Դատախազության համար Սյունիքը՝ հեչ, կարևորը իրենց նկարած «թիթեռներն են»

Դատախազության համար Սյունիքը՝ հեչ, կարևորը իրենց նկարած «թիթեռներն են»

ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր «շատ կարևոր» ինֆորմացիա պարունակող հաղորդագրություն է տարածել՝ առաջիկա ընտրությունների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Սա թերևս հանրությանն ամենաշատ հուզող հարցն էր, թե երբ է ստեղծվելու այս աշխատանքային խումբը։ Ու մարդիկ, հանրությունը, ժողովուրդը հաստատ առավոտից սրտատրոփ հենց այս ավետմանն էր սպասում։ Եվ սա այն դեպքում, որ առավոտից Սյունիքում լարված իրավիճակ է, մեր «բարեկամ» թշնամիները, առանց «դուռը թակելու», հատել են ՀՀ պետական սահմանն ու եկել տնավորվել մեր հողում։ Ու թվում էր, թե հայրենի դատախազությունը պետք է ժամ առաջ հաղորդագրություն տարածեր սահմանն ապօրինի հատելու դեպքերի հետ կապված եւ անմիջապես քրեական գործ հարուցեր ու քննություն սկսեչ, բայց նստած թիթեռ է նկարում՝ նախապատրաստվելով ընտրություններին։

Մի բան պարզ է, որ իրավապահ մարմինները՝ գործադիր իշխանությունից ու Նիկոլ Փաշինյանից ոչ պակաս սպասում են ընտրություններին, զբաղված են դրանցով եւ փափագում են, որ հանկարծ երկրում իշխանություն չփոխվի։ Եւ դրա առաջին ջատագովը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է, որի ճակատագիրը՝ իշխանափոխությունից հետո, շատ մշուշոտ է։ Եւ բնական է, որ նրանք այսօր ամենից շատ հետաքրքրված են ընտրությունների ելքով եւ հայտարարում են․ «Աշխատանքների արդյունավետությունն ապահովելու նպատակով առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազությունում կգործարկվի թեժ գիծ՝ ընտրություններում ներգրավված սուբյեկտների ահազանգերին արագ և արդյունավետ արձագանքելու նպատակով, որի մասին կիրազեկվի լրացուցիչ»։

Ուղղակի մեկը պետք է գլխի գցի դատախազին ու իր կառույցին, որ եթե թշնամին գրավեց Սյունիքը, մտավ մեր երկիր ու պետական անվտանգությունը վերջնականապես խաթարվեց՝ ոչ ընտրությունը կփրկի մեզ, ոչ էլ այդ ընտրություններում որեւէ մեկի հաղթանակը կպաշտպանի մեզ։ Այդ ամենը կդառնա միանգամայն անիմաստ ու անկարեւոր։