը որպես առանձին միավոր գործի»։

ԿԳՄՍ  նախարարության մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Գառնիկ Մոմջյանն էլ ներկայացրեց պետության դիրքորոշումը՝  նշելով, որ պատերազմից հետո պետության կողմից անվճար գնահատվել են գորգերը, իսկ նախկին ԱԳՆ շենքում գորգերը տեղակայելու համար պահանջվել է 50-100 մլն դոլար՝ վերանորոգման եւ թանգարանային միջավայր ապահովելու համար, ինչի հնարավորությունը, սակայն, այժմ պետությունը չունի․ «Հետո՝ միեւնույն ժամանակ այդ տարածքը պետությանը չէր պատկանելու, ստացվելու էր, որ պետությունը 50-100 մլն անորոշ ժամկետով պետք է դներ մի տարածքի վրա, որը հետո կարող է պարոն Էռնեկյանը գար ու ասեր՝ իմ տարածքն ազատեք»։ 

«Մարդկանց մի ապակողմնորոշեք»,- հակադարձեց Վ․ Ասծատրյանն ու նշեց, որ ինչպե՞ս կարող ես պետության հետ պայմանավորվել, պայմանագիր կնքել, հետո նման իրավիճակի առաջ կանգնել։
ԿԳՄՍ ներկայացուցիչը շարունակեց՝ պետությունը որոշել է այդ գումարը դնել պատմության թանգարանի վերանորոգման վրա, որն ավարտելուց հետո կարող են գնալ այնտեղ եւ ցուցադրվել։ Գորգերի թանգարանի հիմնադիր տնօրենը կողմ է այդ առաջարկին, բայց սա դարձյալ վերջնական լուծում չի համարում։ «Պատմության թանգարանի տնօրենն էլ ասում է՝ այսպես ճիշտ չէ, որ 2 թանգարան մի թանգարանում գործի։ Ես կարող եմ մի տարի էլ սպասել, միայն թե առանձին տեղ հատկացվի, որ ոչ մեկի համար էլ խնդիր չլինի»,-ասաց նա ու հավելեց, որ չի ուզում իր թանգարանի հարցը լուծել մեկ այլ թանգարանի տարածքի հաշվին, քանի որ անառողջ վիճակ է ստեղծվում տվյալ թանգարանի եւ իր միջեւ։    

ԿԳՄՍՆ ներկայացուցիչը մեր հարցին ի պատասխան նշեց, որ իրենք պատրաստ են միայն տեղ հատկացնել եւ ոչ կարգավիճակ, քանի որ դա մասնավոր թանգարան է․ «Եթե նվիրաբերի պետությանը, նոր պետությունը մի ձեւ կմտածի եւ միջնորդություններ կներկայացնի տարբեր գերատեսչություններին»։ Փաստորեն, այլ տարբերակ պետության համար ընդունելի չէ։ 

Գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանն էլ առաջարկեց հենց Ստեփանակերտում ստեղծել թանգարանը, որին դարձյալ դեմ չէ հիմնադիր տնօրենը, բայց Արցախից եւս ասել են՝ բերեք առանց հստակ երաշխիքների․ «Այսօրվա դրությամբ Արցախը չունի միջազգային հստակ կարգավիճակ, եւ այնտեղ ամեն ինչ համակարգվում է խաղաղապահ զորքերի միջոցով։ Բայց, այդքանով հանդերձ, ես իրենց ասել եմ՝ պատրաստ եմ բերել Արցախ, եթե սա դառնա պետական, այսինքն՝ իմ եւ պետության միջեւ կնքեք ձեռքբերման պայմանագիր, իսկ պարտավորությունները, որ ի հայտ են գալիս այդ պայմանագրից հետո, ես պատրաստ եմ ինչ-որ ժամանակով հետաձգել՝ Արցախի հետպատերազմական վիճակով պայմանավորված։ Բայց նախ պայմանագիրը կնքենք, որ անգամ ամենավատ երազում, եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում էլ, Արցախն իրավունք ունի իր թանգարանն ունենալ։ Իսկ ես՝ որպես մասնավոր անձ, այսօր Ադրբեջանի համար հանցագործ եմ, ինձ դատի են տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ում, 5 հոդված են դրել, որ ես գող եմ, ու սա էլ իրենց թանգարանն է․․․ հիմա ես դա ո՞նց կարող եմ առանց պետական կարգավիճակի տանել Արցախ»։   

Ասծատրյանն ընդգծում է՝ բանակցությունները բոլոր կողմերի հետ միայն բանավոր մակարդակի են, մինչդեռ բանավոր խոսքն իրավաբանական ուժ չունի, ավելին՝ տեղեկացել է, որ ԿԳՄՍ նախարարությունից պատմության թանգարան գրություն էլ չի եկել, որ իրենց թանգարանը պետք է ցուցադրվի այնտեղ։ Թանգարանի հիմնադիրը փաստում է՝ գորգերի տեղն Արցախում է, բայց Արցախում այսօրվա դրությամբ ոչ միայն շենքային պայմաններ չկան, այլ նաեւ՝ անվտանգային։  
Ազգագրագետ, գորգերի փորձագետ Աշխունջ Պողոսյանը նշեց, որ հավաքածուի նշանակությունը եւ արժեքը բացառիկ են։ Ավելին՝ հենց դրանով են պայմանավորված մեր թշնամիների ագրեսիվ հայտարարությունները, որ դա իրենց թանգարանն է ու իրենց գորգերը։ «Ու հիմա քանի դեռ Արցախում անկայուն վիճակ է, եւ հայտնի չէ, թե վաղն այնտեղ ինչ է լինելու, այդ բացառիկ հավաքածուն տանել Արցախ, որը հետո թուրքերին նվիրեն, դա ոչ ոք չի անի, էլ չեմ ասում՝ հենց սեփականատերը»,- ասաց նա ու հավելեց, որ, իր կարծիքով, հավաքածուն առայժմ պետք է մնա Երեւանում, մինչեւ մի դուռ բացվի, եւ առանձին տարածք հատկացվի թանգարանի համար։ 

Մշակույթի նախկին փոխնախարար Արեւ Սամուելյանը, ով նույնպես ներկա էր քննարկմանը, իր խոսքում նշեց, որ Վարդան Ասծատրյանն իր համար մեր ժամանակի հերոսն է, որովհետեւ անձնական նախաձեռնության շնորհիվ կարողացել է տարհանել գորգերի թանգարանի հավաքածուի մեծ մասը, մինչդեռ 19 թանգարան մնաց եւ այժմ գտնվում է Ադրբեջանի օկուպացիայի տակ․ «Մոտավորապես 23 հազար մշակութային արժեք մնացել է թշնամուն, եւ միայն նվիրյալների շնորհիվ է հաջողվել ինչ-որ բաներ տարհանել։ Այո, Արցախի ժառանգությունը պետք է լինի Արցախում, բայց եկեք ռեալիստ լինենք․ եթե այսօր թանգարանը տարվի Ստեփանակերտ, Բերձորն էլ հանձնվեց, կարող է Վարդանը 2-րդ անգամ այլեւս չկարողանա դրանք փրկել եւ բերել։ Վարդան Ասծատրյանը հիմա ոչ թե կարիք ունի փոխհատուցման, այլ որ հանգիստ լինի իր հավաքածուի համար։ Այսօր կարելի է որոշ թանգարաններ դիտարկել, որ պետության հետ փոխհամաձայնության գան, տրվի կոնկրետ տարածք առնվազն 5, եթե ոչ՝ 10-25 տարով ի պահ պետությանը»։

Սամուելյանը նշեց, որ մենք մարզերում ունենք բավականին լքված տարածքներ, որոնցից մեկը կարելի էր վերանորոգել եւ տրամադրել գորգերի հավաքածուին, իսկ դրա համար պետք է ընդամենը քաղաքական կամք։ Ինչ վերաբերում է պատմության թանգարանին, ապա, ըստ նրա, պատմության թանգարանն էլ ունի տարածքի խնդիր եւ հավաքածուի միայն 7 տոկոսն է ցուցադրում: Ի դեպ, Ադրբեջանն ունի գորգի 14 թանգարան, իսկ մենք չունենք անգամ մեկը, միայն թանգարաններ, որոնց հավաքածուները հարուստ են գորգարվետսի նմուշներով։ 

Ի վերջո, քննարկումների արդյունքում որոշվեց ձեւավորել հանձնաժողով, որը նամակով կդիմի կառավարությանը՝ խնդրելով, որ առաջին հերթին լուծվի գորգերի պահպանության եւ ցուցադրության, ապա նաեւ՝ տարածքի հարցը։