Հրազենի գործադրմամբ կոնֆլիկտը եղել է գողոնի շու՞րջ

Հրազենի գործադրմամբ կոնֆլիկտը եղել է գողոնի շու՞րջ

Հունիսի 22-ի երեկոյան Արշակունյաց պողոտայում կրակ բացած ենթադրյալ անձը ձերբակալված է: Նա Երևանի բնակիչ է, 32 տարեկան: Այս մասին քիչ առաջ հայտնեց քննչական կոմիտեն: Առայժմ նա կասկածյալի կարգավիճակում է, իսկ դեպքը որակվել է որպես սպանության փորձ:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան ահազանգ էր ստացվել Մասիսի ԲԿ-ից, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Մասիսի բնակիչ: Նա որովայնի թափանցող վերք է ունեցել և ի վիճակի չէր բացատրություն տալու կատարվածի վերաբերյալ:

ՔԿ-ն հայտնում է, որ դեպքի առթիվ գործ է հարուցվել սպանության փորձի և ապօրինի զենքի վերաբերյալ հոդվածներով /ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մաս, 235-րդ հոդվածի 1-ին մաս/:

Մեր տեղեկություններով, կրակոցներից հետո ենթադրյալ հանցագործը փորձել էր փախուստի դիմել: Տվյալներ ունենք նաև, որ հրազենի գործադրմամբ կոնֆլիկտի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել գողության համար, իսկ վեճը ծագել է գողոնի շուրջ: ՔԿ-ից տվյալը հրաժարվում են մեկնաբանել: