Փաշինյանը սիրում է հակասահմանադրական հեղաշրջումներ կազմակերպել եւ ոչ միայն

Փաշինյանը սիրում է հակասահմանադրական հեղաշրջումներ կազմակերպել եւ ոչ միայն

Նիկոլ Փաշինյանը հակասահմանադրական հեղաշրջումներ անելու մասնագետ է. նա իշխանության է եկել հակասահմանադրական հեղաշրջման միջոցով եւ իր իշխանությունն էլ պահում է դրա միջոցով: 2 օր առաջ նա այդպիսի մի հակասահմանադրական հեղաշրջում իրականացրեց Գյումրիում՝ ճնշման եւ շանտաժի միջոցով քաղաքապետի պաշտոնից հեռացնելով գյումրեցիների համեմատաբար մեծ մասի քվեն ստացած քաղաքապետ Վարդգես Սամսոնյանին: Գյումրու քաղաքապետի պարտադրված հրաժարականը եւս մեկ կարեւոր ապացույցն է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Փաշինյանին պետք է բացարձակ վերահսկողություն ՏԻՄ-երի նկատմամբ, պետք է, որ բոլոր ՏԻՄ ղեկավարները ոչ թե լոյալ լինեն իշխանության եւ նրա ղեկավարի նկատմամբ, այլ լինեն նրա բացարձակ հսկողության տակ, լինեն նրա անմիջական ենթակաները: Այնպես չէ, որ Վարդգես Սամսոնյանը թունդ ընդդիմադիր էր կամ հականիկոլական, բայց նա իր անմիջական վերադաս էր համարում Սամվել Բալասանյանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, նա Կարեն Սարուխանյան եւ Նազելի Բաղդասարյան չէ, իսկ Փաշինյանին պետք է բացարձակ հսկողություն ընտրական գործընթացի նկատմամբ, որը հիմնականում իրականացվում է ՏԻՄ-երի եւ դրանց ղեկավարների միջոցով: 

Վարդգես Սամսոնյանը Գյումրու քաղաքապետ էր ընտրվել 2021 թ․ նոյեմբերի 1-ին, հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքներով, ՏԻՄ ավագանիներն ընտրվում են 4 տարի ժամկետով, եւ հաջորդ ընտրություններին մնացել էր մեկ տարուց էլ պակաս ժամանակ: Հիշեցնենք, որ Վարդգես Սամսոնյանը քաղաքապետ ընտրվեց «Բալասանյան դաշինքի» եւ ՔՊ-ի կոալիցիայի արդյունքում, նրա օգտին քվեարկեց դաշինքի 14 եւ ՔՊ-ի 10 ավագանու անդամ: «Բալասանյան դաշինքը» կարող էր կոալիցիա կազմել նաեւ ընդդիմության կամ ոչ ՔՊ-ի հետ, բայց Սամվել Բալասանյանը, որ հսկայական սեփականություն ունի եւ դրա ձեռքբերման ու շահագործման արդյունքում մեծ քանակով քրեական գործերի ճնշման տակ է, որոշեց պայմանավորվել իշխանության հետ՝ փորձելով փրկել իր սեփականությունը: Այդ պայմանավորվածությունն ընդամենը երեք տարվա կյանք ունեցավ. հիմա ե՛ւ Բալասանյանն է հետախուզման մեջ, ե՛ւ սեփականությունն է հռչակված ոչ լեգիտիմ: Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ պայմանավորվել, նա միշտ «քցելու» է, նրա աչքը միշտ ուրիշի ունեցվածքի եւ սեփականության վրա է:

Կարող էր, չէ՞, Փաշինյանը եւս մեկ տարի սպասել եւ 2025-ի հոկտեմբերին Գյումրու ավագանու ընտրություններում զավթել քաղաքային իշխանությունը, ինչ է` նա հաճո՞ւյք է ստանում հակասահմանադրական հեղաշրջում կազմակերպելուց, թե՞ իր համար կարեւոր է, որ երկրում որեւէ իշխանություն չլինի օրինական` սկսած իր իշխանությունից, վերջացրած ՏԻՄ-երով: Իհարկե, սա էլ կա: Կարող են ասել, որ այս մեկ տարին անհրաժեշտ է, որ ՔՊ-ական իշխանությունները պատրաստվեն գալիք ընտրություններին. համայնքային ենթակայություն ունեցող հիմնարկների ղեկավարներին եւ աշխատողներին իրենցով անեն, իրենց կողմից վստահելի մարդկանց պաշտոններ բաժանեն, որ հետո կարողանան ընտրություն կեղծել, կեղծիքը միայն մի մարդով չի լինում, դրա համար մի ամբողջ թիմ է պետք, դա թիմային աշխատանք է: Սա, իհարկե, իշխանության տրամաբանության մեջ է. բայց այնպես էլ չէ, որ մեկ տարի հետո իշխանությանն այնպիսի մի ուժ էր ընդդիմանալու, որ դրա դեմ պայքարի համար պետք էր ռեսուրսների նման մոբիլիզացիա: Ընդհակառակը՝ քաղաքական ուժերի մեծ մասը կոտրված է, ուժ եւ ռեսուրսներ չունեն՝ ընտրություններին մասնակցելու համար, ո՞վ էր հաջորդ ընտրությանը ՔՊ-ին լուրջ դիմադրություն ցույց տալու, Բալասանյանն էլ արդեն առաջվանը չէ: Ընդդիմության վիճակը հիմա ավելի վատ է, քան 2021 թվին էր, եւ դժվար թե մեկ տարվա ընթացքում էապես փոխվի դեպի լավը: Փաշինյանին ավելի շատ հետաքրքրում են համապետական ընտրությունները եւ դրանց կազմակերպումը:

Փաշինյանի եւ նրա իշխանության վիճակը եւս անընդհատ վատանում է. նա, բացի արհամարհանքից ու ատելությունից, որեւէ այլ հանրային զգացողություն չի առաջացնում: Նրա հույսն իրենից կախված մարդկանց փոքր խումբն է, որը պետք է կազմակերպի ընտրակեղծարարությունը՝ իր իշխանությունը եւս 5 տարով երկարաձգելու համար: Հիմա այդ մարդկանց պետք է ապահովել համապատասխան լծակներով, այդ թվում՝ նաեւ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիում: Իսկ ընտրակեղծարարությունը չի երեւում, երբ այն իրականացվում է համահավասար, ամբողջ երկրի մասշտաբով նույն ինտենսիվությամբ եւ նույն մեթոդներով:

Մի պահ պատկերացրեք, որ 2025 թ. գարնանն անցկացվում են արտահերթ ընտրություններ, եւ Գյումրիում ՔՊ-ի ստացած ձայները տոկոսային հարաբերությամբ պակաս են լինում, քան հանրապետության մյուս քաղաքներում` Վանաձորում, Արմավիրում կամ Էջմիածնում: Սովորական մարդկանց մոտ տրամաբանական հարց է առաջանալու. այդ ինչպե՞ս եղավ, որ Գյումրիում ՔՊ-ն պարտվեց, իսկ Արմավիրում եւ Էջմիածնում հաղթեց, ինչ է` միայն Գյումրիո՞ւմ են ատում Փաշինյանին եւ ՔՊ-ին, իսկ մյուս քաղաքներում լցված էին անզուսպ ջերմությամբ եւ սիրո՞վ: Պատասխանը լինելու է միանշանակ. Արմավիրի եւ Էջմիածնի, երկրի մյուս քաղաքների ՔՊ-ական քաղաքապետերն իրենց աշխատակազմերով ակտիվորեն ներգրավված են եղել ընտրակեղծարարության մեջ, իսկ, ահա, Գյումրու ոչ ՔՊ-ական քաղաքապետի համար ՔՊ-ի հաղթանակը կարեւոր չի եղել, նույնիսկ հակառակը` քաղաքապետն ինչ-որ առումով շահագրգռված է եղել իշխանության պարտության մեջ, ինչո՞ւ պետք է որեւէ ոչ ՔՊ-ական քաղաքապետ դեմ դուրս գա իր քաղաքի ընտրողներին եւ մասնակցի նրանց քվեարկության արդյունքների կեղծմանը: ՔՊ-ականի համար ընտրակեղծարարությունը սեփական իշխանությունը պահելու միակ հնարավոր միջոցն է:

Այնպես որ, արտահերթ ընտրություններին պատրաստվող Նիկոլ Փաշինյանը չէր կարող սպասել մինչեւ 2025 թվականի հոկտեմբեր եւ դրա համար էլ գնաց իր համար սովորական` հակասահմանադրական հեղաշրջման ճանապարհով: Իսկ թե ինչու Փաշինյանը չի կարող սպասել մինչեւ 2026-ի հերթական խորհրդարանական ընտրությունները եւ ուզում է արտահերթ ընտրություններ կազմակերպել` հաջորդիվ: