Հուլիսի 1-ից կբարձրանա զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձը․ վարչապետ

Հուլիսի 1-ից կբարձրանա զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1-ից՝ ուսուցիչների աշխատավարձը․ վարչապետ

Վարչապետն այսօր կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ տարվա թիվ մեկ սկանդալային որոշմանը։ Եվ դա պարգևավճարների թեման էր, որի վերաբերյալ ներկայացվել էր Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով։

«Ինչու եմ ես ասում՝ տարվա ամենասկանդալային թեմային։ Ես հարկ համարեցի, որ մենք այս թեման հրապարակային և ամբողջական քննարկենք։ Խոսքը վերաբերում է պարգևավճարների թեմային։ Դուք գիտեք՝ ինչ մեծ հանրային քննարկում եղավ, ես բազմիցս եմ ասել, որ շատ կարևոր եմ համարում այդ քննարկումը։ Մենք անցած տարվա պետբյուջեի արդյունքներով կայացրել էինք որոշում, և ես ուզում եմ ասել, որ այս տարի առաջին եռամսյակում ՊԵԿ-ը 11.4 մլրդ դրամով գերակատարել է տարվա պլանը և ՊԵԿ-ն արդեն պարտավորվել է, որ այս տարվա պետբյուջեի եկամուտներն առնվազն քառասուն միլիարդ դրամով գերակատարվելու են, ինչը մեզ թույլ է տալու 2019 թվականի հուլիսի մեկից բարձրացնել զինծառայողների աշխատավարձը, իսկ սեպտեմբերի մեկից՝ ուսուցիչների աշխատավարձը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2018 թվականն իրենց համար շատ բարդ տարի էր հարկային եկամուտների հավաքագրման առումով, և իրենք անցած տարվա ընթացքում շատ բարդ և լարված աշխատանք են ունեցել ՊԵԿ-ի հետ, և այդ լարվածությունը տեսանելի չի եղել հանրությանը։ 

Վերջապես գալով պարգևավճարներին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետական ծառայության վարկանիշը պետք է լինի բարձր, և իրենք պետք է կարողանան պետական ծառայության համակարգը գրավիչ դարձնել քաղաքացիների համար, և դա, ինչպես հասկացանք, պետք է արվի պարգևատրումների միջոցով։ Վարչապետը դրանով, ըստ էության, արդարացրեց նման աստղաբաշխական թվերով պարգևավճարների երևույթը։