Ոստիկանության գործողությունների շնորհիվ է հնարավոր եղել իշխանության խաղաղ անցումը. Լեւոն Երանոսյան

Ոստիկանության գործողությունների շնորհիվ է հնարավոր եղել իշխանության խաղաղ անցումը. Լեւոն Երանոսյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկել է ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով դատական առաջին նիստը։
Մինչ նիստի մեկնարկը, Երանոսյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին։

Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը լրագրողներին փոխանցեց թերթիկ, որի վրա գրված է Երանոսյանի հայտարարությունն իր վերաբերյալ քրեական գործին։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ես՝ գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանս, հանրությանը տեղեկացնում եմ, որ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով: Ինչպես իմ ծառայության ողջ ընթացքում, այնպես էլ 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում գործել եմ բացառապես ծառայելով Հայաատանի ազգային և պետական շահերին:

Նշված իրադարձությունների ժամանակ ՀՀ ոստիկանության գործողությունները ընդհանրապես և իմ գործողությունները, մասնավորապես եղել են իրավաչափ և ստեղծված իրադրությանը լիովին համաչափ: Այդ գործողություններով կանխվել են զանգվածային բախումները ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև, իսկ նման գործողություններր չդիմելու դեպքում նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչ հետևանքների առաջ կարող էր կանգնած լինել մեր պետությունը: Ոստիկանության գործողությունների արդյունքում և դրանց շնորհիվ է հնարավոր եղել ապահովել իշխանության խաղաղ և անցնցում փոխանցումը. մի փաստ, որը հնարավոր չէ հերքել անաչառ լինելու դեպքում»։

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 26-ին Լևոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով։ Մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս էին եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս էին պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել էին ծանր հետևանքներ: Երանոսյանը իրեն մեղավոր չի ճանաչում: