Տաթեւում ամեն ինչ կորոշի 2 մարդ

Տաթեւում ամեն ինչ կորոշի 2 մարդ

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում ՔՊ-ականները զավեշտալի իրավիճակում են հայտնվել․ թեեւ ընտրություններում ամենաշատ ձայներն են ստացել, սակայն բացարձակ մեծամասնություն հավաքել նրանց չի հաջողվել, նույնիսկ ձայների վերահաշվարկը ՔՊ-ականների օգտին ակնկալվող թվով ձայներ չավելացրեց։ Տաթեւ համայնքում բոլոր 7 ընտրատեղամասերի վերահաշվարկի արդյունքների հանրագումարում «Ապրելու երկիր» կուսակցության «կողմ» ձայները չեն փոփոխվել, «Շանթ դաշինքի» «կողմ» ձայներն ավելացել են 3-ով եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «կողմ» ձայներն ավելացել են 8-ով, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է 11-ով, անճշտությունների չափն ավելացել է 3-ով։

Այսպիսով՝ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը Տաթեւ համայնքում եղել է 2 հազար 613, ՔՊ-ն ստացել է 1288, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը՝ 952, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 337 քվե: Ստացվում է, որ վերջին երկու կուսակցությունների ձայների հանրագումարը 1289 է, իսկ ՔՊ-ինը՝ 1288, այսինքն՝ «Շանթ դաշինքն» ու «Ապրելու երկիրը» միասին 1 ձայն ավելի ունեն, քան ՔՊ-ն:

Մեզ հետ զրույցում «Շանթ դաշինքի» ներկայացուցիչ Շահեն Հարությունյանն ասաց, որ մանդատները բաժանվել են հետեւյալ համամասնությամբ․ ՔՊ-ն ստացել է 7 մանդատ, «Շանթ դաշինքը»՝ 6, իսկ «Ապրելու երկիրը»՝ 2, եւ եթե «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչները կոալիցիա կազմեն «Շանթ դաշինքի» հետ, ապա ՔՊ-ի թեկնածու, համայնքապետի ԺՊ Արթուր Մաթեւոսյանը համայնքապետ չի ընտրվի, ՔՊ-ն էլ կդառնա ավագանու ընդդիմադիր խմբակցություն։

«Մի ձայնի տարբերությունը մեզ հնարավորություն է տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» մեծամասնություն չձեւավորի համայնքային իշխանությունում։ Մանդատների բաշխումը հետեւյալ կերպ է եղել․7 մանդատ ստացել է «Քաղաքացիական պայմանագիրը», 6 մանդատ ստացել է «Շանթ դաշինքը», եւ 2 մանդատ ստացել է «Ապրելու երկիր» կուսակցությունը, 8 մանդատ է պետք մեծամասնություն ձեւավորելու համար։ Մեծ հաշվով, «Ապրելու երկիր» կուսակցությունից է կախված, թե ովքեր կձեւավորեն իշխանություն, որովհետեւ մենք կտրականապես բացառել ենք ՔՊ-ի հետ որեւէ կոալիցիա, եւ ընդհանրապես՝ բանակցություններից սկսած, կոալիցիայով վերջացրած, մենք իրենց հետ համագործակցությունը բացառում ենք։ Այո, կան բանակցություններ «Ապրելու երկիր» կուսակցության հետ, երկուշաբթի օրը ավագանու առաջին նիստն է լինելու, որտեղ ընտրվելու է համայնքի ղեկավարը, այդ ժամանակ արդեն ավելի հստակ կլինի»,- ասաց Հարությունյանը։ Նրան հարցրինք՝ կա՞ պայմանավորվածություն «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուների հետ, որ վերջիններս ՔՊ-ի թեկնածուի օգտին չեն քվեարկելու։ Հարությունյանի խոսքով՝ պայմանավորվածություն չկա, բանակցում են։

«Ոչ, մենք բանակցություններ ենք վարում, մեզ համար ինքնանպատակ չէ համայնքային իշխանությունը վերցնելը, եւ բանակցություններից հասկանում եմ, որ նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության համար ինքնանպատակ չէ զուտ իշխանություն վերցնելը, ես այդպես եմ հասկանում։ Մեզ համար կան որոշակի սկզբունքներ, արժեքներ, ծրագրային հարցեր, որոնք պետք է քննարկենք եւ տեսնենք՝ մեր համագործակցությունը ստացվո՞ւմ է, թե՞ չի ստացվում»,- պատասխանեց Հարությունյանը։

Նշենք, որ «Ապրելու երկիրը» նախկին սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանի ռեբրենդինգ արած «Առաքելություն» կուսակցությունն է։ Այն անվանափոխվեց, երբ Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը սկսեց հովանավորել նրանց։ «Ապրելու երկիր»-ի մուտքը քաղաքականություն սկսվեց բավականին տպավորիչ՝ ՏԻՄ ընտրություններում  մի շարք համայնքներում՝ Գյումրիում, Տաթեւում, Մեղրիում, նրանք հաղթահարել են անցողիկ շեմը եւ այժմ այդ համայնքներում ավագանու կազմում են, իսկ Տաթեւում էլ, փաստորեն, հենց «Ապրելու երկրից» կամ Ռուբեն Վարդանյանից է կախված, թե ով կլինի համայնքապետը։ Երկուշաբթի օրը, փաստորեն, Վարդանյանի կուսակցությունը «թեստ» հանձնի՝ իշխանամե՞տ է, թե՞ ընդդիմություն։