Պուտինի չշնորհավորելը պետք է ընդունել որպես քաղաքական մեսիջ

Պուտինի չշնորհավորելը պետք է ընդունել որպես քաղաքական մեսիջ

90-ականներից հետո առանց ընտրակեղծիքների, բռնությունների ընտրությունների անցկացումը, լեգիտիմ խորհրդարանն այլեւս իրողություն են։ Ոմանք նոստալգիկ տրամադրություններ են ապրում՝ հիշելով 1990թ․ Գերագույն խորհրդի եւ 1991թ․ ՀՀ նախագահի առաջին ընտրությունները, որոնք անցել են ոչ պակաս ոգեւորությամբ, քան օրեր առաջ անցկացված ԱԺ արտահերթ ընտրություններն էին, ոմանք էլ հիշում են, որ դրանից հետո մեկ էլ լեգիտիմության կասկած չեն հարուցել 1999թ․ ԱԺ ընտրությունները, որոնք, դժբախտաբար, մի քանի ամիս անց ավարտվեցին հոկտեմբերի 27-ով։ Քաղաքագետ Արմեն Բադալյանին հարց ուղղեցինք՝ որքանո՞վ կկարողանա ազատ, արդար ընտրությունների միջոցով ձեւավորված խորհրդարանը լուծել երկրի առջեւ դրված խնդիրները։ Արմեն Բադալյանը նշում է․

«Չեմ կարող ասել, ժամանակը ցույց կտա։ Չեմ կարող գուշակել։ Կարող եմ ասել, որ ԱԺ ընտրություններն արդար եւ թափանցիկ էին, լեգիտիմ են ինչպես կառավարող «Իմ քայլը» դաշինքը, այնպես էլ ընդդիմությունը՝ հանձինս «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների։ 1990 եւ 1999 թվականներից հետո սրանք երրորդ լեգիտիմ ընտրություններն էին»։ Մեր հակադարձմանը, որ մինչ այժմ գոնե ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը» ցույց չեն տվել, որ իրենք ընդդիմություն են գործող իշխանությանը, ավելին՝ կառավարությունում ունեցել են պորտֆելներ, չի՞ ենթադրվում, որ նրանք ԱԺ-ում հանդես կգան որպես գրպանային ընդդիմություն, քաղաքագետն արձագանքեց․ «Ո՛չ, չի ենթադրվում։ Դեկտեմբերի 9-ից գիծը քաշված է, դեկտեմբերի 10-ից սկսվում է նոր քաղաքական ժամանակաշրջան։ Եվ ապագան ցույց կտա՝ պաշտպանո՞ւմ են նրանք իրենց ընտրողների շահերը, թե՞ ոչ։ Խնդիրն այն չէ՝ նրանք ընդդիմադի՞ր են, թե՞ ոչ։ Բնականաբար՝ ընդդիմություն են, որովհետեւ գործադիր իշխանությունը ձեւավորելու է «Իմ քայլը» դաշինքը՝ առանց կոալիցիաների։ Նրանք ընդդիմություն լինելու համար չեն մուտք գործել խորհրդարան, այլ՝ իրենց ընտրողների շահերը պաշտպանելու»։

Նկատեցինք, որ նախկինում խորհրդարանական կառավարման փորձ ունեցող ուժերից «Ժառանգությունը», ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն կա՛մ չմասնակցեցին ընտրություններին, կա՛մ տեղ չգտան ներկա ԱԺ-ում։ Հնարավո՞ր է, որ նրանք առաջիկայում հանդես գան որպես փողոցի ընդդիմություն։ «Փողոցային պայքարի անհրաժեշտություն չկա, որովհետեւ խորհրդարանը լեգիտիմ է։ Իսկ ԱԺ ընտրություններին չմասնակցած ուժերի մեջ համեմատաբար ազդեցիկը ՀԱԿ-ն էր։ «Ժառանգությունը» վաղուց ազդեցիկ ուժ չէ։ Իսկ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն պետք է ենթարկվեն ռեբրենդինգի, ռեսուրսների գույքագրում կատարեն, ենթարկվեն իմիջային փոփոխության, նոր մտածեն ակտիվ արտախորհրդարանական գործունեության մասին»,- նշեց մեր զրուցակիցը։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունները դեռեւս չի շտապում շնորհավորել ՌԴ նախագահ Վ․ Պուտինը։ Մինչդեռ՝ արդեն իսկ շնորհավորել են ԱՄՆ պետքարտուղարությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հաննը, այլք։

Արդյոք սա չի՞ նշանակում, որ նորընտիր խորհրդարանում պահպանված չէ աշխարհաքաղաքական բալանսը արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ։ «Խնդիրն ավելի խորքային է։ Չշնորհավորելը պետք է ընդունել որպես քաղաքական մեսիջ։ Հենց այնպես չէ, որ չեն շնորհավորում։ ՌԴ-ի վերաբերմունքը ՀՀ-ի իշխանությունների նկատմամբ կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն վերականգնել բազմավեկտոր քաղաքականությունը։ Ինչպես մենք տեսնում ենք՝ իշխանափոխությունից հետո Հայաստանի վարչապետը միակողմանի ընդգծված ռուսամետ քաղաքականություն է իրականացնում, եւ արեւմտյան կենտրոնների հետ հարաբերությունները չի զարգացնում։ Այս պարագայում էլ ՌԴ-ն օգտվում է այդ արհեստական արտոնյալ վիճակից։ Չշնորհավորելը խնդիր էր Հայաստանի իշխանությունների համար։ Եթե Հայաստանի իշխանությունն իրականացներ բազմակողմանի քաղաքականություն եւ ցույց տար, որ գնալու ուրիշ տեղեր էլ ունի մեր երկիրը, ապա շնորհավորանքն անպայման կլիներ։ Իսկ խորհրդարանը ներկայացնում է Հայաստանի հասարակությանը։ ԱԺ-ում ներկայացված «Լուսավոր Հայաստան»-ը չափավոր արեւմտամետ կուսակցություն է։ «Բարգավաճ Հայաստանն» էլ այս կամ այն չափով համագործակցում է ՌԴ-ում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Բնական է, որ ՌԴ-ն չէր ցանկանա նման խորհրդարանական կազմ տեսնել։ Բայց դա ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ ՌԴ-ի խնդիրն է»,- նշեց մեր զրուցակիցը։