Ասյա Խաչատրյանը բողոքարկել է Արցախի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրգործը կարճելու որոշումը

Ասյա Խաչատրյանը բողոքարկել է Արցախի ոստիկանության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրգործը կարճելու որոշումը
Ասյա Խաչատրյան

Անցած տարվա փետրվարին Արցախի ոստիկանությունում արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արժանացած Ասյա Խաչատրյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ բողոքարկել է դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի 2018թ. դեկտեմբերի 7-ի որոշումը:

Գործն այժմ քննում է ՀՀ hատուկ քննչական ծառայությունը: Գործի քննության ընթացքի վերաբերյալ տուժող կողմը տեղեկատվություն չունի:

Հիշեցնենք, որ 2018 թ. փետրվարին Ստեփանակերտի ոստիկանության աշխատակիցները Ասյային հետապնդել են 3 օր շարունակ, Ասյայի փոխանցմամբ` տարբերվող արտաքինի և փողոցում ծխելու պատճառով:

Նշենք նաև, որ հունվարի 9-ին Ա. Խաչատրյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը տեղեկատվություն ստանալու ակնկալիքով դիմել է վարույթն իրականացնող մարմնին, սակայն պատասխան դեռևս չի ստացել: Քրեական գործը կարճելու՝ ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Դ. Դալլաքյանի որոշման դեմ բողոք է ներկայացվել ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին: Բողոքում նշվել է, որ վարույթն իրականացնող մարմինը օբյեկտիվ և բազմակողմանի քննություն չի իրականացրել և դրանով խախտել է Ասյա Խաչատրյանի՝ արդարացի քննության իրավունքը: