Կարող է նույնիսկ մի հարբած մարդ կեղծ ահազանգերով հաճույք է ստանում

Կարող է նույնիսկ մի հարբած մարդ կեղծ ահազանգերով հաճույք է ստանում

Վերջս ռումբերի տեղադրման մասին բազմաթիվ ահազանգեր էին ստացվում, սակայն   ԱԻՆ և ոստիկանության աշխատակիցների կատարած գործողություններից հետո դրսում ժամեր շարունակ տեղեկության սպասող լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնում էին, որ ահազանգերը հերթական անգամ կեղծ են։

Հիշեցնենք, որ ռումբերի տեղադրման մասին ահազանգերը հիմնականում կապված էր մայրաքաղաքի առևտրի կենտրոնների՝ մոլերի հետ։ Սկզբում հաղորդում էր ստացվել, որ «Երեան մոլի» ֆուդկորտում 3 ռումբ է տեղադրված, որոնք իբրև պետք է պայթեին։ Հետո արդեն ահազանգեր էին ստացվել, որ Երևանի մյուս առևտրի կենտրոններում էլ՝ «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի 1-ին և 2-րդ հարկերում և
«Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրում ևս ռումբեր են տեղադրված, ավելին՝ վերջին երկու դեպքում ահազանգերը եղել էին նույն օրը, գրեթե նույն ժամին։ 
Դեպքի վայրեր  էին  մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական  մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը և հոգեբանական աջակցության բաժնի ներկայացուցիչները։

Օրերս էլ ռումբի տեղադրման մասին հերթական կեղծ ահազանգն էր ստացվել, այս անգամ հաղորդվել էր, թե բուքմեյքերական ընկերություններից մեկի գրասենյակում է ռումբ տեղադրված։

«Հրապարակը» ԱԻՆ մամուլի պատասխանատու Էդմոն Զարգարյանից փորձեց պարզել, թե ի վերջո հայտնաբերվու՞մ են կեղծ ահազանգեր կատարողները, նախկինի նման ենթարկվու՞ն պատասխանատվության։

«ԱԻՆ-ը ի՞նչ անի, մենք պատժիչ գործողությունների գործառույթ չունենք։ Համենայն դեպս ԱԻՆ-ի գործառույթը չէ, երևի ավելի շատ ոստիկություն կամ գուցե ԱԱԾ գործառույթ է, կախված է նրանից, թե կոնկրետ ինչ ահազանգ է եղել։ Մենք գնում ենք մեր գործողությունները կատարում ենք, շներով փնտրում ենք, հետո հայտնում , որ ահազանգը կեղծ է, եթե կեղծ է։ Մեր անելիքները այդտեղ ավարտվում են արդեն»,- ասաց Զարգարյանը։

Զարգարյանի խոսքով՝ կարեւորը հասկանալն է՝ ով կամ ովքեր են այդ ահազանգերը անում։
«Դե կարող է նույնիսկ մի հարբած մարդ, մի հիմար մարդ, գուսանական լեզվով ասած, հաճույք է ստանում։ Ես չեմ կարող ասել՝ մեկ մարդ է անում, թե մի քանիսն են, որովհետև չհայտնաբերված դեպքերում հետևություններ չեմ անի, դա անշնորհակալ գործ է, անշնորհակալ է , քանի որ տվյալ դեպքերում չենք տիրապետում ճշգրիտ ինֆորմացիայի»,- ասաց Զարգարյանը։
Նշենք , որ կեղծ ահազանգողներին հայտնաբերելը իրոք ԱԱԾ գործառույթների շրջանակում է, սակայն դեռևս վերոնշյալ դեպքերով ԱԱԾ-ն որևէ մեկին հայտնաբերելու մասով հայտարարությամբ հանդես չի եկել։