Արցախյան ընտրանի

Արցախյան ընտրանի

Հրապարակվել են Արցախի ԱԺ ընտրությունների մասնակից կուսակցությունների ցուցակները: Հատկապես ուշադրություն են գրավում նորաստեղծ քաղաքական ուժերի պատգամավորության թեկնածուները, քանի որ ըստ այդմ կարելի է պատկերացում կազմել, թե նրանք ի՞նչ ընտրազանգվածի վրա են խաղադրույք դնում: Եւ այստեղ էլ վրա է հասնում հիասթափությունը: Ծանոթանում ես վերջերս պետական գրանցում ստացած կուսակցության ցուցակին եւ տեսնում, որ պատգամավորի մանդատի հավակնում են հայր եւ որդի, ամուսին եւ կին, փեսա եւ զոքանչ:

Մյուս կուսակցությունը պատգամավորի թեկնածու է գրանցել առաջնորդի աշխատավայրի գործընկերներին, նույնիսկ՝ հիմնարկի 80-ամյա պահակին: Պատահում են «Սարոյան եղբայրների» դեպքեր՝ քույրը մի կուսակցության ցուցակում է, եղբայրը՝ մյուս, իսկ նրանց հայրը՝ երրորդ: Պատգավորի թեկնածու են առաջադրվել պետական հիմնարկների տասնյակ աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների, այլ ուսումնական հաստատությունների տնօրեններ եւ ուսուցիչներ, նախկին զինվորականներ, որ երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել:

Զգացվում է, որ նորաստեղծ կուսակցությունների մեծ մասը ձեւավորվել է ընտանեկան, բարեկամական, ընկերական շրջապատում «հավաքագրման,, սկզբունքով: Չկա գաղափար, ծրագիր, քաղաքական մրցակցություն: Նպատակը մեկն է՝ խորհրդարանում ունենալ գոնե մեկ մանդատ: Տխուր պատկեր է: Մանավանդ  ակնհայտ է, որ հիմնական մրցակցությունը ծավալվելու է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի եւ Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության միջեւ:

Արցախը պետք է ընտրություն կատարի հեռանկարի եւ դեժավյուի միջեւ: Թե ի՞նչ խնդիր են լուծում կուսակցությունների անվան տակ միավորված հայրերն ու որդիները, կանայք եւ ամուսինները, փեսաներն ու աներ-զոքանչները, տարբեր թիմերում ընդգրկված քույրերն ու եղբայրները՝ դեռեւս պարզ չէ: Կմնա՞ն նրանք մրցապայքարի մեջ, թե՞ կես-ճանապարհին կհայտարարեն հիմնական խաղացողներից մեկին կամ մյուսին սատարելու մասին՝ դժվար է ասել: Իշխող տպավորություն է, որ այդ կուսակցություն կոչվող խմբերն առայժմ կամուկացի մեջ են: Եզրագծին հասնելու, մանավանդ այն հաջողությամբ հատելու հնարավորությունները չափազանց սուղ են, քաղաքական առեւտրի հեռանկարն՝ անորոշ: Պետք է, թերեւս, ափսոսալ կորսվելիք քվեների համար: Եթե, իհարկե, առաջիկայում ջրերը չհստակվեն: