Հովիկ, դու դեպք ես

Հովիկ, դու դեպք ես

Հովիկ Աղազարյանը ծնվել է 1960 թվին՝ Կռիսի տարում: 2020 թվականին, երբ Հովիկ Աղազարյանն արդեն 60 տարեկան էր, եւ դարձյալ Կռիսի տարի էր, նա Ղարաբաղը (ներառյալ Քարվաճառը) բառիս բուն իմաստով հանձնեց թուրքին եւ հայտարարեց, թե Հայաստանում չի գտնվի մեկը, որ ամբողջ աշխարհին դուխով կասի՝ Քելբաջարը հայկական հող է: Բնականաբար, մեծ աղմուկ բարձրացավ նրա այդ հայտարարությունից: Հանրային ցանցերը լցվեցին քֆուր-քյաֆարով… ասեղ գցելու տեղ չկար: Ոնց էին գզում, ոնց էին գզում Հովիկին՝ էլ պատմելու չէ:

Այս ամենը որ տեսա՝ հումանիզմս բռնեց: Ասի՝ չվերցնե՞մ ու «Հովիկ Աղազարյանի աջակիցներ» խումբ բացեմ Ֆեյսբուքում: Բացեցի… Ես նոր մարդ չեմ այս ասպարեզում եւ քաջ գիտակցում էի, թե ինչ կարող էր տեղի ունենալ դրանից հետո: Իմ բոլոր սպասելիքներն արդարացան: Ոչ միայն նմուշի համար մի օգտատեր չանդամակցեց խմբին, այլեւ հայհոյանքների տարափը շրջվեց խմբի ու այն ստեղծողի կողմը: Հիմա մտածում եմ՝ բա քեզ պե՞տք էր… Մի խոսքով՝ հերթական անգամ համոզվեցի, որ մեր ազգը պատրաստ է հողին հանձնել հողատուին էլ, նրան պաշտպանող ամենամեծ հումանիստին էլ:

Այս դեպքից մոտ մեկ ամիս առաջ զանգել էի Հովիկ Աղազարյանին, որ հրավիրեմ իմ հեռուստահաղորդմանը: Դա մի հուսահատ փորձ էր՝ որեւէ քայլիստի բերել տաղավար եւ իշխանական ճամբարից հոդաբաշխ խոսք լսել այս խայտառակ պատերազմի մասին: Չեկավ: Թե բա՝ ես ձեր լրատվամիջոցին հարցազրույց չեմ տալիս… Բայց մի երկու օր հետո ի՞նչ տեսնեմ… Մեր Լուսոն (Լուսինե Շահվերդյան) էս Հովիկ Աղազարյանիս նստացրել ա սեղանի վերի գլխին ու խոսացնում ա… Այո, հենց «խոսացնում ա», որովհետեւ Հովիկ Աղազարյանն այն քաղաքական գործիչն է, որին պետք է խոսացնես՝ բզես, խուտուտ տաս, լեզվից քաշես, որ մի կոտրված նախադասություն ասի: Մտքի մասին էլ խոսք չկա:

Հովիկը, իհարկե, մինչեւ «Քելբաջարի պատմությունը» մի անգամ էլ էր փորձել միտք արտահայտել, բայց դարձյալ խայտառակություն էր ստացվել: Նա հայտարարել էր, որ ինքը քաղաքական գործիչ է եւ պարտավոր չէ իր ասածները հիմնավորել: Այն ժամանակ ինձ թվաց, որ Աղազարյանը կատակում է, բայց հիմա, երբ նա արդեն միտք արտահայտելու երկրորդ փորձն է արել եւ հայտարարել, որ Քարվաճառը հայկական չէ, որ Հայաստանում չի գտնվի մի մարդ, որ հակառակը պնդի, ես հասկացա, որ քաղաքական գործչի իր տրամաչափը ցուցադրելիս Աղազարյանը երբեք չի կատակում: Նման դեպքերում ասում են՝ տվածուրիկ է:

Հիմա՝ ամենակարեւորի մասին: Հովիկ Աղազարյանի կենսագրության մեջ, իսկ նա 1988-1990 թվականներին հանդիսացել է Սուրենավան գյուղի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար, մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին, Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Փաշինյան Նիկոլի հետ շրջագայել լարված գոտում, կա մի լուսավոր կետ՝ Հովիկ Աղազարյանը պարգեւատրվել է «Դրաստամատ Կանայան» մեդալով: Չգիտեմ՝ որ թվին, չգիտեմ՝ ում կողմից, չգիտեմ՝ ինչի համար (այդ մասին հիշատակություն չգտա), բայց պարգեւատրվել է: Այո, Դրոյի մեդալով, այն Դրոյի, որ ազգային-ազատագրական պայքար է ոգեշնչել, այն Դրոյի, որ հաղթական հերոսամարտեր է կերտել, այն Դրոյի, որ թուրք-վրացական խաժամուժը մաքրեց Լոռուց ու հասավ Թիֆլիս: Ես ամենեւին էլ չեմ ակնարկում, թե պետք է Հովիկ Աղազարյանից հետ պահանջել «Դրաստամատ Կանայան» մեդալը: Դրա կարիքը չկա, պարզապես կուզենայի իմանալ՝ Հայաստանում կա՞ Դրոյի մեդալ ունեցող գոնե մեկ հայ, որ ի լուր աշխարհի հայտարարի, թե Քարվաճառը հայկական չէ:

Ես քառասուն տարվա լրագրող եմ եւ մի պարզ ճշմարտություն գիտեմ՝ բութ մաթեմատիկոս չի լինում: Ավելին ասեմ՝ եթե արդեն մաթեմատիկոս ես, այլեւս ոչ մի շանս չունես բութ լինելու: Հիմա էս Հովիկ Աղազարյանն էլ թարսի պես մաթեմատիկոս է, ու այդ պարագայում չես կարողանում նույնիսկ հռետորական հարց հնչեցնել՝ լավ, Ազգային ժողովի իշխանական պատգամավորն ինչքա՞ն բութ պետք է լինի, որ թշնամուն թողած հայրենիքն առաջինը հայտարարի օտարի հող: