Լիտվան զիջումների չի գնա

Լիտվան զիջումների չի գնա

Լիտվայի նախագահ Գինտարաս Նաուսեդան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ միայն Եվրահանձնաժողովի հետ համատեղ ջանքերով կարելի է հասնել նրան, որ պատժամիջոցները ցավոտ լինեն «ագրեսոր երկրի դեմ»։ Նաուսեդան Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենի հետ քննարկել է Լիտվայի տարածքով բեռների տարանցման հարցը Կալինինգրադի մարզ և հայտարարել, որ Լիտվան զիջումների չի գնա Ռուսաստանին, տեղեկացնում է BBC-ն։

«Ակնհայտ է, որ Լիտվան պետք է կիրառի և կկիրառի ԵՄ պատժամիջոցները և վերահսկողություն պահպանի իր տարածքով տեղափոխվող ապրանքների նկատմամբ, և որևէ «միջանցքի» մասին խոսք լինել չի կարող, ինչպես որ Ռուսաստանին զիջումների մասին չի կարող խոսք լինել՝ ի պատասխան Կրեմլի սպառնալիքների»,- գրել է Նաուսեդան։

Այսօր ավելի վաղ Եվրախորհրդարանի լիտվացի պատգամավոր Պետրաս Աուշտրևիչյուսը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը փաստաթուղթ է պատրաստել, որը թույլ է տալիս բեռների տարանցումը Լիտվայի տարածքով դեպի Կալինինգրադի մարզ, սակայն երկրի իշխանությունները դրա վրա վետոյի իրավունք ունեն։

Հիշեցնենք, որ Լիտվան արգելել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը Կալինինգրադի մարզ: