Թատրոնները վտանգի տակ են

Թատրոնները վտանգի տակ են

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ միավորելու ԿԳՄՍ նախարարության ծրագիրը մի քանի օր է՝ փոթորկել է թատերական աշխարհը: Այս առիթով «Գոյ» թատրոնում հրավիրվել էր ասուլիս, որին ներկա էին նաեւ այլ թատրոններից դերասաններ, ռեժիսորներ, որոնց թվում՝ նաեւ Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանը

Խոսակցություններ են շրջանառվում, որ հաջորդ միավորումը տեղի է ունենալու Մալյան թատրոնի եւ Պատանի հանդիսատեսի թատրոնի միջեւ. թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանից հետաքրքրվեցինք` արդյոք կա՞ն նման խոսակցություններ։ «Այդպիսի խոսակցություններ չկան, բայց վտանգ կա, եղել է միշտ, հիմա էլ կարծում եմ` կա... Ինչ վերաբերում է «Գոյ» թատրոնին, ես այսօր նույնիսկ հուզվեցի, որ մարդիկ ստիպված արդարանում էին իրենց լավ արված գործի համար, ես իսկապես հուզվեցի, որովհետեւ չի կարելի արդարանալ, այս մարդիկ նվիրված աշխատում են իրենց թատրոնում, ես գիտեմ դերասաններին, Արթուր Սահակյանին շատ հարգում եմ, գիտեմ, թե ինչպես են աշխատում, ինչ նվիրվածություն կա այս թատրոնում, եւ առնվազն զարմանալի է, որ այս մարդիկ, այսքան գործ անելով հանդերձ, պետք է արդարանան, ինչի՞ համար»,- ընդգծեց Ն. Մալյանը: 

Ինչ վերաբերում է Մալյան թատրոնին եւ Ն․ Մալյանի դիտարկմանը, որ խոսակցություններ չկան, բայց վտանգ կա․ հարցրինք՝ ի՞նչ նկատի ունի, այդ վտանգը տարածքի՞ հետ է կապված, թե՞ ստեղծագործական միավորի։ «Մենք տարածք չունենք, ստեղծվել ենք Կինոմիության փոքր դահլիճում եւ 40 տարուց ի վեր աշխատում ենք այդ դահլիճում: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք ներկայիս Կինեմատոգրաֆիստների միության նախագահի հետ եւ համատեղ օգտագործում ենք այդ տարածքը եւ ոչ մի կոնֆլիկտային իրավիճակ չենք ունեցել: Այսինքն՝ ես չեմ հասկանում, թե այդ խոսակցությունները որտեղից են ծնվել եւ ոնց են տարածվում»: 

Ն. Մալյանը նկատեց, որ վերջերս հանդիպել է ԿԳՄՍ նախարարի հետ եւ լավ տպավորություն է ստացել, բայց մյուս կողմից էլ. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն մարդիկ, ովքեր թատրոնի ասպարեզից ինչ-որ բաներ են իրեն զեկուցում, միշտ չէ, որ անաչառ ինֆորմացիա է նախարարին հասնում: Ինձ մոտ այսպիսի տպավորություն կա, եւ ես ուղղակի չեմ հասկանում անաչառության այդ մոտիվները, պատճառները: Հույս ունեմ, որ ինչ-որ առումով այս անհեթեթ ծրագիրը կդադարեցվի, որովհետեւ չեն կարող անգամ բնության մեջ, արհեստական ձեւով 2 բջիջ միանան իրար, յուրաքանչյուր թատրոն ունի իր մտածելակերպը, իր տեսլականը, յուր տեսակը, եւ չեն կարող տարբեր տեսակներ ունեցող բջիջները միավորվեն: Բնության մեջ նման բան չի եղել, եւ, կարծում եմ, այս ամեն ինչը պետք է բարեհաջող ձեւով փակվի, անցնենք առաջ եւ շարունակենք նորմալ աշխատել՝ յուրաքանչյուրս մեր թատրոնում»: 

Ասում է` անկեղծորեն զարմացա, որ մյուս թատրոններից իմ գործընկերներին չտեսա, բայց մյուս կողմից էլ նկատում է, որ աշխատանքային ժամ է, եւ գուցե դրանով է պայմանավորված շատերի բացակայությունը. «Ես էլ զարմացա, ինձ թվաց, որ այսօր այլ թատրոններից եւս կլինեն մարդիկ, հատուկենտ մարդիկ կային, բայց կարծում էի, որ ավելի շատ կլինեն, որովհետեւ եթե այսօր մեկն է վտանգված, վաղը` մյուսը, հաջորդ օրը մեկ ուրիշ թատրոն կլինի»: