Պադումաեշ՝ մեկը դուրս է եկել, մյուսը եկել է․ այս արհավիրքի մեջ ինչի՞ մասին ենք խոսում

Պադումաեշ՝ մեկը դուրս է եկել, մյուսը եկել է․ այս արհավիրքի մեջ ինչի՞ մասին ենք խոսում

Մոտ երկու շաբաթ առաջ, վարչապետի հրամանով, աշխատանքից ազատվեց ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը: Որպես աշխատանքից ազատման հիմնական պատճառ՝ մամուլում մատնանշվեց Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցած միջադեպը, երբ քաղաքացիներից մեկը փոխնախարարին ու նրա թիմին դավաճան էր անվանել, ինչին փոխնախարարը որեւէ կերպ չէր հակադարձել եւ չէր պաշտպանել «դավաճան» իշխանությանը։ Որոշ տեղեկությունների համաձայն էլ, Ն․ Թուխիկյանը դեռ պատերազմի ավարտից հետո էր դիմում գրել, սակայն դիմումն այն ժամանակ չէր ընդունվել նաեւ այն պատճառով, որ իշխանությունը նրան փոխարինող հարմար թեկնածու չէր ունեցել։ Դատելով այն հանգամանքից, որ փոխնախարարի պաշտոնը դեռ թափուր է, կարելի է եզրակացնել, որ իշխանությունը դեռ փնտրտուքների մեջ է։ ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարարի հավանական թեկնածուների մասին հարցադրմանն այսպես պատասխանեցին․ «Երբ կլինի, կիմանաք։ Ըստ կարգի՝ փոխնախարարը նշանակվելու է վարչապետի կողմից»։

Ինչ վերաբերում է Նարինե Թուխիկյանի՝ աշխատանքից ազատման պատճառների մասին, նա այդ օրերին որեւէ մեկնաբանություն չտվեց։ Այդ առիթով մի քանի հարց ուղղեցինք նրան․  

- Տիկին Թուխիկյան, Ձեր՝ աշխատանքից ազատման փաստը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց։ Ի վերջո, ինչո՞վ էր դա պայմանավորված։

- Թող լրատվամիջոցներն էլի իրենց ֆանտազիաներին զոռ տան, ես ոչինչ այս պահին չեմ խոսելու։ Կգա ժամանակը, հետո կխոսեմ կամ չեմ խոսի, ինձ թվում է՝ դրա կարիքը չի լինի, որովհետեւ մեծ բան չի կատարվել այս ամբողջ պատմությունների մեջ։

- Վարչապետի կողմից Ձեր աշխատանքից ազատման հրամանը կապեցին Նկարիչների միությունում տեղի ունեցած միջադեպի հետ, որը նախորդել էր այդ հրամանին։

- Չէ, չէ, դա ի՞նչ կապ ունի․․․ միջադեպից առաջ էր որոշումը կայացված, ուղղակի զուգադիպություն եղավ, եւ որոշ ժուռնալիստների երեւակայության, աշխատանքի համար լավ առիթ եղավ՝ ինչ-որ բաներ հորինելու․․․ բայց սա ընդհանրապես հարց չէ՝ դուրս եմ եկել, դուրս չեմ եկել․․․։    

- Ասացիք՝ միջադեպից առաջ էր որոշումը կայացված․ Ձե՞ր կողմից էր կայացված, թե՞ վերադասի։

- Դեռ նոյեմբերին այդ խոսակցությունները տարածվեցին լրատվականներով, որ ես դուրս եմ գալու, եւ ես դուրս եկա․․․ բայց ես դեռ գործ ունեի անելու՝ Արցախի հուշարձանների հետ կապված, արեցի, վերջացրեցի ու դուրս եկա։ Դա անակնկալ չէր ոչ մեկի համար, նաեւ՝ լրատվականների։

- Այսինքն՝ ազատման դիմումը շուտ էիք գրել։

- Այո, ես վաղուց այդ մտադրությունն ունեի, եւ լրատվականներն այդ մասին գրել էին։

- Իսկ ինչո՞վ էր այն պայմանավորված՝ այլեւս համակարծիք եւ համամիտ չէի՞ք իշխանությունների գործելաոճին․․․

- Ես արդեն ասացի, որ հիմա դրա ժամանակը չէ․․․

- Իսկ ե՞րբ կգա ժամանակը։

- Հիմա Հայաստանում այնքան խնդիրներ կան, որ փոխնախարար է գնացել-չի գնացել, դա ընդհանրապես հարց չէ․․․ ես դուրս եմ եկել, Պողոսը դուրս է եկել, Պետրոսը մտել է․․․

- Այնքանով է հարց, որ գուցե այլեւս համաձայն չէիք ներկա իշխանության վարած քաղաքականության հետ, եւ դրա համար Ձեզ ազատեցին զբաղեցրած պաշտոնից։

- Դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ այսօր Հայաստանում շատ ծանր վիճակ է, մենք այդ մասին պետք է խոսենք․․․

- Խոսենք․․․

- Իսկ իմ թեման ընդհանրապես թեմա չէ, ինչո՞ւ եք այդ հարցն այդքան լրջացնում․․․

- Այնքանով, որ տարբեր աղբյուրներից տեղեկություն տարածվեց, թե նախարարությունում եւս քննարկվել է այդ միջադեպը, եւ նախարարը Ձեզ նախատել է քաղաքացու ասածները «կուլ տալու» համար․․․

- Նախ, ես հիստերիաներին չեմ հակադարձում՝ ընդհանրապես, եւ երկրորդ․ ինչ էլ որ եղած լինի՝ նախարար- չնախարար, ես, Պողոսը,  Պետրոսը․․․, էլի եմ ասում՝ մենք այսօր լիքը ուրիշ թեմաներ ու հարցեր ունենք, իսկ սա ընդհանրապես թեմա չէ, եւ ամոթ է, որ մեր ժամանակներում մենք խոսում ենք, թե փոխնախարարը դուրս եկավ, ինչու դուրս եկավ․․․

- Շատ ավելի ամոթ է, եթե, օրինակ, փոխնախարարին հեռացնում են աշխատանքից այն պատճառով, որ նա չի հակադարձել քաղաքացուն եւ չի պաշտպանել իշխանությանը․․․

- Նման բան չկա, ես նոյեմբերի կեսերից այդ որոշումը կայացրել էի, եւ հակադարձել-չհակադարձելու թեմա չի եղել, համենայնդեպս, ինձ չեն ասել՝ գիտես ինչ, չես հակադարձել, դրա համար․․․, այդ օրն առավոտյան ամեն ինչ վերջացել էր, եւ ես նախարարին ասել էի, որ գնում եմ, ուղղակի զուգադիպեց․․․ իսկ այդ պատմությունը, որ այդտեղ՝ այդ թեմայով, ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցավ, շատ տգեղ էր եւ մարդու մասին շատ բան է ասում։ Էլի եմ ասում՝ դա թեմա չէ․ պադումաեշ, մեկը դուրս է եկել, մյուսը եկել է․․․ այս արհավիրքի մեջ ինչի՞ մասին ենք մենք խոսում․․․։  

- Իսկ հիմա ինչո՞վ եք զբաղվում։

- Դեռ հանգստանում եմ, շատ երկար տարիներ հանգիստ չեմ ունեցել, հետո՝ նաեւ այլ ծրագրեր ունեմ, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել։

- Հնարավո՞ր է վերադառնաք Թումանյանի թանգարան։

- Ոչ, նախ՝ ինչո՞ւ վերադառնամ, եթե թանգարանը շատ լավ կառավարվում է, հետո՝ ես նույն տեղը չեմ վերադառնում։