Եւս մի արցախցի պաշտոնյայի դեմ են գործ հարուցել
Արցախի Մարտակերտի ոստիկանության շրջանային բաժնի նախկին պետ Արկադյա Շիրինյանը (մականունը՝ Խալաստոյ), որը նաեւ Արցախի քաղաքաշինության նախարարությունում է բարձր պաշտոն զբաղեցրել, իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Քննչական կոմիտեում գործ է քննվում, որը վերաբերում է տրանսպորտային միջոցների դիմաց վարձակալության վճարումներ չկատարելուն։ Այս գործով անցնում է նաեւ Վանքի գյուղի ղեկավար Անդրեյ Սարգսյանը։ Բանն այն է, որ Շիրինյանը Վանք գյուղից վարձակալությամբ վերցրել է անսարք տեխնիկա՝ տրակտոր, էքսկավատոր, պայմանով, որ դրանք կսարքի, հետո վարձակալության պայմանագիր կկնքեն, իսկ մինչ այդ պարտավորվել է ամսական վճարել 600 հազար դրամ։ Տեխնիկաները, մինչեւ Արցախից բռնի տեղահանումը վերանորոգվել են, օգտագործվել, դրանց դիմաց որոշակի վարձավճարներ են մուծվել, ապա տեղափոխվել են Հայաստան, այստեղ շահագործվել եւ մնացել են իրեն։
Քննչական կոմիտեից մեզ ասացին, որ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակներում նշված տրանսպորտային միջոցներն առգրավվել են։ Նախաքննություն է իրականացվում։ Նշենք, որ Արկադյա Շիրինյանը 2017-ից Հայաստանում «Շիրինշին» ընկերություն է ստեղծել, որի 98 տոկոսի բաժնետերն է։ «Շիրինշին»-ը Սպանդարյանի բազալտի հանքավայրի շահագործողներից է: Նրա որդուն` Մխիթար Շիրինյանին է պատկանում նաեւ Երևանում գրանցված մեկ այլ ընկերություն՝ «Ցիտրուս-Մ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ցիտրուսային մրգերի ու բանանի ներկրմամբ Հայաստան։ Շիրինյանի մյուս որդին՝ Սասունը, Արցախում փայտամշակման գործարան է ունեցել։
Կարծիքներ