Թոխմախի Մհերին հրավիրել են դատախազություն

Թոխմախի Մհերին հրավիրել են դատախազություն

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը շարունակում է նախկին իշխանության հետ առնչվող անձանց գույքերի վերաբերյալ ուսումնասիրություններ անցկացնել։ Այս անգամ հերթը հասել է "Հանրապետական" կուսակցության նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, որը հայտնի է Թոխմախի Մհեր անունով։

Դեռեւս հայտնի չէ` թե նրան պատկանող կոնկրետ որ գույքերի վերաբերյալ է դատախազությունը ուսումնասիրություն կատարում. Սեդրակյանի հետ չկարողացանք կապ հաստատել, իսկ դատախազությունն այդ մասով դեռեւս լռում է։

Դատախազությունից Սեդրակյանի ուսումնասիրվող գույքի մասով մեզ փոխանցեցին, թե բռնագանձման ենթակա գույքը չի հրապարակվում՝ մինչև դատարանը վարույթ կընդունի բռնագանձման հայցը։ Սեդրակյանին ուղղված ծանուցագրի մեջ դատախազությունը նշել է. «Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»։