Կեղծ սցենարից անհասցե ծնվածները

Կեղծ սցենարից անհասցե ծնվածները

Քանի՞ տասնամյակ եւ քանի՞ հազար սերիա պետք է կրկնվի նույն սերիալը տարբեր անուններով, մինչեւ հնչի՝ «աղջիկ ջան, ուշքի արի»: 

Փաստորեն, անհնար է մերժել Դիանա Գրիգորյանի եւ Անահիտ Մխիթարյանի հեռուստատեսային հաղթարշավը: Սերիալագիր տիկնանց համար հիմա էլ ազատամարտն ու բանակն են դարձել շահարկելի թեմաներ․ «Անհասցե ծնվածները», «Պատվից առավել» սերիալներն այս պահին մրցակցում են նույն հեռուստաալիքով՝ «Արմենիայի» եթերում: Ու շահարկվում է ազատամարտը իբրեւ խայծ ու շղարշ. «հերը կռվող տղա էր եղել», զուտ նրա համար, որ երկրորդ մասից հետո մտնեն սենյակներն ու մի քանի հարյուր սերիա նույն բառերով ու ստերեոտիպերով, գողականով, կեղծ գլամուրով իրար հայհոյեն, ծեծեն, առեւանգեն, կրակեն, «գյուլլեն», հիվանդանոց ընկնեն: Առաջին սերիայում՝ պատվից առավել սահմանը պահող բանակի զինվոր, երկրորդում արդեն՝ բերդի բարբառ ու գողականության շքահանդես:

Եվ այս ողջ աղմուկն ու շառաչը՝ հանուն ոչնչի, ռեյտինգի, հովանավորի, իրականում՝ հանուն փողի: Ինչքա՜ն կարելի է վճարել ու իջեցնել դերասանների, նաեւ՝ լավ դերասանների վարկանիշը: 

Ինչպես միշտ, այս բանդագուշանքներում բոլորը բոլորին բարեկամ են, եւ իսպառ բացակայում են պետությունն ու օրենքը: Ստերեոտիպերը չեն փոխվում՝ մշտապես նվվան, թաց աչքերով մոխրոտիկ աղջիկ, երեսին շփփացնող խորթ մայր՝ «հետ արի, այ այլանդակի մեկը», ծամոն ճտացնող հիմար դուստր, աչքերն արյունոտ վրեժխնդիր եղբայր. «Անցել է 19 տարի, եւ ես նորից եկել եմ ուշացած, բայց եկել եմ, ապեր, որովհետեւ լիքը չլուծված հարցեր կան»: «Արմենիայի» հնաբնակ Դիանան իրոք գերազանցել է ինքն իրեն՝ «կգյուլլեմ, արյունդ կխմեմ» թեթեւ պատիժների փոխարեն դրական հերոսներն աճ են տվել` «բուգներդ կկրծեմ» (անհասցե՝ Կարեն Ասլանյան), «կգլխատեմ» (անհասցեի հոգեհայր՝ Հարություն Մովսիսյան): Բոլորս էլ գիտենք, որ Դիանան անմիտ, շփացած ու խելագար բառեր է շաղ տալիս, բայց ի՞նչ է մտածում դերասան Հ. Մովսիսյանը, որ արտաբերում է դրանք․

- Թագավոր ջան, մի քիչ փող տուր... Ո՞նց դրան սաղ բաց թողիր։ 
- Ես էլ իմ վրա զարմացա։
- Վով ջան, դու իմ աստվածն ես… Թագավոր ջան, փող չունեմ...
- Տանդ բանալին դիր սեղանին… Ավտոյիդ բանալին մնաց։
- Բա ո՞ւր ապրեմ... 
- Դու եկել էիր ստեղ մեռնելու ակնկալիքով։ 

Սա է, ապաշնորհ մտահղացման արդյունքում յուրաքանչյուրը դառնում է իր կերպարի ծաղրապատկերը՝ ազատամարտիկը, ղարաբաղցի տատիկը, մանկատան տնօրենը, խորթ մայրն ու դուստրը, գողականը, կոշկակարը: Բերդ-որբանոցի տնօրենը խոսում է սցենարիստի սրտից՝ «այ անհասցե անտեր»: Գլխավոր դրական մանուկը սպանում է տնօրենին, մյուսները համերաշխ հավանություն են տալիս այդ արարքին: 

Ինչո՞ւ պիտի անեկդոտ հիշեցնի Եռաբլուր այցը՝ «մինը մնից հերոս»..։ Անգամ բոմժն է անարժանահավատ ու գողաբարբառ: Ցելոֆանից վերմիշելներ ուտող երիտասարդը հանկարծ տեսնում է շլմորած աղջկա (միշտ նվվան Էմմա Մանուկյան), ոգեւորվում՝ «էս ինչ կպնել ա կպնում», ու բութ դանակով վնասում կոկորդը, որպեսզի դարձնի կատարյալ անհասցե-ողբացյալ:

Էս խելքով էլ իրենք իրենց գործուղում են Մոսկվա եւ Հունաստան, թե ինչ տարբերություն՝ առեւանգումը Լենինի դամբարանի՞ մոտ նկարեն, թե՞ երեւանամերձ լքված վայրում: 

Դոստոեւսկին մի առիթով ասել է․ «30 մամուլանոց միջակությունը սարսափելի է»: Ավելի սարսափելի է տասնամյակներ ձգվող գողական շքահանդեսը:                                                                             

Այս անդրադարձն էի գրում, երբ հանդիպեցի Նիկոլ Փաշինյանի՝ քրեական մտածելակերպի գովք եւ քարոզարշավ անելու երեւույթները բացառելու մասին խոսքին, որտեղ նա ասում է. «Եթե, օրինակ, մեր քաղաքական մակարդակում մենք խոսում ենք բռնությունից զերծ հանրության մասին, բայց մեր երեխաներն ապրում են քրեական ենթամշակույթի ազդեցության ներքո, հասկանալի է, որ մենք այդ խնդիրն ի վերջո չենք կարող լուծել, դա կմնա ընդամենը դեկլարացիա: Եվ այստեղ է, որ կրթության եւ մշակույթի ոլորտները շատ կոնկրետ անելիք ունեն, թե մենք ինչ բովանդակություն, ինչ ուղերձ ենք հղում երեխաներին նախակրթարանում, դպրոցում, եւ հետո, երբ նրանք երեկոյան հեռուստացույց են միացնում, ինչ են ստանում»:

Ինչպե՞ս պետք է միացյալ նախարարությունը պայքարի գողական ենթամշակույթի տարածման դեմ, եթե հեռուստաալիքների տերերը ցանկություն չունեն վերնագրից ու հովանավորների ցանկից բացի, նայելու հնաբնակ յուրայինի սցենարն ու մերժելու՝ «աղջիկ ջան, ուշքի արի»: Որքան էլ մեզ համար վահան ստեղծենք, թե մենք ու մեր ընտանիքը չենք դիտում, եւ հիմա ո՞վ է հեռուստացույց նայում, հիշենք, որ հեռուստացույցը հանրության մեծ մասի, նաեւ դեռահասների համար, ամենահասանելի տեղեկատվական միջոցն է, որի տեքստերն ու պատկերներն ընդօրինակելի են: Մաքրամոլություն կամ ջայլամություն անել եւ բարձրամիտ հայտարարել, թե մենք ու մեր էլիտար երեխաներն այդ սերիալները չենք նայում, եւ պլեբեյներն ու տատիկները թող նայեն ինչ-որ մարդկանց հարստացնող այդ վտանգավոր աղբը, մասնագիտական հանցանք է:                                                                         

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ