Ալեն Սիմոնյանի պողոսներն ու մտածող պետրոսները

Ալեն Սիմոնյանի պողոսներն ու մտածող պետրոսները

Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ «քարոզիչներից» մեկը՝ Ալեն Սիմոնյանը իբր հեգնել է, իբր ծաղրել է ու Նիկոլի փիառն է արել։

Նայենք՝ ինչ է գրել Նիկոլի բաճկոնից փոշին թափ տվող սույն գործիչը։ Ասում է․ «Սաղ թարսա, հա. ձմեռը ցուրտ չարեց, որ մարդիկ սպառած գազի դիմաց շատ փող վճարեն, Նիկոլից դժգոհ լինեն: Ռուսները էլի հունվարի մեկից գազի գինը չթանկացրին: Թարսի նման, սկի ձյուն չի գալիս, որ Հայկին մեղադրենք ձյունը օդում չբռնելու համար: Քաշեցին, էս տարի էլ հերիք չի Ղարաբաղը հետ չտվեցին, մի բան էլ կործանիչ նոր ինքնաթիռ ստացան: Ամուլսարը մարդկանց տենց էլ չկիսեց, Ստամբուլյանն էլ ստորագրություն չհավաքեց: Նիկոլի վարկանիշն էլ փոխանակ իջնի` էլի բարձրացել ա: Թեժ աշունը մի տարի էլ հետաձգվեց, արդեն երրորդ անգամն ա 6 ամսից հետ չեկան: Մարդ չգիտի տրիոյով երգի, նորից ստորագրություն հավաքի, թե՞ մի 2000 հատ էլ ֆեյք բացի: Մտահոգ եմ է, ախպեր, փողա, որ ծախսվում ենք, որ խեռոսանանանք, չի օգնում: Բայց, եթե ինձ ու իմ նմաններն մեղադրանք առաջադրելով Հայաստանը ավելի ուրախ կլինի, եթե ինձ ու իմ նմանների թաթիկները կտրելով տնտեսությունը ավելի լավը պետք է լինի, եթե ինձ ու իմ նմաններին ասֆալտին փռելով, ասֆալտը ավելի լավը պետք է լինի, նաև ինչու ոչ, եթե ինձ ու իմ նմաններին բռնելով Հայաստանը, իրոք, ավելի լավ պետք է ապրի, ապա...»։

Հիմա եկեք ոչ թե իրենց սիրելի Պողոսի համար, այլ նորմալ, մտածող մարդու համար վերլուծենք այս տարվա «ամփոփումը»։

Նախ, հեչ լավ չի, որ ձյուն չի գալիս, դա նշանակում է հաջորդ տարի ոռոգման լուրջ խնդիրներ ենք ունենալու եւ բերքը պակաս է լինելու, գյուղացին ու գյուղատնտեսությունը անկում են ապրելու, եկամուտներն էլ պակաս են լինելու։ Մանավանդ՝ այս տարին ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն ձեռքերը լվացել է բերքի իրացման կազմակերպումից, այլ «Սպայկայի» մեջքը կոտրեց, մյուսներին էլ չկարողացավ աջակցել, որ այդ գործը նորմալ անեն։ 

Գազի գինը ռուսները չթանկացրին՝ ժամանակավոր, իրենց վարչապետի ասելով՝ մինչեւ ապրիլ-մայիս։ Ու չթանկացրին իրենց թախանձագին խնդրանքներից հետո եւ նաեւ մի նպատակով, որ հայ ժողովուրդը ռուսի ու Ռուսաստանի դեմ բացասական վերաբերմունք չկուտակի։ Հենց նույն նպատակով էլ Պուտինը աշնանը եկավ Երեւան, անգամ Նիկոլին մի քանի տողով Ամանոր շնորհավորեց, բայց դրանից առաջ բանտում գտնվող Քոչարյանին շնորհավորեց՝ շատ ավելի խորիմաստ ու հասկացնելով, թե իր նախընտրությունը որն է։ Չկասկածեք, որ հարմար պահի, հենց զգացին, որ Նիկոլը այն աստիճանի հանրային աջակցություն չունի, պատժելու են ամբարտավանության, հակառուսականության եւ այլնի համար։

Ղարաբաղի մասին դրական բան գրելն արդեն զավեշտի դաշտից է։ Անգամ ամենաթերուս ուսանողը հասկանում է, որ Ղարաբաղի բանակցային գործընթացում լուրջ հետընթաց կա, արդեն «ԼՂՀ ադրբեջանական համայնք» արտահայտությունն են ասպարեզ բերել։ Արցախը չի վերադարձել բանակցային պրոցես, սահմանին լարվածություն ու զոհեր ունենք։ Իսկ «կործանիչ նոր ինքնաթիռն» անգամ իրենց Դանիել Իոաննիսյանն է քննադատել, քանի որ հին է։ Նաեւ նախկինների բանակցածն է։ Ադրբեջանը դրանից շատ ավելի նոր սերնդի կործանիչներ ու տեխնիկա է ձեռք բերել այս ընթացքում։ Մանիպուլյացիան, իհարկե, իրենց ամենասիրելի գործիքն է, բայց դա մենակ պողոսների վրա կազդի, ոչ թե կարդալու, մտածելու ընդունակ մարդկանց։ 

Ստամբուլյան կոնվենցիայից ու Ամուլսարից առհասարակ չխոսեք․ այդ թեմաներից դուք եք ձեռք քաշել, մարդիկ էլ սպասում են ձեր քայլերին։ Հենց կեսքայլ անեք, էլի կստանաք համարժեք պատասխան։ Իսկ հիմա՝ Ամուլսարը, չնայած ձեր մեծ ցանկություններին ու վարչապետի հայտարարություններին, մնում է փակ, Ստամբուլյանն էլ հետաձգել եք մինչեւ գարուն։ Էնպես որ պատրաստվեք։ 

Ձեր հարցումներին ու ձեր գրած վարկանիշներին էլ երեւի մենակ լրիվ անմեղսունակները կհավատան։

Էդ նշածդ տրիոյի երգն էլ, պարոն Սիմոնյան, պարզվեց՝ ավելի շատ է նման հիթի, քան ձեր սաղ իշխանության ծնած հիթը, որ պետք է Ջինգլ Բելսի հետ մրցեր։ Ինչ վերաբերում է «խերոսին», ժողովուրդն ասում է՝ մեխն էլ է ձեր ձեռը, մուրճն էլ՝ ում կուզեք կբռնեք, ում ինչքան կուզեք կպահեք բերդում, բայց դե մի օր էդ մուրճով կարող ա ձեռքներիդ խփեք՝ Եւրոդատարան կա, Վենետիկի հանձնաժողով կա, իշխանափոխություն կա։ Եթե ձեզ թվում է՝ բանակում չեք ծառայել, բայց կամուֆլյաժը հագնում՝ գնում եք դիրքեր ու մաքրվում եք դասալիքի խարանից, սխալվում եք։ Վանոն ասում էր՝ զգույշ կամուֆլյաժը չմնա․․․Իսկ բերդում գտնվող, ձեր կամակայանությունների զոհը դարձած մարդուն ծաղրողներին, էլ չասեմ թե ժողովուրդն ինչ անուն է տալիս․․․․ինքդ լավ կիմանաս։

Գեւորգ Վարդանյան