Մեր հրապարակումները հաստատվեցին հրամանագրերով

Մեր հրապարակումները հաստատվեցին հրամանագրերով

Երեկ Արմեն Սարգսյանը երեք հրամանագիր է ստորագրել, որոնցից երկուսի մասին մենք օրեր առաջ գրել էինք։ Մեկով ՀԱԿ Գյումրիի կառույցի նախկին ղեկավար, ռազմական ոստիկանության նախկին աշխատակից, ազատամարտիկ Աշոտ Զաքարյանին նշանակել է ՊՆ ռազմական ոստիկանության պետ։ Մյուսով ոստիկանապետի տեղակալ Հայկ Մհրյանին ազատել է պաշտոնից։

Հիշեցնենք, մենք գրել էինք, որ Մհրյանը իր ընկերոջ՝ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանի շնորհիվ հայտնվեց այդ պաշտոնին, սակայն հետագայում լուրեր հայտնվեցին, որ ոստիկանապետի երկու տեղակալները չարաշահումներ են թույլ տվել եւ նրանց նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, ինչի արդյունքում պետք է երկու փոխոստիկանապետերն ազատվեն աշխատանքից։ Երեկ Արմեն Սարգսյանն ազատել է Մհրյանին։

Եւ վերջապես երրորդ հրամանագիրը, որը վերաբերում է Հրանուշ եւ Արսեն Խառատյանների փեսային (մեկի աղջկա ամուսինն է, մյուսի՝ քրոջ)՝ Կարապետ Բադալյանին, ով սովորում էր դատավորների դպրոցում եւ անգամ հավակնում էր ՍԴ անդամ նշանակվել։ Երեկ Արմեն Սարգսյանի հրամանագրով նա դատավոր է նշանակվել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։

Ի դեպ, մենք գրել էինք, որ դատավորների էթիկայի հանձնաժողովը դիմել է ԲԴԽ-ին՝ Բարձրագույն դատական խորհրդին, առաջարկելով կարգապահական վարույթ հարուցել եւ պատժել Կարապետ Բադալյանին, ով եթերում դատավոր Ալեքսանդր Ազարյանի անաչառությունը կասկածի տակ դնող հայտարարություններ էր արել։ Սակայն ԲԴԽ-ն որոշեց այդ վարույթը կարճել եւ դատավորին չպատժել։ Իսկ Էթիկայի հանձնաժողովին դիմել էր փաստաբան Խուդոյանը, հանձնաժողովը գտել էր դիմումը հիմնավոր եւ հիմնվելով դատավորների վարքականոնի դրույթների վրա վարույթ էր սկսել, քանի որ Դատավորների դպրոցի ուսանողը նույնպես պարտավոր է ենթարկվել Վարքականոնին եւ գործընկեր դատավորների մասին ոչ պատշաճ հայտարարություններ չանել։ Սակայն ԲԴԽ-ն, փաստորեն, այս հարցում էլ է ենթարկվել իշխանությունների կամքին եւ չտեսնելու է տվել «без пяти минут» դատավոր Բադալյանի խախտումը։