Լրագրողն ինքն իրեն պաշտպանելու համար կարող է տարբեր միջոցների դիմել. Araratnews.am կայքի խմբագիր

Լրագրողն ինքն իրեն պաշտպանելու համար կարող է տարբեր միջոցների դիմել. Araratnews.am կայքի խմբագիր

Araratnews.am կայքի լրագրող Նանե Իսրայելյանը այսօր ընդհարվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հետ: Պատգամավորը հայտարարեց, որ լրագրողը շշով ջուրը շփել է իր վրա եւ տեսանյութ տեղադրեց: Լրագրող Նանե Իսրայելյանը վերջերս է սկսել աշխատել կայքում եւ անմիջապես աչքի է ընկել` ընդդիմության հանդեպ նեգատիվ վերաբերմունքով, որն արտահայտվում է նրանով, որ քաղաքական, հանրային գործիչներին ուղղում է հարցեր, որոնք, ըստ էության, պատասխաններ չեն ենթադրում` հռետորական հարցադրումներ են, մեղադրանքներ, քննադատություն: Սոցցանցերում սկսել են նկատել այս պահվածքը եւ հետաքրքրվում են, թե սա լրագրողի անհատական գործելաճո՞վ է պայմանավորված, թե՞ Araratnews.am կայքի խմբագրական քաղաքականությունն է: Ի դեպ, կայքը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին:

Կայքի խմբագիր Հարություն Մկրտչյանը մեզ վստահեցրեց, որ իրականությունը լրիվ այլ է: Նա ասաց. «Լրագրողը մոտեցել է, որպեսզի մեկնաբանություն ստանա, էնտեղ հավաքված մարդիկ սկսել են գոռալ` թուրք, դավաճան և այլն, դրանից հետո Ագնեսա Խամոյանը սկսում է լրագրողին հասցեին անձնական վիրավորանքներ հնչեցնել, որից հետո լրագրողի նյարդերը տեղի են տալիս, եկեք այսքանով բավարարվենք»:

- Իսկ տեսանյութ կա՞:

- Տեսանյութը շուտով կլինի:

- Բայց նորմա՞լ եք համարում, որ լրագրողն, անկախ ամեն ինչից, ջուր է լցնում պատգամավորի վրա:

- Եկեք այսքանով բավարարվենք... Դուք լրագրող եք, երբ ինչ-որ մեկը Ձեր հանդեպ էլ նման կերպ վարվի....

- Իմ հանդեպ գուցե ավելի վատ բաներ են արել, բայց ես ջուր չեմ լցրել:

- Դուք ուրիշ բան եք արել, մեկ ուրիշն էլ ջուր է շփում: Երբ մարդուն կազմակերպված կերպով վիրավորանքներ են հասցնում, ասում են` թուրք, դավաճան և անձնական այլ բաներ, մարդու նյարդերը տեղի են տալիս: Չի կարելի մարդուն որևէ անձնական վիրավորանք հասցնել, կապ չունի նա պատգամավոր է, ոստիկան, թե լրագրող: Երբ դու մարդուն կազմակերպված խմբի կողմից, ասում ես` թուրք և դավաճան: Դուք լինելով լրագրող, կարծում եմ` պետք է պաշտպանեք լրագրողների իրավունքները: Մեր լրատվամիջոցը երբեք որևէ լրատվամիջոցի մասին որևէ տառ անգամ վատ բան չի գրել:

- Լավ կամ վատ բան գրելու խնդիր բացարձակապես չկա....

- Մեր լրատվամիջոցը միշտ պաշտպանել է լրագրողական սոլիդարությունը...Մեր լրատվամիջոցը կյանքում չի անդրադարձել «Հրապարակ» օրաթերթին, անկախ նրանից, թե ես որպես լրատվամիջոցի ղեկավար, ինչ անձնական համակրանք կամ հակակրանք ունեմ: Մենք միշտ ու բոլոր դեպքերում պահպանել ենք լրագրողական սոլիդարությունը: Եթե լրագրողական սոլիդարությունը խախտում ենք, ապա սկսողը մենք չենք: Գուցե այդ պատգամավորուհուն և մյուսներին հարցնեք, թե ինչու եք մեր գործընկերոջն անվանում թուրք:

- Լրագրող Նանե Իսրայելյանն ընդդիմադիրներին ուղղում է հարցեր, որոնք չեն ենթադրում պատասխաներ: Սա ոմանք դիտարկում են որպես սադրանք:

- Խոսքը ֆիզիկական բռնության մասին չէ, խոսքը` խոսքի բռնության մասին է: Այս ամենը սկսվել է այն ժամանակ, երբ լրագրողը մոտեցել է Ռոբերտ Քոչարյանին և ասել. ժողովուրդն ասում է` դուք թուրք եք:

- Բայց կարելի՞ է արդյոք խոսել ժողովրդի անունից:

- Ես չեմ ասում դա ճիշտ է, կամ սխալ, ես ասում եմ այն, ինչ ասել են ՀՀ քաղաքացիները հարցումների ժամանակ: Ես փոխանցում եմ այն, ինչ հարցումների ժամանակ ասում են:

- Իսկ այդ հարցերը լրագրողն ի՞նքն է որոշում, թե՞ Դուք կամ գուցե լրատվամիջոցի սեփականատերը:

- Սեփականատերը ոչ մի կապ չունի: Լրատվամիջոցի աշխատանքները ղեկավարում եմ ես: Սեփականատերը ոչ մի առնչություն չունի և ոչ մի անգամ չի խառնվել քաղաքականության հետ: Սա` մեկ: Երկրորդ` եթե մարդուն հարց եք տալիս, Դուք որպես լրագրող տեսել եք չէ՞, թե ինչպիսի հարցեր են տալիս մյուս քաղաքական գործիչներին, օրինակ, հենց վարչապետին, նույն Ագնեսա Խամոյանը և շատ մարդիկ վիրավորանքներ են հասցրել: Հիմա եթե Ռոբերտ Քոչարյանին ասում է լրագրողը, որ ժողովուրդը ձեզ այսպես է ասում, ոչ միայն մեր լրատվամիջոցի, այլև շատ այլ լրատվամիջոցներին տված հարցազրույցներում, հասարակության անդամները նման բաներ են ասում: Եթե այդ ամենից հետո լրագրողի հանդեպ սկսում են բռնություններ, հնչեցնել, սպառնալիքներ, թե` քեզ սպանելու ենք, քեզ դատելու ենք, տականք, թուրք, պոռնիկ, եթե սրանից հետո լրագրողի իրավունքները ոչ ոք չի պաշտպանում... Հայաստանում լրագրողների իրավունքները պաշտպանված չեն, ինչպես շատ այլ տեղերում, լրագրողն ինքն իրեն պաշտպանելու համար կարող է տարբեր միջոցների դիմել: Դուք ասում եք ջուրը շփեց, բայց չեք ասում թե ինչ եղավ ջուրը շփելուց առաջ:

- Բայց նրան ուղղված վիրավորանքները չկան, տեսանյութ չկա:

- Կլինի երեկոյան: Հիմա լրագրողն աշխատանքի մեջ է, օպերատորը կգա: Երբ մարդուն, կապ չունի մասնագիտությունը, հրահրում են, նա խփում է, բոլորն ասում են` տեսա, խփեց, բայց չեն ասում` ինչ է եղել դրանից առաջ: Ես դեմ բռնությանը և գտնում եմ, որ պետք է պահպանել լրագրողական սոլիդարությունը: