Նիկոլ Փաշինյանը զարմանալի թվեր է հրապարակել 

Նիկոլ Փաշինյանը զարմանալի թվեր է հրապարակել 

 Ամենյ նոր եռամսյակ վարչապետը հրճվանքով 100-ական փաստ է բերում: Ընդ որում, այդ բազմահարյուր փաստերը, չգիտես ինչու, վարչապետի ու նրա ընտանիքի, կառավարության անդամների ու նրանց տեղակալների, բարձր ու միջին չինովնիկների կենսամակարդակի, նրանց աշխատավարձի ու պարգեւավճարների վրա են անդրադառնում, բայց ոչ երբեք քաղաքացիների: Եվ որպեսզի ՀՀ կույր ու անզգա քաղաքացիները նկատեն իրենց առօրյայում այդ ցնցող փոփոխությունները, Փաշինյանն ամեն անգամ հատուկ ասուլիս է հրավիրում, բացատրում է, թե ինչ երջանիկ են իրենք: Մինչդեռ նույն կառավարության ներսում մարդիկ զարմանում են վարչապետի հայտնած թվերի առիթով: Մասնավորապես, շաբաթ օրը Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով, Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը եւ 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը: Էկոնոմիկայի նախարարն էլ հունվարի 14-ին, ամփոփելով 2019 թվականը, նշեց, որ սպասում է 7,5 տոկոս աճ։

Մեր տեղեկություններով, այս թիվը տարակուսանք է առաջացրել նախարարների շրջանում: Այսպիսի տվյալ վիճակագրական կոմիտեն չի հրապարակել, եւ հայտնի չէ, թե որտեղից են Փաշինյանը, կամ Տիգրան Խաչատրյանը վերցրել այն: Ամենայն հավանականությամբ, այս թիվն իր մեջ «մեսիջ» է պարունակում՝ ակնարկ, ուղղված վիճկոմի ղեկավար Ստեփան Մնացականյանին, որ ամեն գնով ապահովի դրանք: Վերջինս առավելագույնը կարող է 6 տոկոս ապահովել: Ըստ որոշ գնահատականների, այս տարի ՀՆԱ-ի հավելաճը չի գերազանցելու 4 տոկոսը: 

Նիկոլ Փաշինյանը Կապանում հայտարարեց, որ 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ, իսկ 2020 թ․ հունվարի 1-ի դրությամբ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ: «Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք»: Սա եւս, ըստ գործարարների, ամբողջ ճշմարտությունը չէ: 10 տարի շարունակ տնտեսությունն «ավանսով» փող է հավաքել բիզնեսից:  2019 թվականին կուտակված գերավճարները դեռ հետ չեն տվել: Այս տարի էլ և հենց հիմա գերավճարների կորզումը շարունակվում է: Եթե պարծենում ենք, որ 77 մլրդ դրամ ենք մնում պարտք բիզնեսին, այդ դեպքում ինչո՞ւ ենք նոր պարտք կուտակում: 

Հրճվանքով, որպես աննախադեպ պատմական իրողություն՝ Փաշինյանը ազդարարեց, որ 2019-ի վերջին Հայաստանի միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2 մլրդ 849 մլն դոլար, ինչը 2018-ի համեմատ ավելի է 590 մլն դոլարով, եւ որ 2019-ի ընթացքում Կենտրոնական բանկը դոլար չի վաճառել եւ գնել է 565 մլն դոլար: Ըստ էության, սա նշանակում է, որ ԿԲ-ն փոխել է իր քաղաքականությունը, որը վարում էր 20 տարի, պարբերաբար դոլարային «սրսկումներ» անելով ներքին շուկա եւ արհեստականորեն արժեւորելով դրամը: Այս փոփոխության հետ կապված, որը, անշուշտ, ընդհանուր առմամբ դրական է, մի քանի հարց է առաջանում: 

Ինչո՞ւ է կառավարության ղեկավարը հայտարարություն անում կառավարության հետ կապ չունեցող մարմնի գործողությունների վերաբերյալ: Երկրորդ՝ ինչո՞ւ այդ հայտարարությունը չարեց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, որը, ինչպես հիշում ենք, տարիներ շարունակ դրամի լողացող կուրսի քաղաքականությունն էր իրականացնում ու համարում միակ ճիշտ: Ինչո՞ւ ԿԲ նախագահը հրապարակավ չընդունեց իր սխալը,այլ սուսուփուս, աննկատ փոխեց կուրսը։ 

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մոտ 2008 թվականից պայքարել է տնտեսության զարգացումը խոչընդոտող այս վախվորած գործելակերպի դեմ: «Դուք արգելում էիք տնտեսությունը վարկավորել, դրա շնորհիվ է, որ պահում էիք դրամի կուրսը»,- ասում էր Բագրատյանը Ջավադյանին, ինչը վերջինս հերքում էր, ասելով, որ իրենք դրամի կուրսի պահմանն ուղղված որեւէ գործողություն չեն իրականացրել, որ դրամը արժևորվել է տրանսֆերտների շնորհիվ, իսկ ԿԲ-ն միջամտել է միայն կտրուկ տատանումների ժամանակ:

Նոր կառավարիչների օրոք նույնպես Բագրատյանը զգուշացնում էր, որ դրամի արհեստական արժեւորումն ի վերջո բերելու է տնտեսության կոլապսի: Նոր ու ջահել պատգամավորներից Գեւորգ Պապոյանը նրան անվանել էր դեֆոլտ գուժող տնտեսագետ, իսկ իմքայլականները «լայքում» էին իրենց ընկերոջը: Այսօր հանկարծ պարզվում է՝ ԿԲ-ն հասկացել է, որ Բագրատյանը ճիշտ է, եւ կարող է պարզվել, որ այս 600 մլն դոլարը, որը գնել է ԿԲ-ն, պետք էր ֆինանսական կոլապսից ապահովագրվելու համար: Այն, որ ոչ մի ցենտ ԿԲ-ն չի վաճառել, ըստ Փաշինյանի, «աննախադեպ ցուցանիշ է երրորդ հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է ՀՀ ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությանը»:

Հարց է առաջանում նաեւ, թե ինչի հաշվին է ներքին շուկան բավարարել դոլարի պահանջարկը, եթե ԿԲ-ն դոլար չի վաճառել: 
Ըստ Հրանտ Բագրատյանի, այդ գումարն ապահովվել է ոչ թե տրանսֆերտների միջոցով, որոնց քանակը, մեծ հաշվով, չի փոխվել, եւ որոնց հիմնական մասը Ռուսաստանից է եկել, այլ Ղազախստանի ավտոսիրողներին մեքենաներ վաճառելով:

Այս մասին Բագրատյանը բազմիցս հայտարարել է իր հարցազրույցների ժամանակ: Ինչպես հայտնի է, Հայաստանը 2020 թվականին է տեխռեգլամենտ մտցրել ավտոմեքենաների համար, մինչդեռ Ղազախստանում այն գործում է 2015 թվականից: Ուստի ղազախները, փաստաթղթեր դասավորելով, հայկական համարներով էժան մեքենաներ են գնել Հայաստանում ու տարել Ղազախստան: Ըստ Բագրատյանի, մեր տնտեսությունը մոտ 1,5 մլրդ դոլարի «լեւի» փող է ստացել Ղազախստանի հաշվին, որն էլ ԿԲ-ն գնել է: Բայց ըստ Բագրատյանի, ճիշտ կլիներ, որ ԿԲ-ն ոչ թե 600 մլն դոլար գներ, ամբողջ գումարը՝ 1,5 մլրդ-ի չափով: «Դու «լեւի» փողը մտցրել ես, դրամով կայունացրել ես ապրանքի գները որոշ չափով, բայց դոլարային գներն են աճում: Դրա համար պետք է ամբողջ գումարի չափով ստերիլիզացնեիր»,- ասում է նա:  

Ի դեպ, Հայաստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից էժան ավտոմեքենաներ ներկրելու հարցն արդեն ուսումնասիրում են Ղազախստանի իրավապահներն ու խորհրդարանը, եւ չի բացառվում, որ Հայաստանի առաջ իրավական պարտավորություններ դրվեն: Ղազախստանի նախագահ Քասիմ Տոկաեւը, ինչպես հայտնի է, ասել է, որ պետք է իրավիճակին իրավական գնահատական տալ: