ԽԾԲ համակարգը ՊԵԿ-ում Սուրբ Նիկոլի օրոք

ԽԾԲ համակարգը ՊԵԿ-ում Սուրբ Նիկոլի օրոք

Օրվա հացի խնդիր ունեցող աղքատ մարդկանց ամենաթույլ ու ցավոտ նյարդի վրա խաղացող Նիկոլ Փաշինյանը  ողջ քարոզարշավի ընթացքում շարունակում է խոսել, որ իրենք միգուցե սխալվել են, բայց ազնիվ, մաքուր, չկոռումպացված բյուրեղյա անձնավորություններ են, նրանք՝ թալանչի․ թալանել են ու գալիս են էլի թալանելու։ Մի խոսքով, ներկայանում է,  ոչ անհայտ Դոգի բառապաշարով ասած՝ նորածնի տուտուզիկից ավելի պայծառ դեմքով։ Ավելին, նույնիսկ լեզուն պտտվեց ասելու, որ հիմա Փաշինյան ընտանիքն ավելի վատ է ապրում, քան մինչև 2018 թվականը։

Երեկ «Հրապարակի» միջոցով բաց աղբյուրներում հայտնված Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) 2020 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվետվությունը վկայում էր, որ Փաշինյանի իշխանության ներսում կոռուպցիոն դրսևորումները չեն զիջում նախկին երևույթներին, իսկ հեղափոխականներն էլ են աչքի ընկնում բյուջեից միլիոններ գրպանելու մեծ ախորժակով։ Նախ․ 2020 թ․ համավարակը և պատերազմը ոչինչ չի փոխել Փաշինյանի թիմի ներկայացուցիչների կյանքում։2020-ի ընթացքում «աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով վճարվել է մոտ 2.5 միլիարդ (2 566 055 800) դրամ վարչապետի աշխատակազմին, որի շուրջ կեսը՝ որպես աշխատավարձ, իսկ մոտ 363 միլիոն դրամը`պարգևավճար, մնացածը`եկամտահարկ, արձակուրդային, տարբեր սոցվճարներ։ Պարգևավճարներն ամենաքիչը տրվել են պատերազմի մեկնարկին՝ հոկտեմբեր ամսին, պարգևատրվել է ընդամենը 1 աշխատակից՝ 294 հազար դրամով, իսկ սեպտեմբերին պարգևատրվել է 504 աշխատակից՝ ընդհանուր 56 միլիոն դրամի։ Մինչդեռ դեկտեմբերին մեծ է եղել ե՛ւ պարգևատրվողների թիվը, ե՛ւ պարգևավճարի չափը՝ 500 աշխատակից ստացել է մոտ 235 միլիոն դրամ, միջինացված հաշվարկով՝ յուրաքանչյուր աշխատակցի մոտ կես միլիոն՝ 500 հազար դրամ պարգևավճար է տրվել։

Պալատի զեկույցում նշված է, որ աշխատավարձի չափը գերազանցող պարգևավճարը հակասում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի կետին, ըստ որի՝ այն չպետք է գերազանցի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափը։ Պարգևավճարների հարցում նույնքան շռայլ են գտնվել նաև առողջապահության նախարարությունում, երբ նախարարն Արսեն Թորոսյանն էր, ով այսօր կառավարության աշխատակազմն է ղեկավարում։ Նա պաշտոնյաներին վճարել է ավելի քան 56 մլն դրամի պարգևավճար: Դա եղել է  Քովիդ-19 համավարակի դեմ պայքարի ծրագրերին կառավարության հատկացրած մոտ 26,5 մլրդ դրամից: Մինչդեռ, ըստ ՀՊ հաշվետվության, այդ ծրագրերով նախարարության աշխատակիցների համար պարգևավճարների գումար նախատեսված չի եղել: Զարուհի Բաթոյան, Հակոբ Արշակյան, այլք․ Գյումրից քայլած երիտասարդները շատ արագ ընկան լավ կյանքի համին, որը շարունակելու համար այսօր մարզեմարզ ընկած՝ քվե են աղերսում ժողովրդի այն հատվածից, որի կյանքում, ի տարբերություն իրենց, ոչինչ չի փոխվել, շատերի մոտ ամեն ինչ վատացել է։
 
2018 թ․ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրության ժամանակ մի բոցաշունչ ելույթ ունեցավ այն մասին, թե ինչեր, ինչեր է անելու։ Ելույթի այն հատվածում, որը վերաբերում էր հարկային համակարգին՝ ստվերի կրճատմանը, նա դիմեց հայաստանյան փոքր, միջին եւ խոշոր բիզնեսի բոլոր ներկայացուցիչներին, բոլոր իրավաբանական անձանց՝ կոչ անելով պատշաճ եւ ժամանակին կատարել բոլոր հարկային պարտավորությունները, պետական եւ հանրային կյանքի բնականոն կազմակերպումը չխաթարելու համար: Առանձին ուղերձ հղեց հաշվիչ դրամարկղային մեքենա կիրառող եւ նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիներին՝ ասելով․«Հայրենակիցներ, հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե մեր վարքագծում էական փոփոխություններ տեղի չունենան»։ Կառավարության վարքագծում էական փոփոխությունների փոքրիկ վկայություններից մեկը պետք է լիներ նաև կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից ամենամեծ «պոտենցիալն» ունեցող համակարգում՝ ՊԵԿ-ում վարքագծային և «ավանդական» քայլերի բացառումը։ Այսինքն՝ հին կադրերը հեռանային, վերացվեր կամ առնվազն փոփոխություններ լինեին խնամի-ծանոթ-բարեկամ՝ ԽԾԲ համակարգում։

Պարզվում է՝ այդ առումով ոչ միայն չի բարելավվել, այլ հակառակը, վատացել է, որովհետև, եթե «թալանչիների» օրոք մատների վրա կարելի էր հաշվել հարկային֊մաքսայինում բարեկամների առկայությունը, իսկ հայր և որդի գրեթե չկային, 2018֊ից  հետո արդեն ՊԵԿ «իրեն հարգող» մանր ու միջին ամեն մի չինովնիկ որդիներին կամ եղբայր֊սանիկ֊ նշանածներին բառացիորեն լցնում է համակարգ։ Զորօրինակ՝ Աննա Հակոբյանի խորթ եղբայր Ռաֆիկ Մաշադյանի հերթական ընկերը՝ Արտաշ Նազարյանը, երկու տարվա ընթացքում շարքային տեսուչից ցատկ կատարեց մինչև Նորքի (Մասիվի) հարկային տեսչության պետ՝ չմոռանալով տնից հետը բերել որդուն՝ Հրաչյային, որի անվան դիմաց հոր հայտարագրում՝ դեռ փոխկապակցված անձի կարգավիճակով հայտարարագրված էր 40 հազար ԱՄՆ դոլար՝ Նիկոլ Փաշինյանի 40 տարվա եկամուտը։Փաստորեն, նա ավելի շատ փող ունի, քան Սուրբ Նիկոլը, որը դոլարային դրամական միջոցներ չի հայտարագրել։

Հիշեցում,  աշխատում են Ռաֆիկ Մաշադյանի փեսան, փեսայի քույրը, եղբոր փեսան (վերջերս մեկնեց ԱՄՆ), մոտ մեկ տասնյակ սանիկներ, Մաշադյանի «Մաշտոցի կլանի» վարչության պետի տեղակալ Տիգրան Զաքարյանի Նարեկ անունով տղան ,տեսչության պետի տեղակալ Արթուր Գրիգորյանի Քաջիկ անունով  տղան՝  Արտաշես Նազարյանի տղան, բաժնի պետ Արևիկ Գևորգյանի ՝ Գրիշա տղան, բաժնի պետ Գոհար Զաքարյանի տղան։

Դեռ 2017-ին «Հրապարակը» գրել էր, որ «Մաշտոցի կլանը» ստեղծվել է 1990-ականների վերջին՝ Գագիկ Խաչատրյանի կողմից, որտեղ առաջին անգամ երիտասարդ Խաչատրյանը նշանակվեց հարկայինի պետ եւ ձեւավորեց իր թիմը, որի կազմում էր նաև այն ժամանակ երիտասարդ՝ Ռաֆիկ Մաշադյանը։

2019-ին Մաշադյանի մտերիմ Արտաշ Նազարյանը նշանակվել էր Արագածոտնի մարզի հարկայինի պետ։ Նա նախկինում եղել է ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Էդիկ Գսպոյանի «նապարնիկը» և ըստ օդում կախված լուրերի՝ Մաշադյանը ժամանակին հենց նրանց էր վստահում «յուղոտ ստուգումները», որոնք ենթադրում էին նաեւ «յուղոտ կաշառքներ» տնտեսվարողների, խոշոր բիզնեսի կողմից»։

Ահա այսպիսի բարեկամական-հայր-որդիական տեղաշարժեր «ազնիվների օրոք»։