Լրանում է Գազայի հակամարտության մեկ տարին. Բայդենի «տխուր» ժառանգությունը
Անցած տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ «Համասի» ձեռնարկած արյունալի գրոհից, ինչի հետևանքով զոհվեց մոտ 1200 իսրայելցի, և հրեական պետության պատասխան գործողություններից հետո անցել է գրեթե մեկ տարի, իսկ արյունահեղությունը Գազայի հատվածում չի դադարում։
Այս մասին գրում է «Ամերիկայի ձայնը»՝ նշելով, որ Գազայում հակամարտությունը մոտենում է իր մեկ տարվան։ Սակայն նախորդ ամիսների ընթացքում ոչ միայն չի հաջողվել կանգնեցնել արյունահեղությունը, այլ տարածաշրջանը մոտեցել է լայնածավալ պատերազմին, հիշեցնում է հրատարակությունը:
Նախորդ շաբաթներին ռազմական գործողությունները տարածվեցին Իսրայելի Հյուսիսային հարևան Լիբանանում, ուր իսրայելական ուժերը շարունակում են օդային հարվածները «Հեզբոլլահի» օբյեկտներին։
Նախորդ շաբաթ Իսրայելին հաջողվեց սպանել «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլային, և դիտորդների կարծիքով` նշվածը դրդեց Իրանին օրեր առաջ հրթիռային հարված հասցնել հրեական պետությանը։ Այժմ աշխարհը սպասում է Իսրայելի պատասխան հարվածին։
Իրավիճակին անդրադարձել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը․ «Ակնհայտ է, որ տեղի ունեցածը Իրանի կողմից ձեռնարկած նշանակալի սրացում է: Կարևոր է, որ մենք կարողացանք քայլ կատարել Իսրայելի հետ և ստեղծել մի իրավիճակ, երբ Իսրայելում ոչ ոք չզոհվեց այդ հարձակման հետևանքով»։
Դիտորդներն անորոշության մեջ են, թե ինչ ընթացք կարող է ստանալ մերձավորարևելյան ներկայիս հակամարտությունը։
«Որևէ հստակ նշան չկա, ըստ որի կարող ենք դատողություն անել, թե իսրայելցիները կամ «Համասը» ձգտում են ավարտին հասցնել այս հակամարտությունը: Երկուսն էլ, կարծես, կարող են և ցանկանում են շարունակել [ռազմական գործողությունները] դեռ երկար ժամանակ»,- ասում է Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի ներկայացուցիչ Ջերալդ Ֆայերսթայնը։
Զուգանեռաբար՝ մեծանում է դիվանագիտական ճնշումը կողմերի և առաջին հերթին Իսրայելի նկատմամբ, քանի որ ավելի քան 140 երկրներ ճանաչել են Պաղեստինը որպես պետություն, այդ թվում՝ Իռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան, որոնք այդ քայլին գնացին այս տարի։
Մյուս կողմից, իրավիճակն ավելի բարդ է, քան թվում է առաջին հայացքից։ Դիտորդներից շատերի համար ակնհայտ է, որ արաբական երկրներից մի քանիսը ամենևին էլ դեմ չէին լինի, եթե Իսրայելն ի վերջո հասներ «Համասի» ու «Հեզբոլլահի» ոչնչացմանը:
«Ինձ համար դժվար է հավատալ, որ սաուդցիները, էմիրաթցիները, բահրեյնցիները և մյուսները չեն կարծում, որ տարածաշրջանն առանց «Հեզբոլլահի», առանց «Համասի», կամ առանց թուլացած այդ կազմակերպությունների ավելի լավն է»,- ասում է ամերիկյան Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուիչ Սթիվեն Քուկը։
Միևնույն ժամանակ, դիտորդները նշում են՝ Իսրայելի դեմ «Համասի» ձեռնարկած մեկ տարվա վաղեմության գրոհը քաջալերեց իսլամիստական այլ խմբավորումների, օրինակ՝ Սոմալիում գործող «Աշ-Շաբաբին» կամ «Իսլամական պետությանը»:
«Այն, ինչ տեղի է ունեցել [անցած տարվա] հոկտեմբերի 7-ի դաժան և սարսափելի հարձակումներից հետո, այդ գրոհի հետագիծն է, և այդ խմբերից յուրաքանչյուրն օգտագործել է ստեղծված իրավիճակը իր նպատակների համար»,- ասում է Արտաքին հարաբերությունների խորհրդի ներկայացուցիչ Ֆարահ Պանդիտը։
Ինչևէ, նախորդ շուրջ մեկ տարվա տարաբնույթ փոփոխությունների ֆոնին, թերևս, անփոփոխ է մնացել Վաշինգտոնի դիրքորոշումը Իսրայելի նկատմամբ: ԱՄՆ-ն հրեական պետության ամենից ազդեցիկ աջակիցն է՝ ինչպես ռազմական, այնպես էլ դիվանագիտական առումներով:
Գաղտնիք չէ, որ այս տարի Իսրայելի դեմ իրականացված իրանական արդեն երկու հրիթռային հարձակումների ժամանակ էլ տարածաշրջանում գործող ամերիկյան ռազմուժը էական դեր է խաղացել հրեական պետությունը պաշտպանելու գործում։
Լսենք, թե ինչ էր ասում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անցած տարվա հոկտեմբերի 7-ից օրեր անց։ «Մեր դիրքորոշումը հստակ է՝ մենք Իսրայելի կողքին ենք»,- ասում էր ԱՄՆ նախագահը։ «Չսխալվե՛ք․ Միացյալ Նահանգները լիովին, լիովին և լիովին աջակցում է Իսրայելին»,- այս շաբաթ հայտարարել է Բայդենը:
Ընդահանրացնենք՝ Գազայում հակամարտության առաջին տարեդարձին ընդառաջ՝ շատերն են այն կարծիքին, որ, ցավոք, արյունահեղությունը շուտով չի ավարտվի, և Բայդենն իր նախագահությանը հրաժեշտ կտա՝ մերձավորարևելյան հակամարտության ֆոնին։
Կարծիքներ