Կրթել եւ սաստել

Կրթել եւ սաստել

Ոչ մի օրենք ու կոնվենցիա չի կարող հանցագործության կամ բռնության դեմ պայքարի լիարժեք գործիք լինել, ինչպես չեն կարող ատելության խոսքի, չարության, հայհոյանքի ու վիրավորանքի դեմ պայքարի գործիքներ լինել սուտ մատնության հոդվածի խստացումն ու ատելության խոսքի դեմ օրենքը։ Եթե օրենքների ընդունմամբ հնարավոր լիներ արատավոր երեւույթների դեմ պայքարել, ապա Քրեական օրենսգիրքը պետք է դեռ հարյուրամյակներ առաջ հնարավորություն տար արմատախիլ անելու այնպիսի ծանր հանցագործություններ, ինչպիսիք են սպանությունը, գողությունը, ահաբեկչությունը, փողերի լվացումը։ Մինչդեռ քրեական օրենսգիրքն ընդամենը պոստֆակտում կատարվածի դեմ պայքարելուն է ուղղված, թեեւ, իհարկե, անխուսափելի պատժի գիտակցումը, ենթադրվում է, պետք է կառավարի գիտակից մարդկանց գործողությունները եւ ուղղորդի նրանց։

Սակայն, երբ մարդն ընդունակ է 12-ամյա աղջկան գազանաբար խոշտանգել, նրա գիտակցության, օրենքի ու պատժի հանդեպ վախի վրա հույս դնել չի կարելի։ Այնպես որ, ինչքան ուզում է ընտանեկան բռնության մասին օրենքներ ու ստամբուլյան կոնվենցիաներ ընդունվեն, նման մարդկանց եւ բռնությունների դեմ պայքարը չի կարող արդյունավետ լինել օրենսդրական ճանապարհով։ Նման բռնությունների եւ նման գազանների դեմ պայքարի այլ մեթոդներ է կիրառում աշխարհը, որոնք, իհարկե, արագ արդյունք չեն ապահովում, սակայն բռնության դեմ պայքարի առավել արդյունավետ մեթոդներ մարդկությունը չի ստեղծել։

Գլխավոր գործիքը, անշուշտ, կրթությունն է, երբ երեխային մանկուց ներշնչում են, որ բռնություն կոչվող երեւույթը մերժելի է, իսկ բռնարարներն ամենազազրելի էակներն են։ Նաեւ հասարակական պարսավանքն ու բռնության հանրային մերժումն են կարեւոր, որը պետք է դառնա պետական քաղաքականության հիմնաքարը։