«Մոզգը»

«Մոզգը»

Հայեր ջան, ուզում եք՝ ընդունեք, ուզում էք՝ մի ընդունեք, բայց արդեն 4 տարուց ավելի Հայաստանի «մոզգը», այսինքն՝ ուղեղը Նիկոլն է: Իսկ ուղեղի ֆունկցիաները մենք շատ լավ գիտենք: Դա առաջին հերթին մտածողության օրգան է, որի հրահանգներով կարգավորվում են մեր բոլոր գործողություններն ու զգացմունքները: Մենք ուղեղով ենք զգում ցավն ու ուրախությունը, ուղեղով ենք սիրում և ատում, ուղեղով ենք ընկալում հաղթանակն ու պարտությունը: Երբ ուղեղը հոգնում է, մենք քնում ենք: Մենք հիշում ենք ուղեղով, և երբ ուղեղի հիշողության գեգաբայթերը լցվում են տարատեսակ աղբով, ուղեղն ինքնուրույն դատարկում-մաքրում է «քեշը», տեղ ազատում նոր ինֆորմացիայի համար: Ահա այսքան կարևոր օրգան է Նիկոլը Հայաստանի համար: Եվ արդեն 4 տարուց ավելի:

Մինչև 2018 թվականը Հայաստանը 3 «մոզգ» էր փոխել և երեքի ժամանակ էլ մենք ունեինք բոլորովին այլ Հայաստան, որի հետ այնպիսի կատակլիզմներ, ինչպիսիք տեսանք վերջին չորսուկես տարում, տեղի չէինունենում: Մեզ համար ապրում էինք, փառք տալիս Աստծուն, որ մեզ պետականություն է շնորհել և «մոզգ»՝ այդ պետականությունը կառավարելու համար: Եվ Աստված, տեսնելով որ մենք իրենից շատ գոհ ենք, մի պահ զգոնությունը թուլացրեց ու առանց երկար-բարակ մտածելու՝ Նիկոլին դարձրեց «Հայոց մոզգ»:

Արարչի անզգուշության տխուր հետևանքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: Նոր «մոզգն» աշխատում էր բոլորովին այլ տրամաբանությամբ: Փոխանակ ինքը կարգավորեր Հայաստանում և Հայաստանի հետ տեղի ունեցող պրոցեսները, պոցեսներն էին կարգավորում իրեն Այլ խոսքով՝ «մոզգը» սխալ էր աշխատում: Իսկ պրոցեսների գրոհը երբեմն այնպիսի չափերի էր հասնում,  որ նրա ապահովիչներն ուղղակի չէին դիմանում, «քցում էին»: Նման դեպքերում մեր հարևան Շմավոնը՝ մասնագիտությամբ էլեկտրիկ մարդ, ասում էր՝ «մոզգի» մեջ կարճ միացում կա, «զավադսկոյ դեֆեկտ ա», պետք է վերացնել, որ դզվի:

-Էլեկտրիկ մարդ ես, Շմավոն, մի խորհուրդ տուր:
-Գարանտիայի ժամկետը լրացել ա,- ասում է Շմավոնը՝ ձեռքի մեջ շուռումուռ տալով «մոզգը»:
-Դա գիտենք, հետո՞…
Շմավոնը լուռ շարունակում է շուռումուռ տալ «մոզգն» ու մեկ էլ հայտնագործություն արածի պես, թե.
-Վայ ձեր տունը չքանդվի, սա «մոզգ» չի, չինական զիբիլ ա… Կարդա:
-Made in China… Հա ի՞նչ անենք, Շմավոն, հիմա աշխարհում էլեկտրոնիկայի հետ կապված ամեն ինչ չինական ա:
-Չինականի լավուվատն էլ կա, ճիշտ ես ասում, բայց սա էդ դեպքը ի: Ձերը «ադնառազվի» բան ա, չի բացվում, իսկ որ հասկանամ թե ինչն է «կառոտկի» տալիս, պետք է բացվի: Ինչքա՞ն փող եք տվել սրան:
-Փող չենք տվել, ի վերուստ ենք ստացել… Նվեր էլի, այսինքն:
-Հա՞, դե որ ի վերուստ եք նվեր ստացել, ուրեմն գեղեցիկ փաթեթավորեք և ուղարկեք ի վերին Երուսաղեմ: Այնտեղ գուցե նորոգեն: Էլեկտրիկ պապս ասում էր՝ Էդ Երուսաղեմում ոչ միայն «մոզգն» են դզում, այլև կուզը և, առհասարակ, ամեն ինչ:

Հ.Գ. Երևի պետք է հենց Շմավոնի ասածով էլ անենք, բայց մինչ փչացած «մոզգը» մեր պետականությունից անջատելը, պետք է Աստծուն մուննաթախառը մի նամակ գրել, թե այ ախպեր, էս ի՞նչ էիր ուղարկել «մոզգի» տեղ: Մեզ նոր «մոզգ» ա պետք, բայց ուղարկելուց առաջ մի հատ միացրու, փորձարկիր հետո, թե չէ ինչ ձեռքդ է ընկնում՝ «մոզգի» տեղ դայաղ ես անում, որ ի՞նչ անես::