Գյուղացիները սովորել են, որ երբ խնդիր կա՝ բերքահավաք եւ այլն, դիմում են ռուսներին

Գյուղացիները սովորել են, որ երբ խնդիր կա՝ բերքահավաք եւ այլն, դիմում են ռուսներին

«Ղարաբաղն Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր»,- BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել էր Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիեւը:

Նշել է նաեւ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ սահմանվել են խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական եւ որոշ չափով` իրավական շրջանակները (ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով 5 տարի ժամկետով խաղաղապահ զորակազմի տեղակայման մասին)։ Ալիեւի խորհրդականն ավելացրել է․ «Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջեւ այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, եւ որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»:

Հիշեցնենք, որ Բաքվում երբեմն նաեւ բաց տեքստով կոչեր են լինում՝ հեռացիր, Պուտին, հեռացեք, խոզեր։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների, Արցախում վերջին շրջանում միշտ չէ, որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում ամեն ինչ հարթ է։ Օրինակ, Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջերս ադրբեջանցիներն ինչ-որ բան են փորելիս եղել ու տրակտորով փակել են ճանապարհը, մեծ խցանում է առաջացել, հայերը զանգահարել են ռուս խաղաղապահներին, վերջիններս էլ Շուշիի պարետից բավականին կտրուկ տոնով պահանջել են վերացնել խցանումը։ Շուշիի պարետն էլ «ուղարկել է համապատասխան տեղ», ասելով՝ մեր ճանապարհն է, ինչ ուզում ենք, անում ենք։ Մուրադովն էլ հրամայել է՝ զրահամեքենայով ձորը գցել ադրբեջանցիների տրակտորը։ Եվս մի դեպք, երբ ադրբեջանցիները ռուսների «կապեպե»-ի մոտ զենք են թափահարել, ինչ-որ բան վանկարկել, որից հետո Մուրադովի հրամանով տանկերի փողերն ուղղվել են նրանց վրա։ 5 րոպե անց ադրբեջանցիներն անհետացել են։

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասում է, որ ադրբեջանցիների կրակոցների եւ սադրանքների նպատակն է՝ աշխարհին ցույց տալ, որ ռուսական կողմը չի կարողանում ապահովել խաղաղությունը։ «Ու իրենք անգամ խաղաղապահների մանդատը չեն ստորագրել եւ անընդհատ հայտարարում են, որ բոլոր գործողությունները սկսում է հայկական կողմը։ Բայց հայկական կողմը պահում է՝ ոչ թե որ վախենում է, այլ պահպանում է այդ եռակողմ համաձայնությունը։ Եվ ոչ միայն չի սկսում, այլեւ չի էլ պատասխանում։ Դիմում է խաղաղապահներին, բայց երբ չափն անցնում են, կարող է նախազգուշացնող ինչ-որ բաներ անել։ Եվ այդ ամենն իրենք անում են գողեգող, զզվելի, ու, փառք Աստծո, իրենց թիրախավորած կրակոցներից չեն տուժել ո՛չ հայկական, ո՛չ ռուսական կողմից։ Տուժելու դեպքում դա իրենց շատ լուրջ քաղաքական խնդիրների առաջ կկանգնեցներ։ Ուղղակի ահավոր ուժեղ պրոպագանդա են անում։ Ու էդ լուրը, որ գալիս-հասնում է, դա էլ պատահական չէ՝ որ իրենք ռուսների հետ կոնֆլիկտ ունեցան, էս, էն․․․ Բայց այսօր գոնե Ստեփանակերտն իրեն լիովին անվտանգ է զգում։ Նույնիսկ սահմանամերձ տեղերում մարդիկ արդեն սովորել են, որ երբ խնդիր կա՝ բերքահավաք եւ այլն, դիմում են ռուսներին»։ Մետաքսե Հակոբյանը նշեց, որ իրենք հանգիստ են՝ ռուս խաղաղապահը դեռ երկար ժամանակ կմնա Արցախում։

Հիշեցնենք, որ 1900 խաղաղապահի մանդատ էր հաստատված։ Արցախցի պատգամավորն ասում է, որ վերջին շրջանում սկսել են Արցախ գալ նաեւ ռուս կանայք՝ գուցե խաղաղապահների կանայք են։ «Իրենց հաճախ կարող ես տեսնել գեղեցկության սրահներում»,- ասաց Հակոբյանը։

Ադրբեջանցի կոնֆլիկտաբան, պատմաբան, քաղբանտարկյալ Արիֆ Յունուսովը հայկական լրատվամիջոցներին հայտնել էր, որ նման տրամադրություններ կան ադրբեջանական հասարակության ու ընդդիմության շրջանում, բայց ոչ իշխանությունների։ «Սկզբում դրանք ռուսամետ էին, եւ ես անգամ տեսել եմ, որ անցած տարի Բաքվի փողոցներում ՌԴ դրոշներով մեքենաներ էին երթեւեկում։ Մենք պետք է հասկանանք, որ կա ադրբեջանական հասարակություն եւ կա ադրբեջանական իշխանություն՝ Իլհամ Ալիեւ։ Եկեք տեսնենք, թե նա ինչ է անում անձամբ։ Նախորդ շաբաթ նա հրաժարվեց մասնակցել Ուկրաինայում Ղրիմի հարցով գագաթնաժողովին, քանի որ կա Ռուսաստան, որը դժգոհ կլիներ, ընդ որում՝ այն դեպքում, որ պատերազմի ժամանակ Ուկրաինան պաշտպանում էր Ադրբեջանին»,- ասում է Յունուսովը։

Փոխարենը՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Աղդամում բացված ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի հարցում էլ կան թուրքական դժգոհություններ, քանի որ կենտրոնում ոչինչ չեն անում՝ ողջ օրը միայն նարդի են խաղում։

ՀԳ․ Նշենք, որ Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) փորձագետները «Հետպատերազմյան հեռանկարները Լեռնային Ղարաբաղի համար» զեկույցում անդրադարձել են այս խնդրին՝ գրելով, որ ԼՂ հակամարտության բոլոր կողմերի շահերից է բխում նաեւ խաղաղապահների մանդատի հստակեցումը, կանոնավոր կապի ստեղծումը։ Նրանք նշում են, որ խաղաղապահներից բացի, տարածաշրջան է ժամանել Ռուսաստանի ԱԻՆ խումբը, այնպես որ՝ ռուս մասնագետների ընդհանուր թիվը մոտ 4 հազար է: Սակայն խաղաղապահների ֆորմալացված մանդատի բացակայությունը դիտորդներին ստիպում է գուշակել, թե ինչպես են նրանք վարվելու հակամարտության նոր էսկալացիայի դեպքում։ Իսկ իրավիճակի սրման պարագայում մեղքը բարդվելու է ռուսական կողմի վրա: Խաղաղապահների՝ ավելի մանրամասն մանդատ ձեւակերպելու խնդիրը լիովին լուծելի է, սակայն այն պետք է համաձայնեցվի 3 կողմի հետ, որոնք տարբեր դիրքորոշում ունեն՝ եզրակացրել է ICG-ն: Ի դեպ, զեկույցը կազմվել է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փորձագետների եւ պաշտոնատար անձանց հետ հարցազրույցների հիման վրա։