ՄԱԿ-ի ԱԽ նի՞ստ, թե՞ «Քրիստոսի վերջին ընթրիքը»

ՄԱԿ-ի ԱԽ նի՞ստ, թե՞ «Քրիստոսի վերջին ընթրիքը»

«Հայության ճակատագրի վարողները չգիտցան խոսել աշխարհի հետ, որ բնազդական արհամարհանք ունի դեպի տկարն ու լալկանը: Գերմարդկային ցավերից խելագարվածի լեզվով խոսելու փոխարեն` խոսվեց կանացի քրիստոնեության լեզվով»: Նժդեհի այս հանճարեղ ձեւակերպումն է գալիս մտքիս՝ ժամեր առաջ ԼՂ հարցով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստում տարբեր երկրների պատվիրակների ելույթներն ի մի բերելիս։

Իհարկե, լավ է, որ աշխարհի խոշոր խաղացողները, ուժային կենտրոնները դատապարտեցին Բաքվի անօրինակ բարբարոսությունները։ ԱՄՆ-ից մինչեւ Ֆրանսիա եւ հեռավոր Էկվադոր ու Բրազիլիա․ ՄԱԿ-ում այդ ու մյուս երկրների ներկայացուցիչների ելույթում կարմիր թելի պես անցնում էր ԼՂ հայության ճակատագրի նկատմամբ խոր մտահոգությունը։ Կոչեր եղան Ադրբեջանին՝ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը, դադարեցնել եւ բացառել բռնություններն Արցախի հայ ժողովրդի նկատմամբ եւ հարգել նրանց խաղաղ եւ անվտանգ ապրելու իրավունքը՝ թույլ տալով մարդասիրական աջակցության ցուցաբերում։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրազնին ներկայացրեց ալիեւյան ռեժիմի բարբարոսությունները, որոնց գլխավոր նպատակն իրենց պատմական բնօրրանից արցախցիների տեղահանումն է եւ նրանց էթնիկ զտումների ենթարկելը։ Հայաստանի ԱԳ նախարարը վկայակոչեց նաեւ ադրբեջանական սոցհարթակներում գերիշխող ատելության ու բռնության այն ահռելի չափաբաժինը, երբ կոչեր են հնչում՝ բռնաբարել հայ կանանց, անդամահատել մարդկանց ու կերակրել շներին։ Եվ այս աղաղակող փաստերի ֆոնին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, ինչպես ասում են, իր ելույթի ընթացքում հին ձայնապնակն էր միացրել՝ հերքելով հայկական կողմի փաստարկված պնդումներն ու հակադարձ մեղադրանքներ հասցեագրելով Հայաստանին ու Արցախին, թե բա՝ ձեր Փաշինյանն է ասել, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։

Սա, իհարկե, առանձին թեմա է։ ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստի բանախոսները, իհարկե, իրենք էլ չշրջանցեցին այս թեման՝ նշելով, որ ճանաչում եւ ընդունում են ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այդուհանդերձ, Ֆրանսիայի ԱԳ նախարար Քաթրին Կոլոննան առանձնապես ընդգծեց, թե խոսքը ոչ թե այդ ամենը կասկածի տակ առնելու մասին է, այլ Արցախում ապրող ու անօրինակ տառապանքներ կրող ժողովրդի խաղաղ գոյության եւ անվտանգ կեցության անվիճելի իրավունքի։
Գալով նիստի ընդհանուր պատկերին, երբ, ինչպես ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարեց՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հայացքն այս պահին հառած է իրենց՝ միջազգային տերություններին, արձանագրենք, որ այն, ինչ-որ իմաստով, նման էր «Քրիստոսի վերջին ընթրիքին», երբ բոլորը սպասում են, թե ով ում կդավաճանի եւ ով ում կպաշտպանի՝ անսալով հայ ժողովրդի հուսահատ կոչին (աշխարհում առաջի՞ն, թե՞, ըստ էության, միակ քրիստոնյա պետության)։
- Ձեզնից մեկն ինձ դավաճանելու է,- ասում էր Բարձրյալը։

ՀԳ․ Բայրամովն իր ելույթում շեշտեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հերքել հայկական կողմի մեղադրանքները եւ ասել, որ ԼՂ հայերի կյանքին վտանգ չի սպառնում, նրանց զանգվածային սպանությունների մասին տեղեկությունները կեղծ են։

Արա Ալոյան