Քեզ պես հովիվ էր պետք մեր այս անտեր հոտին

  Քեզ պես հովիվ էր պետք մեր այս անտեր հոտին

Այսօր Կարեն Դեմիճյանի ծննդյան օրն է։ Ղեկավար, ում սիրում էր ժողովուրդը։ Դա ժամանակի բովով թրծված սեր է, հավերժության մաղով անցած։ Համո Սահյանն անգամ, որ հայհոյում էր իշխանություններին, այսպիսի տողեր է նվիրել Կարեն Դեմիրճյանին․

Եվ ջանքերիդ համար և հոգսերիդ բազում
Բանաստեղծն իր սրտի վերջին խոսքն է ասում,
Որպեսզի հար մնար մեր Նաիրյան ոգին
Քեզ պես հովիվ էր պետք մեր այս անտեր հոտին:

Երեկ խորհրդարանի վեճի հետ կապված մի փոքրիկ հուշ ներկայացնեմ․

Կարեն Սերոբիչը հարցրել է Ռասել Ջոնսթոնին, թե քանի տարեկան է, պարզվել է, որ պրն Ջոնսթոնը չորս ամսով փոքր է։ Դեմիրճյանը դիմել է նրան. «Մեր մոտ գիտե՞ս կարգը ոնց է, եթե մեկը մեկից թեկուզ մեկ օրով մեծ է, փոքրը մեծին պիտի քեռի ասի։ Ես քո համար քեռի եմ, սրանից հետո ինձ քեռի կասես»։

Ակնարկ, որ հումորով է ասվում, քացր, բայց իմաստը սա է՝ փոքրը պետք է հարգանք ունենա մեծի հանդեպ․․․ Պարզ բան է , շատ պարզ բան, բայց երբ երկրի ղեկավարն է բարձրաձայնում ամեն ինչ ընկնում է տեղը։

Տեղին է հիշեցնել, մահվանից առաջ նրա բառերը, երբ հոկտեմբերի 27-ին ահաբեկիչներն ԱԺ դահլիճում կրակ բացեցին նրա և մյուսների վրա.

«Տղաներ հարցերն այսպես չեն լուծում»։

Ինչքա՜ն սեր կա այս բառերի մեջ, միայն ժողովրդին սիրող մարդը կարող է այսքան բաց խոսել ու ․․․ սարեր չխոստանալ․

«Մեր ժողովուրդը մանկան պես է, նրան միշտ խաբել են: Ես երբեք չեմ խաբի իմ ժողովրդին, եւ եթե իմ գործունեության ընթացքում ես գոնե մի փոքր բարձրացնեմ ժողովրդի մակարդակը, ես կհամարեմ իմ պատմական առաքելությունը կատարած: Մենք խորը փոսի մեջ ենք: Ամպամած , մթամած երկինք է: Այստեղից աջ ու ձախ ճանապարհ չկա: Պարան, աստիճան էլ չկա: Մնում է ինքներս, իրար օգնելով, դուրս գանք այս ճգնաժամային վիճակից»: