Որն է ամերիկյան կողմի մոտիվացիան՝ հակամարտության կարգավորման գործում

Միացյալ Նահանգներում, իհարկե, կա կարեկցանք Ուկրաինայի հանդեպ։ Սակայն դեռ նախագահ Ջո Բայդենն էր հստակ հասկացրել, որ ամերիկյան պետության շահերին չի համապատասխանում այդ հակամարտության մեջ անմիջական մասնակցությունը։ Սա թերեւս նշանակում է, որ արդեն ներկայիս վարչակազմի օրոք ԱՄՆ-ն լիովին պատրաստ է թույլ տալու, որ Ուկրաինան պարտվի։ Այս մասին գրում է The Wall Street Journal պարբերականն իր վերլուծականում։
Ամերիկացիները պետք է անկեղծորեն պատասխանեն այն հարցին, թե ինչ է մտածում Ուկրաինայի ղեկավարությունն այդ մասին։ Հիշեցնենք, որ 2019 թվականին Թրամփին առաջին անգամ իմպիչմենթի ենթարկեցին դեմոկրատները՝ այն բանի համար, թե իբր նա Ուկրաինայից պահանջել է քաղաքական ծառայություններ՝ ամերիկյան զենքի դիմաց։ Ամեն բան, սակայն, ավարտվեց այլ բանով։ Պետդեպարտամենտից ակնարկեցին, որ Թրամփի իրական հանցանքն Ուկրաինայի անվտանգության հանդեպ ունեցած անտարբերությունն է։ Ու դա՝ այն դեպքում, երբ Ուկրաինան, ըստ պայմանագրի, չի հանդիսանում ԱՄՆ դաշնակից։ Թրամփը, ըստ էության, շոշափեց խնդրի բուն էությունը՝ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հայտնի լեզվակռվի ժամանակ։ Երբ Թրամփը հայտարարեց, թե Ուկրաինան չունի հաղթաթղթեր, նկատի ուներ, որ Ուկրաինան չի ընկալում ամերիկյան աջակցությունը՝ որպես իր գլխավոր հաղթաթուղթ։ «Ես քեզ հնարավորություն տվեցի ուժեղ տղա խաղալու»,- իր ողջ ուղղախոսությամբ հայտարարեց Թրամփը։ Վերջինս, մտահոգվելով երրորդ աշխարհամարտի հնարավոր բռնկման մասին, թերեւս ուզում է հասկացնել, որ Ուկրաինան սխալ է անում, երբ փորձում է ներկայանալ, թե պատերազմում է ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի անունից։ Ու, ավաղ, աշխարհը հենց այդպես էլ ընկալում է։ Եվ եթե Ռուսաստանը հաղթի մարտի դաշտում, աշխարհը դա կհասկանա որպես Ամերիկայի պարտություն։ Այն քաղաքականությունը, որը վարում է Ուկրաինայի մասով ամերիկյան ներկայիս վարչակազմը, կվարեր ցանկացած վարչակազմ, եթե առաջնորդվում է ողջամտությամբ։
Եթե Ուկրաինայի պարտությունը պետք է բացառել, ապա ԱՄՆ-ն, ի վերջո, պետք է ուղղակիորեն միջամտի պատերազմին, իսկ դա արդեն կարող է իրոք երրորդ աշխարհամարտի պատճառ դառնալ։ Հետեւաբար, հակամարտությունը գոնե «կեսճանապարհին կանգնեցնելու» տրամաբանությունը, որով առաջնորդվում է նախագահ Թրամփը, լիովին հասկանալի է։ Ռուսաստանի եւ Ամերիկայի միջեւ «կեղտոտ գործարքը», մեծ հաշվով, «կեղտոտ» է լինելու միայն Ուկրաինայի համար։ Ամերիկայի համար «կեսճանապարհին կանգնեցնելը», ի վերջո, նշանակում է ե՛ւ ինչ-որ չափով դեմքը փրկել, ե՛ւ խնդիրն օրակարգից հանել։ Իսկ դա արդեն կարեւոր ձեռքբերում կարելի է դիտարկել թե՛ ԱՄՆ-ի համար, թե՛ ՆԱՏՕ-ի։
Նույնիսկ եթե ռուսական զորքերը մնան Ուկրաինայի տարածքում, ԱՄՆ-ն իր դեմքը փրկելուց հետո դիրքերն ամրացրած կլինի, իսկ աշխարհն էլ դասեր կքաղի ռուս-ուկրաինական հակամարտությունից։ Ամերիկայի համար չափազանց կարեւոր է, որ ռուս-ամերիկյան գործարքը կայանա, որովհետեւ, եթե ձախողվի, ապա առեւտրային այն քաոսի հետ զուգորդվելով, որը ստեղծել է նախագահ Թրամփն իր սկսած մաքսային պատերազմով, կարող է կրկնակի ողբերգական ավարտ ունենալ ԱՄՆ-ի համար՝ գրված է The Wall Street Journal-ի վերլուծականում։
Կարծիքներ