«Աբովյանը սիրող» ցուցանակի գործով դատական նիստը կկայանա մայիսի 3-ին

«Աբովյանը սիրող» ցուցանակի գործով դատական նիստը կկայանա մայիսի 3-ին

2019 թվականի սեպտեմբերի 2-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը հայցադիմում էր ներկայացրել Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արուսյակ Առաքելյանի դեմ։

Գյուրջինյանը պահանջել էր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 189/3-րդ հոդվածի 1-ին մասով (Մշակութային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերի կողմից գովազդի միջոցներով հայտարարված համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունները խախտելը) վարչական պատասխանատվության ենթարկել նրան։ Գյուրջինյանը հայցի պատճառը Աբովյան քաղաքում տեղադրված “I LOVE ABOVYAN“ («ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԱԲՈՎՅԱՆԸ» ․․․ «LOVE» բառը ներկայացված է սրտի տեսքով) գրությամբ ցուցանակն է։ Ըստ ԼԿ նախագահի՝ խախտվել է «Հայոց լեզվի մասին» օրենքը, գրությունը հայատառ չէ։

«Հրապարակը» Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար  Արուսյակ Առաքելյանից հետաքրքրվեց, թե այս գործով ինչ զարգացումներ են եղել։ «Ոչ մի զարգացում էլ չի եղել։ Հետաձգվել էր, կասեցվել էր։ Բայց հետո հաջորդ նիստը նշանակել են մայիսի 3-ին», - ասաց նա։

Ինչ վերաբերում է գործի կասեցմանը, ապա Առաքելյանն ասաց, որ Վարչական դատարանը Սահմանադրական դատարան էր դիմել Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելու համար։ «Անմիջականորեն մեր գործի հետ կապ չունեցող հոդվածների հետ կապված։ Ուղղակի ընդհանուր դատավարական պրոցեսներին առնչվող հոդված էր», - հավելեց  Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Հարցին՝ վստա՞հ է, որ չեն պարտվի դատական գործը, տիկին Առաքելյանը պատասխանեց․ «Դե ո՞վ է կարող ասել։ Դատական պրոցեսն ո՞վ է կարող նախօորոք ասել՝ ինչ կլինի։ Կտեսնենք, թող դատավարությունը լինի, կերևա»։ 

Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ հնարվոր չեղավ կապ հաստատել` «Բաժանորդն անհասանելի էր»։ 

«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանի 2020 թվականի նոյեմբերի 18–ի որոշմամբ՝ այս վարչական գործի վարույթը կասեցվել էր, մինչև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 29-րդ գլխի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը:

«Նկատի ունենալով, որ սույն գործի վարույթը կասեցվել է մինչև մինչև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 29-րդ գլխի և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 223-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը և ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 23.02.2021 թվականին կայացվել է թիվ ՍԴԱՈ-1578 որոշումը՝ Դատարանը գտնում է, որ ի հայտ է եկել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանգամանքը, որպիսի պայմաններում սույն գործի վարույթը ենթակա է վերսկսման», - նշված է դատարանի որոշման մեջ։

Նշենք, որ ցուցանակը տեղադրվել է Աբովյան քաղաքի մի խումբ նախկին բնակիչների կողմից, և համայնքապետարանը դրա համար գումար չի ծախսել։